Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՉԵԶՐԱՓԱԿՎԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ»

Հոկտեմբեր 14,1998 00:00
Ruben Mangasaryan

Ասում է լուսանկարիչ ՌՈՒԲԵՆ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԸ

1996 թվին է ստեղծվել «Պատկեր» ֆոտոլրատվական գործակալությունը, որի հիմնադիր տնօրենը լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանն է։ «Պատկերն» իր բուն գործունեությունը, կարելի է ասել՝ նոր է սկսելու, քանզի մինչ օրս նախապատրաստական աշխատանքներ էին տարվում դրսում եղած ֆոտոլրատվական գործակալությունների հետ կապեր հաստատելու եւ տարբեր լրատվամիջոցների հետ համագործակցելու հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։ «Պատկերը» նպատակ ունի համագործակցել օտարալեզու լրատվամիջոցների հետ. «…նոր կապեր հաստատել ու փորձել Հայաստանից լրատվություն տալ ոչ թե միայն այն ժամանակ, երբ այստեղ միջազգային կարեւոր իրադարձություններ են կատարվում, այլեւ այստեղի ամենօրյա կյանքը ներկայացնել լուսանկարների միջոցով»,- ասում է Ռ. Մանգասարյանը։

Ինչ խոսք, իրականում դա շատ ավելի դժվար խնդիր է, եւ պետք է անմիջական կապեր ունենալ արտասահմանյան ամսագրերի եւ թերթերի հետ։ Ռ. Մանգասարյանի կարծիքով, լավ լուսանկարը միշտ էլ հնարավորություն ունի տպագրվելու ցանկացած թերթում կամ ամսագրում։ Արդեն կան մի շարք կազմակերպություններ, որոնք շահագրգռված են Հայաստանից լուսանկարներ ստանալ։ Ի դեպ, «Պատկերն» իր առջեւ խնդիր էր դրել տարածաշրջանի (Կովկաս, Միջին Ասիա, եւն) մասին պատմող լուսանկարչական ինֆորմացիա եւս տրամադրել, քանի որ միայն Հայաստանը շատ փոքր է դրսում հետաքրքրություն ստեղծելու համար։

Այսօր Հայաստանը ճանաչում, ընկալում եւ նրան վերաբերվում են որպես աղետալի, պատերազմող ու թշվառ երկիր եւ այդ ամրագրված պատկերացումներից ձերբազատվելը բավական բարդ խնդիր է լինելու լրատվության համար։ «Պատկերը» մտադիր է օտարալեզու հասարակությանը ներկայացնել նաեւ Հայաստանի պատմական վայրերը, մշակույթը, կենցաղը, առօրյա կյանքը, երիտասարդությանը եւ նրանց հետաքրքրությունները։ Ըստ Ռ. Մանգասարյանի՝ «…Կովկասը այս տարածաշրջանում ամենահետաքրքիրն է՝ իր էթնոգրաֆիկ, պատմական նշանակություններով, սակայն, ինֆորմացիոն իմաստով այս տարածքը մատչելի չէ դրսի համար, ինֆորմացիոն վակուում է ստեղծվել»։ 1993 թ. «Պատկերն» արդեն տիրապետում էր եւ ուներ թվային լուսանկարի համակարգ։ Ինտերնետից օգտվելով՝ Հայաստանի մասին պատմող տեղեկատվության (նաեւ լուսանկարչական) հնարավորություն են ստանում։

«Բաց հասարակության ինստիտուտը» Հունգարիայում «Electronic publishing»՝ Արեւելյան Եվրոպայի ու նախկին Սովետական Միության համար ուսուցողական մեծ ծրագիր ունի։ «Պատկերը» մասնակցելու է «Electronic publishing»-ի մասին լազերային ձայնասկավառակի ստեղծմանը։ «ԲՀԻ»-ն իմանալով «Պատկերի» որակյալ homepage-ի մասին, առաջարկել է այդ ձայնասկավառակում տեղադրել «Պատկերի» homepage-ը՝ հատկապես նախագահական ընտրություններին վերաբերող մասը։ Վերջին նախագահական ընտրությունների օրերին «Պատկերը» համագործակցել է Երեւանի մամուլի ակումբի հետ։ Շուտով «Պատկերը» կունենա նաեւ երկրաշարժի մասին լուսանկարչական նյութերի homepage-ը։ «Պատկերն» այս պահին բավականին ծրագրեր ունի։

Ռուբեն Մանգասարյանը, որ ճանապարհորդել է Մետաքսի ճանապարհներով, միջինասիական երկրներով, որոշել է շարունակել լուսանկարչական ճանապարհորդության գաղափարը՝ համագործակցելով Հայաստանից դուրս գտնվող նմանատիպ գործակալությունների հետ, եւ այդ աշխատանքները սկսելու համար նա ֆինանսավորում է փնտրում։

Հայոց ֆոտոմոդելների նոր իմիջը

«Պատկերի» վերջին գործունեությունից առավել հետաքրքիր է Հայաստանում ֆոտոմոդելների բնագավառի զարգացումը։

– Հայաստանում, չգիտես ինչու, օրացույցներ հրատարակում էին միայն Խոր Վիրապի եւ Մասիս սարի պատկերով, բայց ոչ հայ աղջիկների լուսանկարներով։ Շատ պարզ միտք եկավ. աղջիկների լուսանկարներով ոչ վուլգար օրացույց տպագրել։ Սկսեցինք նկարահանումները, եւ պարզվեց, որ Հայաստանում ֆոտոմոդել հասկացությունը կարգավիճակ չունի, քանի որ գոյություն չունի դրա շուկան։ Այսինքն՝ կան գեղեցիկ աղջիկներ, որոնք կարող են ֆոտոմոդել լինել, բայց այդ շուկայի բացակայության պատճառով իրենց ոչ ոք չի նկարում, նկարը չի պատվիրվում, եւ ոչ ոք չի վճարում այդ նկարահանման համար։ Շատ աղջիկներ կան, որոնք մանեկենուհիներ են աշխատել…

«Միսս Հայաստանում» էլ լավ աղջիկներ կան, որոնք կարող են նկարվել…»,- ֆոտոմոդելներ նկարելու գաղափարի առաջացման մասին պատմում է Ռուբեն Մանգասարյանը։ – Այդ աշխատանքը սկզբում շատ թեթեւ է թվում, սակայն առանց մոդելավորող-ոճաբանի, վարսավիրի (եւ այլն), ոչինչ հնարավոր չէ անել։ Մենք հավաքեցինք բավական պրոֆեսիոնալ թիմ։

Աշխատանքը գնալով նոր որակներ ստացավ, եւ մի շատ կարեւոր բան պարզվեց ինձ համար՝ Հայաստանում հնարավորություն կա այդ բնագավառը զարգացնելու եւ կան նաեւ բոլոր նախադրյալները՝ ֆոտոմոդելի մասնագիտության զարգացման համար։ Ըստ Ռ. Մանգասարյանի՝ արդեն կան մի շարք խանութներ եւ գործարաններ կամ կազմակերպություններ, որոնք ունեն կամ ցանկանում են ունենալ իրենց գործունեությունը գովազդող աղջկան՝ մոդելին։ Օրինակ, «Միսս Հայաստան»-ներից մեկի ժամանակ «Կիլիկիա» գարեջրի գործարանն ընտրել է իր մոդելին։ Որպես հայ աղջիկների մեծ գիտակ, Ռ. Մանգասարյանն ասում է, որ «հրաշալի սերունդ է աճում, մինչեւ 20 տարեկան աղջիկների արտաքինը բոլորովին ուրիշ է (այլեւս ծամերով հայուհու կերպարը չէ -Ս. Ս.)։ …Կազմվածքը տեղն է, հոգեբանորեն շատ ազատ են, եւ հեշտ է նրանց նկարելը»։

«Պատկերը»

Ինտերնետի միջոցով հայ աղջիկներին ներկայացնելու է արտասահմանյան ֆոտոմոդելային գործակալությունների։ Շուտով լույս կտեսնի աղջիկներով օրացույցը, իսկ հոկտեմբերի 15-ին փոքրիկ հեռուստահաղորդում կներկայացվի։ Ռուբեն Մանգասարյանը հայոց ֆոտոմոդելների իմիջ ստեղծելու ընթացքում մի լավ հայտնագործություն է արել։ Նա վերջապես գտել է «րցՑՌվպՐ» բառի հայերեն տարբերակը՝ «մսագործ»։ «Միսս- երի հետ աշխատում, գործ ենք անում, նկարները վաճառում»,- բացատրում է նա։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031