Եվրասիա հիմնադրամը սկսում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ռեգիոնալ համագործակցության ծրագրեր։ Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող հայկական, վրացական եւ ադրբեջանական կազմակերպությունները հանդիպելու են Վրաստանի Լիկանում քաղաքում եւ մշակելու են համագործակցության ծրագրեր։ Այդ ծրագրերը մշակելու համար կտրամադրվի 2 հազար դոլար գրանտ, իսկ ծրագիրը իրականացնելու համար մինչեւ 45 հազար դոլար։ Մամուլի ասուլիսին ներկա էին այն 75 կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց ներկայացուցիչները պետք է մասնակցեին հոկտեմբերի 14-18-ը անցկացվող ռեգիոնալ համագործակցության համաժողովին։ Ասուլիսին ներկա էր նաեւ Եվրասիա ֆոնդին ֆինանսավորող Ամերիկայի միջազգային զարգացման գործակալության հայաստանյան ներկայացուցչության նոր տնօրեն Դայան Սիտսոսը, որը, թերեւս, ամենաառաջին օտարերկրացին էր, որը ներողություն խնդրեց հայերեն չխոսելու համար՝ պատճառաբանելով, որ ժամանակ չի ունեցել այն սովորելու։
«Մանավանդ Կովկասում ամենակարեւորը անձնական կոնտակտն է, մինչեւ մարդուն չճանաչենք, չենք կարող վստահել»,- իրենց կազմակերպած կոնֆերանսի կարեւորությունը փորձեց ապացուցել Եվրասիա հիմնադրամի Կովկասյան ներկայացուցչության տնօրեն Լորենս Այվազյանը։ Վրաստանում եւ Ադրբեջանում տեղի են ունենալու մամուլի ասուլիսներ, որոնց մասնակցելու են Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանները։ Մեզ չհաջողվեց պարզել, թե այդ 75 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մեկնելո՞ւ է որեւէ գործող հայկական լրատվամիջոցի թղթակից, քանի որ ՀԺՄ-ի ղեկավար Աստղիկ Գեւորգյանը պարզաբանեց, որ ինքը չէ կազմակերպիչը։ Իսկ ֆոնդի ներկայացուցիչներից մի քանիսը ասացին, որ իրենք չեն եղել հրավիրատոմս բաժանողը։
«Առավոտի» հարցին, թե ինչպես կբացատրեք այն փաստը, որ մամուլի վրա ծախսված հարյուր հազարավոր դոլարներ չեն օգնել որեւէ հայկական թերթի, կամ որեւէ հայկական անկախ թերթ ֆինանսական ճգնաժամի պատճառով փակվելով, չի ստացել ոչ մի լումա, պարոն Այվազյանը պատասխանեց. «Նախ, ասեմ, որ այդպես չէ։ Մենք բարեգործական կազմակերպություն ենք եւ իրավունք ունենք օգնելու միայն շահույթ չհետապնդող կազմակերպությունների։ Ըստ Հայաստանի օրենքների, մամուլը համարվում է շահույթ հետապնդող։ Մենք կարող ենք օգնել մամուլին միայն մրցույթի եղանակով։ Այդպիսի մրցույթ եղել է, որին մասնակցել են 44 կազմակերպություններ, որոնցից շահել են 8-ը»։
Հաջորդ հարցը տվեց «Սնարք» գործակալության տնօրեն Էմանուել Մկրտչյանը, որը ուղղված էր առավելապես USAID-ի տնօրեն Դայան Սիտսոսին։ «Վերջին շրջանում թե՛ Հայաստանում եւ թե՛ Վրաստանում Եվրասիա հիմնադրամի շուրջ ստեղծվեցին սկանդալային իրավիճակներ, որի պատճառն այն է, որ ֆոնդը տրամադրելով գրանտներ, առաջնորդվում է միայն անձնական եւ խմբային շահերով։ Երեւի դա նկատի ուներ պարոն Այվազյանը, երբ ասում էր, որ իր համար կարեւոր են «անձնական շփումները»։ USAID-ի տիկին ներկայացուցիչ, դուք հետաքրքրվե՞լ եք, թե ինչ սկզբունքներով են տրամադրվում այդ գրանտները»։
Կարդացեք նաև
Տիկին Սիտսոսի պատասխանը առավել ամփոփ հետեւյալն էր. «Մեզ չեն հետաքրքրում մանրամասները, մեզ հետաքրքրում են արդյունքները, մենք ունենք վերահսկողության հատուկ մեխանիզմներ, որոնց միջոցով հետեւում ենք ֆոնդի աշխատանքներին»։ Լորենս Այվազյանը ասաց, որ հարկ չի համարում պատասխանել, քանի որ պարոն Մկրտչյանը ծանոթ է այն սկզբունքներին, որոնցով հիմնադրամը գրանտներ է շնորհում։ Լորենս Այվազյանի համար տհաճ այս հարցուպատասխանի ժամանակ, ամենահետաքրքիրը հիմնադրամի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների ներկայացուցիչների արձագանքն էր։
Բաց հասարակության, ժողովրդավարության, ազատ խոսքի եւ մամուլի զարգացման եւ պաշտպանության համար դրամ ստացողները թշնամանքով եւ արհամարհանքով էին նայում լրագրողներին, որոնք փորձել էին խաթարել իրենց բոսի հանգիստը։ Իսկ թե ինչ սկզբունքներով է աշխատում Եվրասիա հիմնադրամը, ավելի մանրամասն կարդացեք մեր թերթի հետագա համարներում։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ