«Արմենիա 2-ում» երեկվանից սկսվեց երեւանյան երրորդ միջազգային սեմինարը «Սահմանադրական զարգացումը Կովկասի պետություններում. իշխանությունների տարանջատում» թեմայի շրջանակներում։ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը ներկայացրեց մայրաքաղաք ժամանած հյուրերի կազմը՝ Վենետիկի հանձնաժողովի քարտուղարության վարչակազմի ղեկավար Պիեռ Գարրո, Համեմատական Սահմանադրական իրավունքի կենտրոնի տնօրեն, Մոնպիելեի համալսարանի պրոֆեսոր Դոմինիկ Ռուսո, Հարավսլավիայի, Մոլդովայի ՍԴ նախագահներ, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Լիտվայի ՍԴ անդամներ, Ռուսաստանի ՍԴ նախագահի խորհրդական (Լ. Կարապետյան)…
Հայկական «կողմը» ներկայացնում էին ՍԴ անդամներ, ԱԺ նախագահ Խ. Հարությունյանը, ՀՀ նախագահի խորհրդական Պ. Հայրիկյանը, արդարադատության փոխնախարար Հովհ. Մանուկյանը (էլ չենք նշում ազգիս գիտնականներին եւ քաղաքական գործիչներին – Ռ. Մ.)։ Վենետիկի հանձնաժողովի քարտուղարության վարչակազմի ղեկավար պրն Գարրոն ասաց, որ Հայաստանին առնչվել է նախ Էջմիածնում լինելով։ Ցանկությունը մեկն է, որ Հայաստանը դառնա Եվրոպական միության լիիրավ անդամ։ Նրա կարծիքով, Վենետիկի հանձնաժողովը բաց հարթակ է, սահմանադրական իրավունքի եւ ժողովրդավարական մշակույթի ձեւավորման- հաղորդակցման համար եւ որ այսպիսի հավաքներում կարեւորվում է, առհասարակ, ՍԴ-ների դերի ճշտման հարցը իշխանությունների տարանջատման սկզբունքը կիրառելիս։
Ապավինելով 18-րդ դարի լուսավորիչ Մոնթեսքիոյին, նա մասնավորապես ասաց, որ իշխանության երեք ճյուղերի տարանջատումը քաոսի եւ անիշխանության կանխման երաշխիքն է։ Առհասարակ, Մոնթեսքիոն դասական հնչեղություն ստացավ ողջ սեմինարի ընթացքում։ Համեմատական Սահմանադրական իրավունքի մասնագետ (համեմատական լեզվաբանություն լսել էինք, բայց նույնպիսի իրավունք չէ – Ռ. Մ.) Դոմինիկ Ռուսոն, լուսավորչին համարելով իշխանության տարանջատման հիմնադիր-հայրը, իր հերթին վերարտասանեց հոր խոսքերն այսպես. «Գլխավորը ոչ թե մեխանիկական տարանջատումն է, այլ 3 ճյուղերի փոխադարձ համագործակցությունը, տարանջատ, միմյանց հակակշիռ եւ հավասարակշռված պայմաններում»։
Ավելի դիպուկ նկատեց Ղազախստանի սահմանադրական խորհրդի անդամը. «Ամեն մի իշխանություն պետք է կանգնած լինի իր չորս ոտքերի վրա եւ լինի անկախ»։ Նախագահի խորհրդական պրն Հայրիկյանի կարծիքով էլ, մենք կարող ենք խոսել իշխանության 3 ճյուղերի անկախության մասին այն դեպքում, երբ այն ձեւավորվում է առանց միջնորդության։ ՍԴ խորհրդական, ի. գ. դ. Արմեն Հարությունյանի «Իշխանությունների տարանջատման տեսությունը եւ դրա իրականացումը Հայաստանում» զեկուցումից հետո մեր հյուրերի՝ գլխավորապես Ռուսոյի կարծիքով Հայաստանում կիրառվում է ֆրանսիական մոդելը, ըստ որի հանրապետության նախագահը ինքն է նշանակում եւ ազատում վարչապետին, վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է կառավարության անդամներին։
Կարդացեք նաև
Մոնպիելեի համալսարանի պրոֆեսորի համար ծիծաղելի է եւ քննադատելի «կիսանախագահական ռեժիմը», երբ ժողովրդի ձայներով ընտրված նախագահը հաշվետու է խորհրդարանին։ Սա պատասխանն էր նրանց, ովքեր կողմ կամ թեր-դեմ էին «խորհրդարանական» կամ «նախագահական ռեժիմին»։ Առանձին քննարկման առարկա դարձավ բազմակուսակցական համակարգի, ընտրական վեճերի, խորհրդարանական մեծամասնության եւ նախագահական քվեների, զարգացած, զարգացող, զարգանալիք (սրա մեջ ենք մենք – Ռ. Մ.) պետությունների համատեքստում ՍԴ դերի մասին հարցը։ «Անցումային շրջանում հարկավոր է գտնել փոխհամաձայնության եզրեր»,- խորհուրդ էին տալիս նրանք։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ