Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԿԱՆՑ ԴՈՒՐՍ ՇՊՐՏԵԼՈՎ ՀԻՄՆԱՐԿ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոկտեմբեր 15,1998 00:00
lucarum

Կոմիտասի այգու վերջնամասում է գտնվում Մշակույթի աշխատողների կադրերի վերապատրաստման եւ ուսուցման կենտրոնը, որը ստեղծվել է դեռեւս Հայկական ՍՍՀ մինիստրների խորհրդի 1971 թ. թիվ 143 որոշմամբ, որպես մշակույթի աշխատողների որակավորման բարձրացման մշտապես գործող դասընթացներ։ Սովետական օրերից մնացած փոշեծածկ երկհարկանի շենք է, որի առաջին հարկի մի հատվածում տեղակայված է վերոհիշյալ կենտրոնը, իսկ երկրորդում՝ Մշակույթի նախարարության գիտամեթոդական կենտրոնը։ Առաջին տպավորությամբ այդ կառույցը անտարբերության մատնված եւ լքված առանձնատուն է հիշեցնում…

Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ռոլանդ Շառոյանը 31.08.98 թ. հրաման է արձակել՝ կադրերի վերապատրաստման եւ ուսուցման կենտրոնը լուծարելու մասին։ Այն է՝ «Հաշվի առնելով հանրապետությունում իրականացվող բյուջետային բարեփոխումների գործընթացը, ինչպես նաեւ պետական բյուջեի կրճատման անհրաժեշտությունը, եւ հիմք ընդունելով 1998 թ. օգոստոսի 28-ի հ. 467 հրամանը ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության կադրերի վերապատրաստման կենտրոնի լուծարման մասին»։ Եվ պրն Շառոյանը հրամայում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36 հոդվածի 1 կետով, նախարարության կադրերի վերապատրաստման կենտրոնի աշխատակիցներին գրավոր նախազգուշացնել 1998 թ. սեպտեմբերի 1-ից կենտրոնի լուծարման, աշխատանքից ազատման մասին։ Հրամանը բավական կիրթ է հնչում, սակայն հանդիպելով կենտրոնի տնօրեն Ռուզան Կարապետյանի հետ, բոլորովին այլ մանրամասներ բացվեցին։

1996 թ. Ռ. Կարապետյանն աշխատում է կենտրոնում։ Ասաց, որ մինչ կենտրոնում աշխատելը՝ «բավական լուրջ աշխատանքներ եմ կատարել, ակտիվ քաղաքական գործունեություն եմ տարել»։ Մասնագիտությամբ հոգեբան է. «…Կոմունիստական հասարակարգի ժամանակ մանկապարտեզի վարիչ եմ եղել, ասպիրանտուրայում եմ սովորել, դասախոսություն եմ կարդացել»։ Այս աշխատանքին անցնելու մասին պատմելիս, Ռ. Կարապետյանը պատմեց իր եղբայրների՝ Սպիտակի Լեռնավան գյուղում սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին 1996 թ. կառուցելու մասին։ Եկեղեցու բացման եւ օծման արարողությունից հետո Ստեփան Լուսիկյանը (որ մշակույթի փոխնախարարն էր երաժշտարվեստի գծով) հրավիրել է Ռ. Կարապետյանին՝ այդ բնագավառում աշխատելու։

-Երբ ես եկա, ծանոթացա հիմնարկին եւ տեղանքին, տեսա, որ այդտեղ նստել հնարավոր չէ։ Զուգարան եւ ջուր չկա՝ յուրաքանչյուր մարդու կենսական առաջին պայմանները։ Զուգարանը կողքի հիմնարկի տնօրենը (Տիգրան Հակոբյանը) վաճառել է, եւ տեղը ավտոտնակներ են կառուցվել։ Խնդրեցի նախարարությունում նստելու սենյակ հատկացնել, եւ հատկացրին։ Հետո մենք որոշեցինք հիմնարկը վերափոխել եւ անվանափոխել. մշտական գործող դասընթացները փոխվեցին եւ դարձավ կադրերի վերապատրաստման եւ ուսուցման կենտրոն։ Պետք է բարեգործական ֆոնդ բացեինք, որի գումարներով պետք է հովանավորեինք տաղանդավոր այն ուսանողներին, որոնք սովորելու միջոցներ չունեն։

Մինչ այդ, հիմնարկում գործող տպարան է եղել։ Ասացին՝ այդ տպարանը պետք է աշխատեցնեք, որպեսզի լինի մի արտադրություն, որի շահույթով կարողանայինք ուսանողներին հովանավորել՝ ուսման վարձով ու արտասահման սովորելու ուղարկելով։ …Բայց այդ ամենը ձախողվեց, հիմնարկը մնաց նույն կարգավիճակում, վերապատրաստման աշխատանքներն էին միայն կազմակերպում։ (Ռ. Կարապետյանն իր անձնական գումարներով հովանավորել է կոնսերվատորիայի մի ուսանողուհու)։ Պարոն Շառոյանը որ եկավ, մեր կանոնադրությունը պիտի փոխեինք։ Մոտեցա պրն Շառոյանին՝ կանոնադրությունը հաստատելու համար։ Չծանոթանալով կանոնադրությանը, նա մերժեց՝ բացատրելով, որ «ես ուզում եմ ձեր հիմնարկը լուծարել»։

Ուզում էի բացատրել, բայց չէր լսում, ասում էր՝ «ժամանակ չունեմ»։ Մեր այդ խոսակցությունը տեւեց մոտ 40 րոպե։ Խոսում էինք այլ բաներից, բայց հիմնարկի մասին լսելու ժամանակ չուներ։ Մի օր էլ նախարարությունից թեւիցս բռնեցին ու դուրս շպրտեցին։ Ինձ թվաց, թե գտնվում եմ մի թշնամական միջավայրում։ Վրդովմունքս չգիտեմ ինչպես արտահայտեմ։ Նախարարին խնդրում էի լսել ինձ, բայց հեռախոսի հետ խաղալով ասում էր՝ «Ես վարչապետի հետ եմ խոսում»։ Քաջ գիտակցում եմ, որ եթե նախարար է աշխատում, հետեւաբար վարչապետի հետ է խոսելու, եւ դա ինձ չի շլացնում եւ չի զարմացնում։ Չի լսում, ասում է՝ «թող կաբինետը եւ գնա»։

Ստեփան Դավթյանը պահանջել է՝ կամ ինքը պիտի մնա նախարարությունում, կամ ես։ Ստեփան Դավթյանին ընդհանրապես չգիտեմ։ Առաջին անգամ տեսել եմ, ու իրար լավ ենք վերաբերվել։ Երկրորդ, երրորդ անգամներն արդեն ինձ հետ թշնամացած էր։ Չգիտեմ՝ ինչո՞ւ։ Իմ վատ արարքը չեմ տեսնում։ Երբ որ ես իմ ամբողջ կյանքում 30-ից ավելի ընտրությունների եմ աջակցել, պետության ձեւավորման ու կառուցման գործին ներդրել եմ ամեն ինչ… Ուրիշ տեսանկյունից եմ ես նայում կյանքին, իմ վերաբերմունքն ուրիշ է, բայց հանկարծ պետական այրերն աթոռի են նստում ու զարմացած իրենց հղփացած ոճով այնպես են ինձ վերաբերվում, որ նման բան չեմ տեսել իմ կյանքի ընթացքում։ Հիմնարկը լուծարում են առանց հարցի մեջ խորանալու։

Նույն շենքի հարեւան հիմնարկությունը Ժողովրդական ստեղծագործության եւ ազգագրության կենտրոնն է (նախկինում կոչվել է Կուլտլուս աշխատանքի եւ ժողովրդական ստեղծագործության գիտամեթոդական կենտրոն), որի տնօրենն արդեն 10-12 տարի Տիգրան Հակոբյանն է։ Կադրերի վերապատրաստման եւ ուսուցման կենտրոնի աշխատակիցներն ասացին, թե Տ. Հակոբյանը Ռ. Շառոյանի հին ընկերն է, որը մի քանի խանութներ ունի (այդ թվում՝ «Նորք» գրատունը), զբաղվել է փայտի փորագրությամբ՝ «չիգանկաների» գծով։ Պատմեցին, որ Տ. Հակոբյանն իր տնօրինած հիմնարկի մի հատվածը վարձակալության է տվել էլցանցերից մեկին (եւ որ ժամանակ առ ժամանակ կենտրոնի սենյակներից էին օգտվում ժողովներ անցկացնելիս), իսկ երկու հիմնարկների ընդհանուր կաթսայատանը, որն այլեւս չի գործում, ժավելի արտադրություն էին նախաձեռնել։ Ի դեպ, Ռ. Շառոյանի վերոհիշյալ հրամանում նաեւ ասվում է, որ կադրերի վերապատրաստման եւ ուսուցման կենտրոնի գույքը լուծարումից հետո պետք է հանձնվի Տ. Հակոբյանի ղեկավարած հիմնարկությանը։

Ռուզան Կարապետյանը ՀՀՇ կուսակցության անդամ է եւ իր կարծիքով նախարարության՝ կենտրոնի նկատմամբ այդ վերաբերմունքն առաջին հերթին իր դեմ է ուղղված եւ ափսոսում է, որ մշակույթի բնագավառի 14 հազար աշխատողներին զրկում են վերապատրաստվելու իրավունքից. «Ես ինքնակամ կարող եմ դուրս գալ կենտրոնից, միայն թե կենտրոնը չլուծարվի»,- ասում է նա։ Կենտրոնը 150 քմ տարածք է զբաղեցնում, տարեկան բյուջեն կազմում է 1,5 մլն դրամ։

Տնօրենի եւ աշխատողների ասելով, կենտրոնը վերջին տարում շուրջ 800 կադր է նախապատրաստել եւ լավագույն մասնագետներ, 50 դրամ ժամավճարով, հաճույքով դասախոսություններ էին կարդում մշակույթի տարբեր բնագավառների թեմաներով։ Ռ. Կարապետյանը նշեց նաեւ, որ հարեւան հիմնարկը (Տ. Հակոբյանի ղեկավարած) իրենցից ավելի շատ հաստիքներ ունի՝ 35, եւ բոլորովին էլ չի գործում, իսկ մինչ օրս իրենց դիմում են տարբեր հաստատություններից՝ կադրեր վերապատրաստելու խնդրանքով։ Սովետական ժամանակների մնացորդ այդպիսի կիսագործ հիմնարկություններ, իհարկե, դեռ շատ կան ու կլինեն։ Մի մասը հին իներցիայով գուցե կգործի, մյուս մասը կսկսի հիմքից փլվել, քայքայվել…

Կենտրոն գնալիս մտածում էի՝ ո՞ւմ, ի՞նչ կամ ինչպե՞ս են վերապատրաստում… Անտարբերության մեջ կորած շենք՝ հին ու սովետական լոզունգներով («Ո՛չ ալկոհոլին եւ հարբեցողությանը») զարդարված անշուք միջանցք ու լսարաններ՝ մաշված, բայց մի կերպ պահպանված… Հին համակարգերը, մեխանիզմները վաղուց արդեն չեն գործում, հետեւաբար՝ կամ պետք է նոր ծրագրեր մշակեն, կամ քանդեն, կամ շենքը վաճառեն, կամ էլ փակ բաժնետիրական դարձնել։ Նայած թե ով, որ նախարարը ինչը կգերադասի։ Մեր օրերում շատ քչերն են (ավելի ճիշտ՝ ոչ ոք) պաշտոն կամ աշխատանք ստանալուց առաջ վերապատրաստվում, չհաշված ավարտած բուհը։ Այ, եթե նախարարներ, նախագահներ, գյուղապետ-թաղապետներ, մարզպետներ վերապատրաստեին, կենտրոնը ժամանակակից շունչ եւ մեծ կարեւորություն կստանար…

Այդ կենտրոնի գործունեության լավ կողմն այն էր, որ, ի տարբերություն մշակույթի նախարարության, որն աշխատում է համարյա միայն Երեւանի սահմաններում, ուշադրություն է դարձնում հանրապետության մարզերին։ Զանգահարեցի Ռոլանդ Շառոյանին, որն այդ կենտրոնի լուծարման մասին ասաց. «Պետական բյուջեն կրծող նմանատիպ կույրաղիքներից պետք է ազատվենք, որովհետեւ հայտնի չէ, թե դրանք ում եւ ինչ են սովորեցրել 70 տարի, եւ ինչ են սովորեցնելու», ավելացնելով, որ դա արդեն իսկ չգործող կառույց է, իսկ կենտրոնի աշխատակիցների այն հայտարարության մասին, թե Ռոլանդ Շառոյանը Տիգրան Հակոբյանի ընկերն է եւ այդ պատճառով է նրա հիմնարկությանն առավելություն տալիս, նախարարն ասաց. «…Հա՛, իմ ընկերն է, ո՞վ իմ ընկերը չէ՝ Վանոն էլ է իմ ընկերը, Արամ Աբրահամյանն էլ, դու էլ…»։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031