Հոկտեմբերի 14-ին ԱԺ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի եւ փոխառությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովը մամլո ասուլիսի ներկայացավ չորս պատգամավորով՝ Պետրոս Մաքեյան, Վահագն Խաչատրյան, Լեոնիդ Հակոբյան եւ Արշակ Սադոյան։ Նախ ներկայացվեց հանձնաժողովի հայտարարությունը, թե ընդհանուր անպատասխանատվություն է դրսեւորվում իրենց համապատասխան տեղեկություններ տրամադրելու հարցում, եւ այս գործում հատկապես առաջամարտիկ են էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունն ու վարչապետի աշխատակազմը. «Անհրաժեշտ է նշել, որ փաստերը թաքցնելը գործադիր իշխանության համար դարձել է գործելաոճ»։
Այսօրվա բարձր պաշտոնյաների զգալի մասն անցած տարիներին այս կամ այն չափով մասնակցել է վարկային միջոցների տնօրինմանը։ Այս կառավարությունը գրեթե անփոփոխ կազմով աշխատում է արդեն մոտ երկու տարի, եւ այս ընթացքում տնօրինվել են զգալի վարկային միջոցներ. «Հաշվի առնելով, որ անօրինական գործընթացները շարունակվում են՝ զգալի նյութական կորուստներ պատճառելով հանրապետությանը, հանձնաժողովը գտնում է, որ երկշաբաթյա ժամկետում կառավարությունը հանձնաժողովի բարձրացրած խնդիրներին չտվեց համապատասխան ընթացք, ապա հանձնաժողովն ԱԺ-ում կբարձրացնի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը»։
Պետրոս Մաքեյանը նույնիսկ հայտարարեց, որ Վահրամ Ավանեսյանը չարիք է Հայաստանի Հանրապետության համար։ Վահագն Խաչատրյանը հայտարարեց, որ վարկային միջոցները դառնում են առանձին նախարարությունների առանձին աշխատողներին եւ աշխատակազմերին բարձր աշխատավարձ տալու միջոց։ Նա անդրադարձավ նաեւ Արմեն Դարբինյանի՝ վերջերս լույս ընծայած գրքին, ասելով, թե դրա բովանդակությունը 24, 25-րդ կուսհամագումարների թեզերն է հիշեցնում։ Ոչ ոք դեմ չէ, որ բարձր աշխատավարձեր վճարվեն, սակայն պետք է լինի համապատասխան արդյունք։ Պատգամավորը տեսակետ հայտնեց, որ վարչապետի գիրքը եւս հրատարակվել է վարկային միջոցների հաշվին։ Արշակ Սադոյանը նորից անդրադարձավ էներգետիկայի խնդիրներին, ասելով, որ 5-6 ամիս է արդեն որեւէ տեղեկատվություն չի կարողանում ստանալ ցրտի, խավարի տարիներին տեղի ունեցածի վերաբերյալ։ Նա մասնավորապես անդրադարձավ Թուրքմենստանի պարտքի վերաձեւակերպման փաստին, որը չի վավերացվել Ազգային ժողովում։ Մինչդեռ օրենքում գրված է, որ հանրապետությանն առնչվող բոլոր միջազգային հարցերին լուծում է տրվում դրանց Ազգային ժողովում վավերացվելուց հետո։
Արշակ Սադոյանը վկայեց, որ 1996 թվականի հոկտեմբերի 23-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրամանագրով վավերացրել է այդ պարտքը՝ Հայաստանին վնասելով 40 մլն դոլարի չափով։ Դա արվել է գրչի մի հարվածով, ինչի իրավունքը նախկին նախագահը չի ունեցել։ Այնուհետեւ հռետորը խոսքը շարունակեց թվերի լեզվով. 1994 թվականին Հայաստանի եւ Թուրքմենստանի հաշվեկշիռը վերջնարդյունքում ունեցել է տվյալ, որ Թուրքմենստանը չմատակարարված գազի դիմաց Հայաստանին պարտք է մնացել 13 մլն 380 հազար դոլար։ Այդ գումարը հետագայում կորել է։ Այնուհետեւ պատճառաբանություն է եղել, թե նշյալ գումարի դիմաց Թուրքմենստանից գազ է ստացվել 1995 թվականին, մինչդեռ էներգետիկայի նախարարությունից ստացված փաստաթղթերը հակառակն են ցույց տալիս։ 1995 թվականին Թուրքմենստանից Հայաստան է ներմուծվել 150 խմ գազ, իսկ դրա արժեքը շուրջ 12 մլն դոլար է։
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ, Թուրքմենստանը Հայաստանին պարտք է մնում 25 մլն դոլար, սակայն այնպես է ստացվել, որ Հայաստանի պարտքը հանելու փոխարեն ավելացվել է եւս 6 մլն դոլար, որը պետք է վճարվի իբրեւ տոկոսաչափ։ Այս հարցով դիմումները՝ ուղղված ԱԳՆ եւ նախագահի աշխատակազմին, որեւէ ընթացք չեն ստացել, եւ միայն Գագիկ Մարտիրոսյանն է խնդրո առարկայի մասին խոսելով, անդրադարձել Արշակ Սադոյանի որդու ուսումնական գործունեությանը։ Արշակ Սադոյանը խոսեց նաեւ խավարի տարիներին Հայաստան ներկրված մազութի հարցում առկա անորոշությունների մասին։ Այնպիսի թվեր են ներկայացվում, որոնք իրականության մեջ չեն կարող գոյություն ունենալ։ Անհնար է, որ 160 հազար տոննա մազութ ներմուծվեր Հայաստան։ Սակայն, դրա կողքին, կա եւս մեկ արտառոց հանգամանք. որոշվել է այլ երկրներից հում նավթ գնել եւ վերամշակման բերել Բաթումի։
Հայտնի չէ, թե այդ նավթն ինչ է եղել, մինչդեռ եթե իրականում տեղի ունեցած լիներ վերամշակումը, ապա 1993-ին Հայաստան պետք է հասած լիներ շուրջ 250 հազար տոննա մազութ։ Արշակ Սադոյանը որոշակի գոհունակությամբ անդրադարձավ, որ Ռուսաստանին ունեցած պարտքն Ազգային ժողովում, համենայնդեպս, վավերացվել է։ Նա ասաց նաեւ, որ կառավարությունը խանգարում է հանձնաժողովի աշխատանքներին՝ չտրամադրելով փաստաթղթեր։ Իսկ եթե այդպես պետք է շարունակվի, ապա այլ բան չի մնում, քան կառավարությանն անվստահություն հայտնելը։ Մանավանդ՝ թուրքմենական պարտքի ձեւակերպման համաձայնագրում գրված է, որ պայմանագիրն ուժի մեջ է մտնում ներպետական բոլոր արարողակարգերն անցնելուց հետո։ Մինչդեռ Հայաստանն արդեն սկսել է պարտքի տոկոսները մարել։
Պատգամավոր Լեոնիդ Հակոբյանը հարկ համարեց խոսել երեք իրողության մասին։ Նրա խոսքերով, այդ վարկերի մի մասը տնօրինվել է մաֆիոզ, հանցագործ խմբերի միջոցով, որոնք պետական ծրագրերի մեջ մտնելու ակտիվ փորձեր են արել։ Հարցերի երկրորդ խումբը, որն առանձնացրեց Լեոնիդ Հակոբյանը, այն էր, թե արտասահմանյան ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը նպաստել են հենց այդ կազմակերպությունների ֆինանսավորմանը։ Չկա որեւէ փաստ, որ աշխատատեղեր ստեղծեին կամ բարձրացվեր որոշ արտադրատեսակների արտադրության որակը։ Վարկերը ծախսվել են փոքր արդյունավետությամբ։ Լեոնիդ Հակոբյանն անդրադարձավ նաեւ, որ վարկերի մեծ մասը պարզապես չի վերահսկվել, եւ Ազգային ժողովն առաջին անգամ է փորձում նման գործառույթ իրականացնել։ Նա համոզմունք հայտնեց, որ պետք է ԱԺ-ն սահմանի կառավարության կողմից ստանալիք վարկերի «առաստաղը», որպեսզի դրանից ավելի մուտքեր չլինեն բյուջե։ Իսկ բյուջե մուտք գործած գումարներն էլ, կոնկրետ նշված պետք է լինի, թե ինչ նպատակների են ծառայեցվելու։
Ա. ԶԱՔԱՐՅԱՆ