Ճի՞շտ է արդյոք ԱԺ նախագահի խորհրդական Վահագն Մկրտչյանի ասուլիսում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը զայրացած են «Հայլուր» լրատվական ծրագրի պահվածքից:
Այս հարցով «Առավոտը» դիմեց ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ: Մեզ պատասխանեցին, որ ո՛չ նախագահը, ո՛չ էլ նախագահի աշխատակազմի ղեկավարն իրենց տեսակետներն արտահայտելու համար լրացուցիչ խոսնակների կարիքը չունեն:
ՈՉ՝ ՆԱՏՕ-ԻՆ, ԱՅՈ՝ ԲԵԼԱՌՈՒՍԻՆ
Կոմունիստների առաջնորդ Սերգեյ Բադալյանը քննադատության է ենթարկել արտաքին քաղաքականության մեջ նկատվող փոփոխությունները։ Նրա կարծիքով, Ռուսաստան-Բելառուս միությանը միանալու հարցը քննարկելու փոխարեն արծարծվում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու խնդիրը, որի անդամ երկիր Թուրքիան ռմբակոծում է մեր դաշնակից Սիրիայի տարածքը եւ որի կամքով հարվածներ են հասցվում մեր բարեկամ սերբերին։
Կարդացեք նաև
ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐՎԱ ՈՒՐՎԱԿԱՆԸ
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռուզան Խաչատրյանի հարցին, թե արդյոք «Բարեփոխումները» քաղաքական խանդի զգացողություն չունի՞, որ իրենց ու «Երկրապահին» միաժամանակյա շնորհակալություն հայտնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը միայն վերջիններիս հանդիպեց՝ «Բարեփոխումներ» խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է, որ առաջներում առաջին գիշերվա իրավունքը վերապահված էր ՀՀՇ-ին, հիմա պարզ չէ՝ ունի՞ նման հակումներ «Երկրապահը», թե՞ ոչ, սակայն «Բարեփոխումները» այդպիսի նախընտրություն չի դրսեւորում։