Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՍՀՄ-ի փլուզման պատճառը ապրանքների անորակությունն էր»

Հոկտեմբեր 15,1998 00:00
mehrabyan

Ասաց Հայպետստանդարտի պետ Ղ. Մեհրաբյանը

ՀՀ ստանդարտացման չափագիտության եւ սերտիֆիկացման վարչությունում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ այդ վարչության պետ Ղուկաս Մեհրաբյանի մամլո ասուլիսը։ Ինչպես ինքը նշեց, հանդիպման նպատակն էր՝ լրագրողներին ներկայացնել այս մեկ տարվա ընթացքում արված եւ չարված գործերը։ Իսկ թե ինչո՞ւ հենց հոկտեմբերի 14-ին, պատասխանը միանշանակ է, դա միջազգային ստանդարտացման օրն է։ Մինչ ասուլիսին անդրադառնալը Ղ. Մեհրաբյանը ներկայացրեց իր մոտ աշխատանքային այցով գտնվող ֆրանսիական ստանդարտացման ասոցիացիայի նախագահի տեղակալ Ալեն Դյուրանին, որը տեղեկացրեց իր այցի նպատակները։

Նա տեղեկություններ հաղորդեց հայ-ֆրանսիական համատեղ իրագործվող ծրագրերի մասին եւ անդրադարձավ հայկական ապրանքատեսականու որակին։ Ղ. Մեհրաբյանը, ներկայացնելով իրենց վարչության մեկ տարվա գործունեությունը, ի լուր լրագրողների հայտարարեց, որ արդեն ստեղծվել է Օկտան փորձարարական լաբորատորիան, որի հիմնական նպատակն է՝ ստուգել հանրապետություն ներմուծվող վառելիքի (բենզին, դիզելային վառելիք, մազութ) որակական ցուցանիշը։ Նա այնուհետեւ ասաց, որ ֆրանսիական Շումբերժե ֆիրմայի հետ կա պայմանավորվածություն հաշվիչների ձեռքբերման հարցում։ Կշեռքների եւ կշռաքարերի ստուգումների վերաբերյալ, որը կատարում է իրենց վարչությունը, հայտնեց, որ մինչեւ դեկտեմբերի 1-ը կավարտվի կշեռքների կապարակնքումը, եւ կշռաքարերի ստուգումը։

«Վաճառողները 1 կգ կշռաքարը տաշում եւ սարքում են 800 գրամ՝ դա սովորական հանցագործություն է եւ ոստիկանության գործը։ Իսկ մենք ոստիկանական ֆունկցիաներ չունենք»,- նշեց վարչության պետը։ Ստուգվող կշեռքներից եւ կշռաքարերից հետո հարկ եղավ անդրադառնալ բենզալցման կայանների չափիչներին, ինչպես նաեւ էլեկտրո եւ գազաչափիչներին, նշելով, որ նրանք նույնպես ստուգման կենթարկվեն։ Նա ուրախությամբ նշեց, որ ՀՀ կառավարությունը վերջերս հաստատեց սպառողների իրավունքների պաշտպանության օրենքի նախագիծը, որը շուտով կներկայացվի ԱԺ։ Օրենքն առաջին անգամ կառավարություն է ներկայացվել 1994 թ. եւ մերժվել։ «Այն վերնախավի օրենք չի, այլ ժողովրդի օրենք է»,- նշեց Ղ. Մեհրաբյանը։

Անդրադառնալով տարվա կարեւորագույն իրադարձություններին, ասաց, որ դրանք են Չինաստանի ժողովրդավարական հանրապետության հետ կապված առեւտրի ազատականացման պայմանագիրը, ԱՄՆ-ի ԱՄՍԵ ընկերության հետ կնքված պայմանագիրը եւ սեպտեմբերի վերջին Ժնեւում կայացած ստանդարտացման միջազգային ասամբլեան։ Ադրբեջանն այնտեղ հարց է բարձրացրել Ղարաբաղի տարածքներն անվանափոխել նախկին ադրբեջանական անվամբ, որը բացասական է անդրադարձել համաշխարհային հանրության վրա։ Խիստ դժգոհեց «Երկիր» օրաթերթից, ուր վերջերս Էդուարդ Հովհաննիսյանը քննադատական հոդված է զետեղել վարչության աշխատանքների մասին։ Ասուլիսի վերջում թեման մի քիչ քաղաքականացվեց, եւ Ղ. Մեհրաբյանն, ի լուր բոլորի, սենսացիոն հայտարարություն արեց։ Ըստ նրա, ԽՍՀՄ-ի փլուզման պատճառը ապրանքների անորակությունն էր։ Մեզ համար նաեւ նորություն էր այն հայտարարությունը, որ պետությունների միջեւ պատերազմ է գնում միջազգային շուկա մտնելու համար։ Ասուլիսը վերջացավ. «Բաց շուկաներ չկան։ Այնտեղ էլ են գործում մաֆիոզները» արտահայտությամբ։

Ա. ԼԱՎՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031