Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջրի մարդը» Նոյեմբերյան էր եկել

Հոկտեմբեր 14,1998 00:00
jur

Նոյեմբերյանի հիվանդանոցի բացման արարողությունը տեղաբնակների համար իրադարձություն էր։ Երկրաշարժից հետո ավերված շինությունը ոտքի հանելու համար շինարարներից 10 ամսվա քրտնաջան աշխատանք պահանջվեց եւ շուրջ 105 միլիոն դրամի ներդրում։ Արարողությանը մասնակցում էին տարածքային կառավարման եւ քաղաքաշինության նախարարները։ Սակայն հանդիսավոր մասի ավարտից անմիջապես հետո Փիրումյանն ու Զադոյանը մարզի ղեկավարների, համայնքների ներկայացուցիչների ու հրավիրված մասնագետների հետ առանձնացան՝ քննարկելու Նոյեմբերյանի համար նույնքան կենսական նշանակություն ունեցող մի խնդիր՝ այն է, քաղաքը խմելու ջրով ապահովելու հարցը։ Երկար ժամանակ է, ինչ նոյեմբերյանցիները ստիպված են ինչ-ինչ ուղիներով հաղթահարել այդ բացը։

Մինչդեռ տարիներ շարունակ քաղաքն օգտվել է Ստեփանավանի ջրագծից, ու կարծես թե եղածը լիովին բավարարել է։ Այնինչ, այժմ նույն ջրագիծը մեկեն ցամաքել է, եւ մարդիկ փորձում են ոչ միայն խողովակները վերստին լցնել ջրով, այլեւ գտնել կորստի իրական ճանապարհները։ Նոյեմբերյանի քաղաքապետը ներկաներին ներկայացնում է իրավիճակը։ Շրջակայքում երեք հիմնական ջրագիծ կա, որոնք կարող են հագեցնել Նոյեմբերյանի ծարավը։ Սակայն պաշարները բավարար չեն, քանի որ անհրաժեշտ ջրաքանակը պիտի կազմի վայրկյանում 15 լ, մինչդեռ թե՛ Սպիտակշինի, թե՛ Վարարաղբյուրի ակունքները լավագույն դեպքում ապահովում են 2-3 լիտր։

Հիմնականը եղել է Սղոցահանք-Նոյեմբերյան ջրագիծը։ Նույնիսկ նախագիծ է կազմվել, սոցիալական ներդրումների հիմնադրամն էլ ցանկացել է այն մտցնել իր պլանների մեջ։ Բայց գործը մնացել է կիսատ։ Էլ ավելի մեծ հոգս են մաքրման կայաններն ու ավազանները։ Մի շարք աղբյուրներ էլ քաղաքը ջրով են ապահովում միայն որոշ ամիսների, իսկ ձմռանը հիմնականում սառչում են։

Քյասիբ տան պատմությունը 

Այս առավել քան ներկայացուցչական խորհրդակցության հիմնական դերակատարները նախարարներ Փիրումյանն ու Զադոյանն էին, «Հայջրմուղկոյուղի» պետական ՓԲԸ գործադիր տնօրեն Ա. Ղուլյանը, Տավուշի մարզպետ Պ. Ասատրյանը եւ այն համայնքապետերը, ովքեր նույնպես ջրի խնդիր ունեին։ Քաղաքաշինության նախարարը հարձակվողական էր տրամադրված եւ, իր խոսքերով, չէր հանդուրժում որեւէ աբստրակտ խոսակցություն։ Ա. Ղուլյանը հլու-հնազանդ առաջ էր տանում Փիրումյանի գիծը։ Զադոյանն անհամեմատ գործնական ու սրամիտ էր՝ պատրաստ վիճարկելու Փիրումյանի յուրաքանչյուր ասույթ, որն իր շահերից չի բխում։ Մինչդեռ տեղացիները մարզպետի գլխավորությամբ պատրաստ էին ընդունել յուրաքանչյուր որոշում, միայն թե քաղաքը ջուր ունենար։ Այդ իսկ պատճառով էլ բանավեճը հաճախ ծիծաղաշարժ իրավիճակների էր վերածվում՝ լիցքաթափելով դահլիճի լարվածությունը։

Բուռն քննարկումների ժամանակ ավելի հաճախ թեման շեղվում էր իր հունից, ու ներկաները ստիպված էին լինում խոսել միանգամայն այլ բաների մասին։ Հերթական անգամ, երբ պարոն Փիրումյանը վերհիշեց «սովետի» ժամանակները եւ իր խոսքը հիմնավորելու համար նշեց, որ այն օրերին ջուրն արժեր ընդամենը 2 կոպեկ, Դավիթ Զադոյանն իսկույն տեղից նետեց. «Հիմա էդ էլ չարժի»։ Իսկ ամենաթեժ վեճերից մեկի պահին տարածքային կառավարման նախարարը իսկույն գտավ ճիշտ համեմատության եզրը. «Քյասիբ մարդու տունը միշտ կռիվ է ընկնում։ Մենք հիմա քյասիբ երկիր ենք, դրա համար էլ այդպես է»։ Իսկ ընդհանրապես, պարոն Զադոյանը ակնհայտորեն գերագույն հաճույք էր զգում՝ երբեմն-երբեմն խոսքի վրա բռնացնել Ա. Ղուլյանի վրիպումները։ Նման իրավիճակներից մեկի ուղղակի սղագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

Այն, ինչ գիտի Զադոյանը, բայց չի ասում Ղուլյանը

Ա. Ղուլյան – «Քանի որ պոմպի ամբողջ հզորության պայմաններում ջուրը Նոյեմբերյան չի հասնում (ճանապարհին բնակավայրերը շատ են ու վերցնում են ողջ պաշարը), այդ պատճառով էլ Ստեփանավանի ջրագծի հետ կապված խնդիրները ժամանակավորապես դադարեցվել են։ Պոմպակայանի էլեկտրաէներգիայի ծախսը կազմում է ամսական 540 կվտ/ժ, որը 13,5 միլիոն դրամ է։ Ջուրը տեղ չի հասնում, քանի որ այդ 29 բնակավայրերում շատ դեպքերում ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակներով։ Մինչդեռ 10 տարի առաջ բավարարում էր։ Բնակավայրերի ներքին ցանցերը անմխիթար վիճակում են, կորուստները շատ մեծ են։ Տեսականորեն ջուրը պետք է հասներ, բայց փաստացի չի հասնում»։

Դ. Զադոյան – «Պարոն Ղուլյան, Դուք էդ ինչ-որ ասացիք, ես ընդունում եմ, բայց ջրի տեղ չհասնելու բուն պատճառը դա չի։ Եվ Դուք շատ լավ գիտեք, թե ինչն է։ Այդ ջուրն օգտագործում են ոռոգման նպատակներով, թեեւ ոռոգման ջուր ունեն, որովհետեւ դրա համար փող չեն տալիս։ Որովհետեւ ոռոգման համար դու փող չես ուզում։ Էդ ո՞նց եղավ, որ Արարատյան հարթավայրի մի հատ Արմաշ գյուղ ոռոգմանը 30 միլիոն դրամ է տալիս, բայց ունի ընդամենը 1000 հեկտար հող, իսկ ամբողջ Լոռվա, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերը միասին վերցրած, Արմաշ գյուղից քիչ փող են տալիս։ Ու հենց էստեղ է գաղտնիքը։ Ուրեմն դրեք, դա ձեր պրոբլեմն է, մեզ չի հետաքրքրում, ոնց ուզում եք՝ արեք։ Որ Լոռվա մարզպետը ընդամենը 3 միլիոն մուծելով չկանգնի էնտեղ, ասի՝ ես 100 տոկոսով կատարել եմ, իսկ Արմավիրի մարզպետը 1 միլիարդ մուծելով ընդամենը 60 տոկոսով կատարի»։

Կոշտ ջուրն էլ ջուր է

Այնուհետեւ ելույթներ ունեցան ներկաներից մի քանիսը։ Մեկը պատմեց, թե ինչպես են լոռեցիները ջրագիծը փակում, մյուսը բողոքեց, թե իրենց պոմպերն են օգտագործում, բայց ջուր չեն տալիս, երրորդը բողոքեց մի «շուստրի» գյուղապետից, որ ընդհանուր գծից լեռան տակով ջուր է քաշել իր գյուղը։ Հետո պարզեցին, թե 48 միլիոն դրամ կպահանջվի ջուրն առոք-փառոք Նոյեմբերյան հասցնելու համար։ Բայց հենց այստեղ էլ բացահայտվեց, որ հիշյալ ջրի կոշտությունը թույլատրելի նորմայից բարձր է ու օգտագործելի կլինի միայն քլորացման դեպքում։ Դավիթ Զադոյանը հիշեցրեց, որ հանրապետական սանիտարահամաճարակային կայանից ստացված եզրակացությամբ ջրի կոշտությունը 13 աստիճանից բարձր է, ու խմել չի կարելի։ Ղուլյանն իր հերթին հակաճառեց, թե տասնյակ տարիներ դա օգտագործել են, ու ոչինչ չի եղել։ Ի վերջո որոշեցին, որ ջուրը կարելի է նաեւ եռացնել։ Երեւի թե Նոյեմբերյանն առաջիկայում ջուր կունենա։ Համենայնդեպս, հավաքվածներն այդպես որոշեցին։ Մնացյալը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։

«Հայջրմուղկոյուղու» մասնագետները դեռ մի շաբաթ կմնան տեղում, կավարտեն ուսումնասիրությունները, իսկ նախարարներն իրենց հերթին փող կգտնեն գործն ավարտին հասցնելու համար։ Երանի թե այդպես լիներ, ինչպես խոստացան։

ՆԱՌԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031