Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԲԱԺԱՆԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՂԵՐԸ

Հոկտեմբեր 14,1998 00:00
aroxjapahutyun

Մի լավ շունչ քաշեք ու կարդացեք Առողջապահության ազգային ինստիտուտում անցկացվող կոնֆերանսի անունը՝ «ՀՀ պետական առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության եւ սպասարկման հիմնական ծառայությունների փաթեթի (ՀԾՓ) ձեւավորմանն ու իրականացմանն առնչվող խնդիրներին նվիրված կոնֆերանս»։ ՀՀ առողջապահության փոխնախարար, կոնֆերանսի նախագահող Ս. Հովհաննիսյանը՝ անունը՝ երկար, սակայն բովանդակությունը լուրջ է գտնում։ Իսկ բովանդակությունն, իրոք, լուրջ էր (մի անգամ էլ կարդացեք կոնֆերանսի անունը), սակայն անմիջապես զգացվեց, որ նման «մասսայական քննարկման առաջին փորձն է»։

Առողջապահության նախարար Գագիկ Ստամբոլցյանը մի քիչ օրենսդրական դաշտի անկատարությունից դժգոհեց (չուրանալով իր նախորդի՝ Արա Բաբլոյանի այս ուղղությամբ թափած ջանքերը), մի քիչ խոսեց բնակչության առողջության բարելավման համար այլ գերատեսչություններում եւս բարեփոխումների անցկացման անհրաժեշտության մասին, մի քիչ էլ՝ այն մասին, որ որոշ պատգամավորներ բժշկական ապահովագրության գաղափարին համամիտ լինելով հանդերձ՝ անընդունելի են համարում այն իրականացնելու կոչված պետական ապահովագրական գործակալության գաղափարը։ Ընդմիջմանը պրն Ստամբոլցյանն ասաց, որ դա դրսեւորվում է որոշ պատգամավորների (մասնավորապես Ջեմմա Անանյանի) կողմից արված եւ իրեն ուղղված պոպուլիստական հարցադրումների ժամանակ (նախարարի հետ համերաշխորեն ճշտեցինք՝ նախընտրական)։

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, ՀԾՓ աշխատանքային խմբի ղեկավար Վ. Աստվածատուրյանը պետք է ներկայացներ 1999 թ. պետպատվերի շրջանակներում իրականացվող ՀԾՓ ծրագրերը։ Նա սկզբում իր անհամաձայնությունը հայտնեց ՀԾՓ-ի՝ ՀԾՓ անվան հետ՝ ավելի ճիշտ գտնելով այն փոխարինել Մինիմալ կլինիկական ծառայություններ արտահայտությամբ։ Ասաց, որ իրենց աշխատանքային խումբը սկսել է ստեղծել պետպատվեր եւ ամենամյա պետական նպատակային ծրագրեր (վերջիններս 21-ն են)։

Հետո ասաց, որ սկզբում պետք է հաշվել, թե ինչքան գումար է անհրաժեշտ։ Պրն Աստվածատուրյանը յուրաքանչյուր 10 րոպեն մեկ հավատացնում էր, որ իրենք «ռեալ գներ» են հաշվարկել. բժշկի համար, ասենք, 200 դոլարին համարժեք աշխատավարձ (չմոռանաք. սա նախագիծ է, չնայած կոնֆերանսի մասնակիցներին բաժանված փաստաթղթերում ոչ մի տեղ չէր նշվում, որ այն նախագիծ է), բուժքրոջը՝ 100 եւ այլն։ Եվ միանգամից պատկերացրեց, թե ինչ տեղի կունենա ԱԺ-ում, եթե այս թվերն ուղարկվեն այնտեղ։ Ինչքան էլ «ռեալ հաշվարկներ» կատարվեն, բոլոր թվերը պետք է տեղավորվեն 18,8 մլրդ դրամի սահմաններում, որից ավելին առողջապահության համակարգին 1999-ին չի տրամադրվելու։

Երբ նա հայտարարեց, որ իրենց նախագծի մեջ ընդգրկված է նվազագույնը՝ ելնելով ժողովրդի վիճակից, դահլիճում աշխուժություն տիրեց, որը պայթեց պրն Աստվածատուրյանի մի ուրիշ հայտարարությունից հետո։ Նա բժիշկներին կոչ արեց էգոիստաբար չմոտենալ ու չպահանջել ինչ-որ նեղ մասնագիտական հիվանդություն ընդգրկել այս ծրագրում։ «Ոնց որ դու»,- արձագանքեց մեկը դահլիճից, եւ կոնֆերանսը շարունակեց ընթանալ իր հունով։ Այն խոսակցությունները, որ հիվանդների սննդի համար հատկացվող գումարներն իրենց նպատակին չեն հասնում, աշխատանքային խմբի կողմից «իբր» են որակվել, եւ սննդի համար այս նախագծով գումարներ նախատեսվում են։ «Ծննդօգնության պահը ուզում էինք վճարովի սարքել», բայց սկսվել են խոսակցությունները ծնելիությունը խրախուսելու չարաշահումներ թույլ չտալու մասին, եւ, ինչպես ասում են, գործընթացը կասեցվել է։ Այստեղ անհայտ մնաց, թե փոփոխություններ կոչվածն ընդհանրապես ուղղված է բարեփոխումնե՞ր կատարելուն, թե՞ խոսակցությունների կասեցմանը։ (Համենայնդեպս նշենք, որ մենք էլ ենք այս դեպքում ծնելիությունը խրախուսում- Ա. Գ.)։

Պրն Աստվածատուրյանը «գուժեց», որ անհետաձգելի բուժօգնություն պահանջող դեպքերը չորս անգամ շատացել են (հետո, իհարկե, պարզվեց, որ 1988-ի համեմատությամբ), եւ որ միզակապությամբ բերված հիվանդի երբեմն աչքն էլ են բուժում, այլ կերպ ասած անհետաձգելի բուժօգնությունը 30 օր չի կարող տեւել։ Դրա համար առաջարկում են, որ անհետաձգելի բուժօգնությունն ամբողջությամբ պետությունը չվճարի, այլ 60-65%-ը հիվանդը, 30-35%-ը՝ պետությունը։ Պրն խորհրդականի համար, կարծես թե, անհետաձգելի չեն նաեւ ինֆարկտն ու կոտրվածքները, որոնք, ինչպես հայտնի է, հաստատ բուժման 30 օր են պահանջում։ Պրն Աստավածատուրյանը չէր մոռանում յուրաքանչյուր 5 րոպեն մեկ տեղեկացնել, որ «ա՛յս» մասին քիչ հետո կասի պրն Անտոնյանը։

«Քիչ հետո»

ՀՀ ԱՆ ֆինանսների եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Կ. Անտոնյանը 1999 թ. ՀԾՓ ֆինանսավորման խնդիրները ներկայացնելիս դարձյալ նշեց պետբյուջեի մեջ տեղավորվելու պարտավորվածությունը։ Այդ 18 մլրդի մեջ պիտի տեղավորվեն հիվանդանոցային բժշկական օգնությունը եւ ամբուլատոր սպասարկումն ու բուժօգնությունը։ Ըստ նրա էլ, սննդի համար գումարներ պետք է նախատեսել, որովհետեւ «իրոք կան կարիքավորներ»։ Իսկ անհետաձգելի բուժօգնության գնի մեջ չեն հաշվարկված աշխատավարձը եւ նորագույն տեխնիկայի ներդրման գինը։ Մի նոր՝ 277 մլնի ծրագիր՝ իրենց մնացորդային գումարներից, նախատեսվում է այս նպատակի համար։ Ըստ նրա, առողջապահության համակարգ պետական նախատեսվածից երեք անգամ ավելի ապօրինի գումարներ են մտնում, եւ հարկավոր է դրանք օրինականացնել։

1999-ին անհետաձգելի բուժօգնության համար առաջարկվում է 1998-ի գումարների չափով (այստեղ անորոշ մնաց, թե այդ դեպքում ինչպես պիտի տնօրինվի հիվանդների կողմից վճարվելիք 60%-ը)։ Դահլիճից հարց եղավ այն մասին, որ աշխատանքային խմբերում բժիշկների աշխատավարձի քննարկումները 200 դոլարի շուրջ էին, իսկ մասնակիցներին բաժանած փաթեթում նշված էր 30 դոլար։ Հարցը մնաց անպատասխան։ Այնուհետեւ տնտեսագետ Կ. Բոյախչյանը ներկայացրեց ՀԾՓ-ում գերակայությունների որոշման հաշվարկման գիտական մեթոդոլոգիան, որի երեք բանաձեւերից ոչ մեկն էլ, որ պարզ դարձավ, Հայաստանի համար առանձնապես կիրառելի չեն։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031