Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-«ՀԱՅԼՈՒՐ»

Հոկտեմբեր 15,1998 00:00
Ara Sahakyan

Առավոտ կանուխ ԱԺ նիստերի դահլիճին հարող միջանցքներում արդեն սկսվել էր ԱԺ-«Հայլուր» վերջին սվինամարտի քննարկումը, որը տեղափոխվեց դահլիճ։ Ակնհայտորեն դժգոհում էր ե՛ւ մեծամասնությունը, ե՛ւ փոքրամասնությունը։ Դեպքերի զարգացումը շատ բանով կանխորոշեց ԱԺ նախագահի կոնստրուկտիվ պահվածքը։ Վրդովմունքը ափերից հանել էր շատերին, խոսք կար անգամ «Հայլուրին» հավատարմագրումից զրկելու եւ նրա ներկայացուցիչներին դահլիճից դուրս հրավիրելու մասին։ Բոլորի շուրթերին մեկ անուն էր՝ Տիգրան Նաղդալյան։ Առհասարակ, պետական կյանքի շատ ոլորտներում իրավական եւ ժողովրդավարական ավանդույթներ չունեցող երկրներում խիստ ցավագին ու երկարատեւ է ընթացել մասսմեդիա-իշխանություններ պայքարը։ Հայաստանն այսօր այդ հարկադրման կիզակետում է եւ ինչպես ամենուր, վստահ եմ՝ մեզ մոտ էլ, այն իրավական եւ հասարակական լուծում կստանա։ Բայց այդ ամենը դեռ առջեւում է։

Երեկ մարդիկ զայրացած էին երկու բանից։ Նախ որ, հեռուստաեթերից արձակվում է հայհոյախոսություն, եւ ապա աղճատված ու վիրավորական կերպով է ներկայացվում խորհրդարանի աշխատանքը։ Այս ամենը խիստ ցավալի է, քանի որ դա արվում է մի մարդու թողտվությամբ եւ անձնական դերակատարմամբ, որը նախկինում հայտնի էր իբրեւ հարգված եւ արդարամիտ լրագրող, իսկ ներկայումս զբաղեցնում է պետական պաշտոն։ Առաջին հանգամանքը բարոյական պատասխանատվություն է առաջ բերում, իսկ երկրորդը՝ հարուցում իրավական կազուսներ։ Պրոբլեմը, կցանկանայի, որ չնենգափոխվեր՝ թե խորհրդարանը գրաքննություն է մտցնում կամ դարձել է դյուրագրգիռ (ասենք, նոր ընտրություններից առաջ)։

Իհարկե, լրագրողն ազատ է ցանկացած մեկնաբանություն տալու մեջ, բայց, արդյո՞ք, նա ազատ է՝ հայհոյելու հեռուստաեթերից, երբ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք, անչափահասներ, սպասում են օբյեկտիվ ինֆորմացիայի՝ խորհրդարանի աշխատանքների վերաբերյալ։ Արդյո՞ք աչք չի զարնում այն սուբյեկտիվիզմը, որ միեւնույն խմբագրությունը միեւնույն հաղորդաժամին ստոյիկյան համբերատարությամբ ներկայացնում է զանազան դեպքեր գործադիր իշխանության տարբեր դեմքերի կյանքից (նշանակալի ու աննշան հանդիպումներ, սեմինարներ, ընդունելություններ եւ այլն), իսկ մյուս կողմից, ծաղրուծանակի ենթարկում խորհրդարանի աշխատանքները։ Չէ՞ որ սրանով ոչ միայն անվստահություն է սերմանվում խորհրդարանի նկատմամբ ամբողջությամբ, եւ միակողմանիորեն ուռճացվում գործադիր իշխանության՝ դեռեւս որեւէ շոշափելի արդյունք չտված աշխատանքը, այլեւ վարկաբեկվում է պետությունն ամբողջությամբ, նիհիլիստական տրամադրություններ են ձեւավորվում քաղաքական գործունեության՝ հանուն իշխանության կուսակցությունների՝ օրենքով սրբագործված իրավունքի նկատմամբ։

Երեկ երեկոյան ԱԺ նախագահի նախաձեռնած հանդիպումը վարչապետի հետ՝ հնարավորություն ընձեռեց խորհրդարանում ներկայացված բոլոր խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչներին պարզորոշ շարադրել կառավարության ղեկավարի առջեւ այն իրավիճակը, որը ստեղծվել է «Հայլուրի» պարագայում։ Մենք բաժանվեցինք լիահույս, որ վարչապետն անկեղծ էր իր անհանգստության մեջ ստեղծված իրադրությամբ, եւ վստահ, որ ունի լիազորություն ու կամք՝ ձեռնարկելու կառավարության պատասխանատվությունից բխող անհրաժեշտ քայլեր։

ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031