Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԱՏ Է՞ ԱՆՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՍ ՔԽ-Ը»

Հոկտեմբեր 16,1998 00:00
hrant xachatryan

Չգիտես ինչու՝ նախագահին առընթեր Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանը երեկ իր ճեպազրույցի ավարտին այս տխուր հարցը տվեց լրագրողներին։ Երեկ տեղի ունեցած Քաղաքական խորհրդի հերթական նիստից հետո Հրանտ Խաչատրյանը նաեւ մի հետաքրքիր եզրակացություն էր արել։ Եզրակացության մեխն այն է, որ «հասարակության որոշ շերտերի մոտ ՔԽ-ից սպասելիքները շատ են։ Բայց կան նաեւ հասարակության շերտեր, որոնք ՔԽ-ից որեւէ սպասելիք չունեն»։ Այս երկու եւ իրարամերժ կարծիքներ ունեցող շերտերը, սակայն, ավելի են պարտավորեցնում ՔԽ-ին։ Հավանաբար երկրորդ շերտում են ԱԺՄ եւ Կոմունիստական կուսակցությունները, որոնց ղեկավարների հետ հանդիպել են ՔԽ-ի ղեկավարները (դեռեւս չեզոք է Ժողովրդական կուսակցության շերտավորման հարցը)։

Հանդիպելով ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, ՔԽ-ը ճշտել է, որ որեւէ էական փոփոխություն պրն Մանուկյանը չի դրսեւորում։ Նրա կարծիքը, թե ՔԽ-ի ստեղծումը տրամաբանական չէ, քանի որ հանրապետության կառավարման որեւէ լուրջ լծակ չունի, որ ՔԽ-ն ի վիճակի չի լինելու ձեւավորել ընդհանրացված տեսակետ, տալ նախորդ շրջանի ճիշտ գնահատականը եւ եզրակացություններ անել Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու վերաբերյալ, նույնն է մնացել։ ԱԺՄ նախագահը կարծիք է արտահայտել նաեւ, թե «ՔԽ-ը այս իշխանությունների բացասական գործունեության շիրմայի է վերածվելու»։ Այսքանն ասելուց հետո, պրն Մանուկյանը լուծման որեւէ եղանակ չի առաջարկել։

Սերգեյ Բադալյանի հետ գործը մի փոքր դժվար է եղել։ Վերջինս հայտնել է, որ իրենք երբեք չեն այրելու կամուրջները Հայաստանում գործող որեւէ կուսակցության հետ, այդ թվում՝ նաեւ ՀՀ իշխանությունների հետ։ Նման փորձ, Կոմկուսն ունի դեռեւս ՀՀՇ-ի հետ ընդհանուր եզրեր գտնելու անհաջող փորձերից։ ՔԽ-ի հետ Կոմկուսը որեւէ հեռանկարներ չի կապում եւ կարծում է, որ իր մասնակցությունն իրեն կզրկի անհաշտ ընդդիմություն լինելու հնարավորությունից։ Թերեւս միայն այս երկու կուսակցությունները չէ, որ անհաշտ դիրքորոշում ունեն։ Ըստ պարոն Խաչատրյանի՝ ՔԽ նիստերում իրենք ստիպված են լինում հաղթահարել «որոշ իներցիաներ»։ Մասնավորապես՝ միջ եւ ներկուսակցական, կուսակցություններ-նախագահ եւ (որ ամենահետաքրքիրն է- Լ. Ա.) կուսակցություններ-արտաքին աշխարհ։ Հատուկ շեշտ է դրվում կուսակցություններ-նախագահ հարաբերությունների վերակառուցմանը։

Հասարակության այն կարծիքը, թե ՔԽ-ում մասնակցությունը հավասարազոր է նախագահի կողքին կանգնելուն եւ նրա ցանկացած քայլն արդարացնելուն, որոշ չափով բարդույթավորել է նաեւ ՔԽ-ին։ «Մենք փորձում ենք հաստատել, որ խորհրդատվական մարմինն ազատ է իր որոշումների մեջ, ինքներս ենք փորձում ազատվել այն մտքից, թե սկզբունքային դիրքորոշումները պետք է ազատ լինեն իշխանությունների կարծիքից»,- ասաց պրն Խաչատրյանը։ Իսկ ՔԽ-ի երեկվա նիստում քննարկվել են ազգային գաղափարախոսության, անվտանգության հայեցակարգերը, օրախնդիր այնպիսի հարց, որպիսին ԱԺ-ի մթնոլորտը, նախագահին ներկայացվող բողոքներն ու պահանջները։ Քննարկման է դրվել նաեւ ՍԻՄ-ի կողմից առաջարկված հարցը՝ Բաքվի համաձայնագրին Հայաստանի մասնակցությունը Հայաստանի օրենսդրությանը համապատասխանեցնելու մասին։ Նախատեսված է այս ամիս արդեն ՔԽ-ում սկսել սուր հարցերի քննարկումներ, ուր դիրքորոշումները նույնիսկ կարող են բախվել եւ դառնալ անհաղթահարելի։ Նախորդ շրջանում արված ալան-թալանի գնահատականն, ըստ ՀՀ նախագահի, պետք է տար ՔԽ-ը։

«Հասարակությունն այդ գնահատականը սպասում է ոչ միայն ՔԽ-ից, այլեւ հանրապետության նախագահից,- ասաց պրն Խաչատրյանը։- Ընդունել ենք նախագծեր՝ սկսած «Նախորդ ռեժիմի հանցագործությունների գնահատականը» վերնագրից։ Այստեղ կարեւորն այն է, որ բոլոր կազմակերպությունները տան իրենց հիմնավոր եւ օբյեկտիվ գնահատականը։ … Եթե երաշխիքները լինեն այնքան, որ անցյալից եկած բեռը չի խանգարելու առաջընթացին, գուցե թե հարցն այս խորությամբ լինի քննարկման ենթակա»։ Նախագահի հետ այս հարցը դեռ չի քննարկվել, քանի որ ՔԽ-ը դեռեւս չունի համաձայնեցված կարծիք։ Սակայն պրն Քոչարյանը համաձայն է լինելու ՔԽ-ի ներկայացրած ցանկացած գնահատականը կարդալուն։ Ինչ վերաբերում է ՔԽ-ի գործադիր քարտուղար պրն Խաչատրյանի «կառավարման» ժամկետներին, ապա նա ընտրված է 3 ամսով՝ վերընտրվելու իրավունքով։ Չընտրվելու հեռանկարի դեպքում արդեն պետք է հայտնի լինի նոր քարտուղարի անունը։

Իսկ այն հարցին, թե արդյոք ՔԽ-ը չի՞ գալիս համալրելու ԱԺ-ին՝ ուժերի հարաբերակցությամբ, պրն Խաչատրյանը պատասխանեց, որ ՔԽ-ը չի կարող փոխարինել օրենքներ ընդունելու իրավասություններ ունեցող ԱԺ-ին։ Իսկ ԱԺ-ն, հատկապես այս կազմով, չի կարող փոխարինել ՔԽ-ին, որն ունի վերլուծելու հնարավորություններ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031