Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԹԵՎԱԿՈԽԵԼ Է ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ

Հոկտեմբեր 15,1998 00:00
Gagik Martirosyan

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մեր գործընկերը ընդարձակ հարցաշարով ներկայացավ ՀՀ էներգետիկայի նախարարին։ «Սա շատ սովորական պատմություն է,- կասի ընթերցողը,- պարոն Մարտիրոսյանը հանրապետության այն քիչ մարդկանցից է, որին շատերն են ուզում հարցախեղդ անել»։ Եվ ամենից լավ նա գիտե այդ մասին։ Ուստի առաջարկեց նախարարության լրատվական ծառայությանը հարցեր ունեցող բոլոր լրագրողներին մեկտեղ հավաքել։ Սակայն սուր ապրումների երկրպագուներին պետք է հիասթափեցնեմ՝ ո՛չ նենգ հարցեր տրվեցին, ո՛չ առճակատում եղավ, ո՛չ էլ վերնագրին հարմար թունավոր ճշմարտություններ փոխանակեցին։ Հանդիպումը վերածվեց մտերմիկ զրույցի, հոգսերն անպատճառ հասկանալու միտումով։ Հոգսեր, որոնք բոլորինս են ըստ էության։

Պարոն Մարտիրոսյանը տեղեկացրեց, իսկ մենք՝ բաժանորդներս, մեր մաշկի վրա զգացել ենք ու գլխի ընկել, որ էներգետիկ բարեփոխումների երկրորդ փուլն ենք ապրում։ Առաջինի ընթացքում առանձնացվեցին արտադրող, մատակարարող, բաշխող օղակները եւ հստակեցվեցին յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները։ Կառավարելի ու վերահսկելի դարձավ իրացումը։ «Առաջին փուլը հաջողությամբ ավարտվեց, որովհետեւ նախ գաղափարն էր ճիշտ, սկզբունքներն էին կոշտ, եւ բնակիչներն օգնեցին։ Մենք ու ժողովուրդը ճնշեցինք բոլոր նրանց, ովքեր անազնիվ էին ու թերացող։ Դրա շնորհիվ հաղթեցինք։ Պետք էր վերականգնել վստահությունը, որ մարդիկ հրաժարվեին ձախ գծերից։ Հետո արդեն հստակ հաշվառում էր պետք։ Հիմա անցնում ենք անկանխիկ գանձումների»,- ասում էր նախարարը։

Երկրորդ փուլում, որ սկսվել է արդեն եւ կավարտվի երրորդ հազարամյակի երրորդ տարում, կարեւորը անվտանգ, արդյունավետ շահագործման ապահովումն է։ Նախատեսվում է հաշվարկել, հիմնական միջոցները բերել մի տեսքի, որ հնարավոր լինի մրցույթով սեփականաշնորհել։ Իսկ սեփականաշնորհման ենթակա են բոլոր օբյեկտները, ի բացառյալ ատոմակայանի։ Ընդսմին, նախարարը նշեց, որ օրենքների կատարյալ դաշտ ունենալու դեպքում դա էլ կարող ենք աներկյուղ սեփականաշնորհել։ Սեփականաշնորհման աղմկահարույց դեպքերի մասին հիշեցնելու լրագրողների փորձերը հիմնավոր չթվացին նախարարին։ Շարունակելով ատոմակայանի մասին խոսակցությունը, նշենք, որ նոր կայան կառուցելու մտայնություն կա, բայց պետք է ամեն ինչ լավ հաշվարկվի, ուսումնասիրվի անշտապ ու համակողմանի, քանզի 21-րդ դարում պետք է բնապահպանության տեսակետից անվտանգ ու ապահով էներգետիկ համակարգ ունենալ։

Մյուս կարեւոր հարցը, որ արծարծվեց, եւ միշտ տալիս են պարոն Մարտիրոսյանին, սակագների մասին էր։ Մենք դարձյալ ու դարձյալ իմացանք, որ էլեկտրաէներգիայի սակագինը ցածր է ինքնարժեքից, բայց սոցիալական բարենպաստ քաղաքական տեսակետից ավելի ճիշտ կլիներ, եթե վճարունակին թանկ վաճառեինք, մյուսներին էժան։ Բայց… բայց մեր երկրի ողջ անհեթեթությունն այն է, որ հենց վճարունակն է օգտվում հովանավորությունից ու խուսափում հարկերից, իսկ մուծում է միջին ու ցածր խավը։ Եվ երկրորդ՝ մեծ գնումներ անողների համար շուկան ենթադրում է զեղչեր։ Իսկ այս դեպքում կարծես հակառակն է ստացվում։ Թերեւս, առավել հարմար է գիշերային ցածր սակ ագին մտցնել, որը ե՛ւ սպառողին հարմար կլինի, ե՛ւ արտադրողին։ Հատկապես, որ այսօր ամենակարեւոր հիմնախնդիրը համակարգի հնարավորություններին համապատասխան բեռի բացակայությունն է։ Ու մեկ էլ մաշվածությունը, որը պետք է վերականգնվեր վաճառքի եկամուտներով, մինչդեռ ամորտիզացիոն ծախսերին ու վերարտադրությանը համապատասխանող եկամուտներ կարծես թե չկան։

Անշուշտ, չէինք կարող չանդրադառնալ նաեւ նախարարի՝ ամիսներ առաջ արած հայտարարությանը, թե ճգնաժամի տարիներին նույնքան հոսանք է արտադրվել, որքան այսօր։ Պարոն Մարտիրոսյանը չժխտեց ու հիմնավորեց. «մի՞թե երկու ժամում այնքան գործ չէին անում կանայք, որքան հիմա մեկ օրվա ընթացքում։ Իսկ կորուստներ ամեն համակարգում էլ եղել են, կան ու հավանաբար կլինեն տեսանելի ապագայում»։ Հաջող ու ըմբռնումով (ինչ վաղուց չեմ օգտագործել այս բառը) ուղեկցվող զրույցի ընթացքում նաեւ գազը հիշեցինք, ջուրը, աղբահանությունն ու ջեռուցումը։ Այսինքն՝ այն ամենը, ինչ անմիջականորեն առնչվում է մեր առօրյային։

Հիշեցինք նաեւ մեր կյանքի անկապտելի մաս կազմող Արշակ Սադոյանին ու նրա հետ կապված նաեւ ԱԺ-ն։ Նախարարը նպատակահարմար գտավ, որ այս մասին չգրենք։ Նա ասաց, որ զղջում է իր մի քանի արտահայտությունների համար, բայց Սադոյանի արածն էլ բանի նման չէ. «Կարելի՞ է, արդյոք, երեք տարի շարունակ նույն մարդուն նույն հարցերը տալ…»։ Այնուամենայնիվ, որքան էլ ասենք ու դժգոհենք, աշխատող, իր գործի տեր մարդը կարող է միայն հանգիստ լսել լրագրողին, ուղիղ նայել դիմացինի ճակատին ու առանց բարդույթների ընդունել նաեւ քննադատությունը, առողջ քննադատությունը։

ԱՆԻ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031