Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԵՑ ԻՐ «ԻՄԻՋՈՎ»

Հոկտեմբեր 15,1998 00:00
Aram Abrahamyan

Ինչպես միշտ, մեղավոր են լրագրողները

Նախապատրաստվելով նոր խորհրդարանական ընտրություններին, Ազգային ժողովի պատգամավորները, իրենց նախագահի գլխավորությամբ, վերջերս լրջորեն մտահոգվել են իրենց հասարակական վարկանիշով: Եվ հայտնաբերելով, որ այդ վարկանիշը ցածր է, թյուրիմացաբար եզրակացրեցին, որ դրանում մեղավոր են պետական մամուլը եւ հեռուստատեսությունը: Իրականում մամուլը (նույնիսկ երիցս պետական) միայն արտացոլում է հասարակության մեջ գոյություն ունեցող տրամադրությունները եւ չեղած տեղը դրական վերաբերմունք չի կարող ձեւավորել: Բայց քանի որ պատգամավորների մոտ տեղի ունեցավ պատճառահետեւանքային կապի զեղում, նրանք որոշեցին զբաղվել լրատվամիջոցներով:

Խոսրով Հարությունյանը, հիշելով, հավանաբար, իր կոմունիստական արմատները, որոշեց, որ «Հայաստանի հանրապետություն» օրաթերթը չի համապատասխանում «կուսակցության գլխավոր գծին» եւ երեկ աշխատանքից հեռացրեց այդ թերթի գլխավոր խմբագրին: Իսկ խորհրդարանն ընդհանրապես լուրջ հավակնություններ ունի Ազգային հեռուստատեսության նկատմամբ: Երեկվա նիստում նույնիսկ խոսակցություններ կային՝ «Հայլուրի» թղթակցին նիստերի դահլիճ չթողնելու մասին:

«Ինչո՞ւ հասարակությունը չի ընդունում այս Ազգային ժողովը» թեմայով կարելի է մի ամբողջ գիրք գրել: Այստեղ կանդրադառնամ հիմնական պատճառներից մեկին: Ինչպե՞ս կարող է հասարակությունը հարգել այն պատգամավորներին, որոնք այս տարվա փետրվարին, ուժայիններից թեթեւակի խթան ստանալուց հետո, իսկույն վազեցին պաշտպանության նախարարություն՝ իրենց «ղազագիրը» ստորագրելու: «Երկրապահ» գրվեցին՝ դրանով իսկ ցինիկաբար վարկաբեկելով այդ անունը, թքելով ծայրահեղ կարիքի մեջ եւ քայքայված առողջությամբ ապրող իսկական երկրապահների, ազատամարտիկների եւ հերոսների երեսին: Դրանից հետո որքանո՞վ են արժեքավոր երկրապահական մեծամասնությունը կազմող պատգամավորների դատողությունները բարոյականության, դավաճանության, ինչպես նաեւ լրատվամիջոցների ցինիզմի մասին:

Մեկ անգամ ստորացված մարդը երբեք հարգանքի չի արժանանա նույնիսկ իրեն ստորացնողի կողմից: Նախկին իշխանավորներն այդ մարդկանց «լարում էին» ԱԺՄ-ականների եւ դաշնակների դեմ, հիմա էլ ներկա իշխանությունը նրանց քսի է տալիս ՀՀՇ-ականների վրա: Եվ նրանք, այդ պատգամավորները, օպերային տենորների դիրք ընդունելով, երգում են. «Ժամանակն է պատժել նախորդ հանցագործ ռեժիմի ներկայացուցիչներին՝ իրենց ոճրագործությունների համար»:

Ովքե՞ր են, վերջապես, այդ «նախորդ ռեժիմի» ներկայացուցիչները: Միա՞յն Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը եւ Հրանտ Բագրատյանը: Թե՞ նաեւ Ռոբերտ Քոչարյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Արմեն Դարբինյանը, Գագիկ Մարտիրոսյանը եւ շատ-շատ ուրիշներ, որոնք «նախորդ ռեժիմի» ժամանակ, իմ տվյալներով, Ակադեմիայի որեւէ ինստիտուտի կրտսեր գիտաշխատողներ չէին: Իսկ դո՞ւք, մարզպետներ, քաղաքապետեր, գյուղապետեր, թաղային հեղինակություններ, որ վերը նշված մարդկանց շնորհիվ կռվով-դավով պատգամավոր եք դարձել, դուք «նախորդ ռեժիմի» ժամանակ փայտահա՞տ էիք աշխատում, թե՞ հանքափոր: Դուք նույն խանդավառությամբ ծառայում էիք թե՛ նախորդ եւ թե՛ ներկա տերերին եւ նույն չափով էլ օգտվում եք երկու (իսկ իրականում՝ միեւնույն) ռեժիմի բարիքներից: Ձեր ո՞ր արժանիքների համար եք հարգանք-պատիվ պահանջում: Բնության մեջ ամեն ինչ հավասարաչափ է բաշխվում. պատգամավորները եւ պաշտոնյաները վայելում են իրենց «Ջիպերը», առանձնատները, «օբյեկտները» եւ սիրուհիներին:

Բայց հասարակության հարգանքը նրանք չեն կարող վայելել: Ընտրության հարց է. նրանք առաջինն են ընտրել: Իսկ մամուլը եւ հեռուստատեսությունը, կրկնում եմ, հասարակության հայելին են: Եթե որեւէ լրատվամիջոց կամ լրագրող նույնիսկ շատ ցանկանա իր հարգանքի տուրքը մատուցել ներկայիս Ազգային ժողովին, չի կարողանա դա անել: Մենք պատրաստ ենք, իհարկե, տպագրել խորհրդարանը փառաբանող նյութեր: Բայց միայն մի տեղ. վերջին էջում՝ հումորի բաժնում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031