Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ նախագահ պրն Ռոբերտ Քոչարյանին

Հոկտեմբեր 14,1998 00:00
Dro gorc

Պրն նախագահ, ինչպես երեւում է, Ձեզ հասցեագրված մեր նամակները տեղ չեն հասնում, քանի որ նամակները մենք հասցեագրում ենք անվանական Ձեզ, նամակում նշելով, որ կան կարեւոր խնդիրներ, որոնք գրավոր հնարավոր չի ներկայացնել, սակայն պատասխանը ստանում ենք նամակների բաժնի վարիչ Ռ. Ասատրյանից, որտեղ նշում է, որ Ձեզ հուզող հարցերը գրեք գրավոր, եւ ամեն անգամ նույն ստանդարտ պատասխանը։ Ուստի, որոշեցինք դիմել չորրորդ իշխանության օգնությանը՝ մեր ձայնը Ձեզ հասցնելու համար։

Խոսքը վերաբերում է հանրահայտ «Դրո» կոչված խմբի տղաների ճակատագրային վախճանին։ Դուք Ձեր նախընտրական արշավի ժամանակ, ինչպես հեռուստացույցով, այնպես էլ լրագրողների ու ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ մի քանի անգամ հայտարարեցիք, որ պետք է վերջ տրվեն ՀՅԴ կուսակցության նկատմամբ բոլոր հետապնդումներին, որ պետք է վերացվեն ՀՅԴ անդամների դատավճիռները եւ այդ «սեւ էջը» պետք է փակվի։ Մենք՝ «Դրո» կոչված խմբի տղաների ծնողներս ու ընտանիքները, ջանք չխնայեցինք Ձեր ընտրությունն ապահովելու համար, կազմակերպելով մեր բոլոր հարազատներին, բարեկամներին, հարեւաններին եւ ընդհանրապես ժողովրդի մեջ պրոպագանդա տանելով, հույս ունենալով, որ Դուք, իրոք, սայլը տեղից կշարժեք եւ «Դրո» խմբի նկատմամբ պատվերով հռչակված դատավճիռները կվերացնեք։

Սակայն մեզ անհասկանալի մնաց, թե ինչ կատարվեց, որ Ձեր ընտրվելուց հետո՝ Վահան Հովհաննիսյանի եւ Հրանտ Մարգարյանի ազատվելուց հետո փորձեր են կատարվում մյուս տղաների նկատմամբ գործը քրեականացնել, մի՞թե պատճառը Հրանտ Մարգարյանի հեռուստաելույթն էր, որը, ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ ճանաչվել էր որպես «բանդայի» ղեկավար եւ ողջ հայությանը հայտնի պարսկական քաղաքականությամբ, այո, պարսկական սկուտեղի վրա մատուցեց այն տղաների գլուխները, որոնք նվիրյալ անձնազոհականներ են, որոնք կռվել են ու ակտիվ մասնակցություն են ունեցել ինչպես Շուշիի գրավմանը, այնպես էլ Ղարաբաղի տարբեր տարածքներում։ Ներկայումս բոլորը երեսով են տալիս, թե մենք ընտրեցինք, եւ պրն Քոչարյանը ընտրվեց ՀՀ նախագահ։ Իսկ ո՞ւր են ձեր տղաները, մի՞թե «Դրո» խումբը Հրանտ Մարգարյանն ու Վահան Հովհաննիսյանն էին, իսկ ո՞ւր են մյուսները։

Մեզ երեսով են տալիս եւ հարցնում, թե ինչպես հասկանալ. «բանդայի» ղեկավարները ազատ շրջում են, «Դրո»-ի անունը շահարկելով պաշտոններ են զբաղեցնում, իսկ մյուս տղաները, որոնք, իրոք, հայրենիքի եւ ազգի նվիրյալներն են, երիտասարդ ծաղկուն տարիները փտեցնում են բանտերում՝ իրենց երեխաներով համալրելով որբերի հսկա բանակը։ Պրն նախագահ, մենք ունենք հնարավորություն եւ կարող ենք դիմել ինչպես Եվրախորհրդին, այնպես էլ միջազգային այլ կազմակերպություններին, սակայն, գիտակցելով, որ դրսի տարբեր ուժեր կշահարկեն եւ դա օգուտ չի բերի մեր հանրապետությանը, ինչպես որ «Դրո» անունը շահարկվեց մի քանի պարոնների կողմից, հանուն մաշկի փրկության, հանուն իրենց անձնական շահի եւ աթոռների։ Մենք բոլորով եկել ենք այն համոզման, որ Ձեզ ապակողմնորոշում են իշխանության մեջ թափանցած որոշ պարոններ, այնպես, ինչպես Դավիթ Շահնազարյանները ապակողմնորոշեցին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որի արդյունքին ականատես եղավ ողջ աշխարհը։

Դուք Ձեր մի հրամանագրով չեղյալ հայտարարեցիք նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 1994 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագիրը ՀՅԴ կուսակցության կասեցման վերաբերյալ, բայց չէ՞ որ այդ հրամանագիրը տրվել էր եւ կուսակցությունը կասեցվել էր «Դրո» խմբի կապակցությամբ, սակայն կուսակցության գործունեությունը վերականգնվեց, որի համար շնորհակալություն ենք հայտնում, իսկ «Դրո»-ի տղաները մնացին բանտերում։ Մի՞թե դեկտեմբերի 28-ի հրամանագրի կեսը համարվեց չեղյալ, իսկ մյուս կեսը մնաց ուժի մեջ։ Իսկ այն պարոնները, որոնք հայտարարում են, թե Գերագույն դատարանը վճռել է, որ «Դրո» խումբը կապ չունի ՀՅԴ կուսակցության հետ, պետք է ասել, որ այդ պարոնները բացարձակ ստում են, նման վճիռ կամ որոշում գոյություն չունի, այլ ընդհակառակը, դատավարությունը նախագահող Էդվարդ Մանուկյանը միտումնավոր այդ հարցը շատ սահուն ձեւով թողել է առկախ, օդից կախված՝ ոչ գրել է թե կապ ունի եւ ոչ էլ կապ չունի, դա արվել է միտումնավոր, տեղ թողնելով ցանկացած ժամանակ, ցանկացած ձեւով շահարկելու։

Պրն նախագահ, մենք շատ ամուր կամք ունենք եւ այդ ձեւով էլ դաստիարակել ենք մեր զավակներին, մենք երբեք չենք ասել եւ չենք ասի՝ տղաս, եթե գաղտնիքներ էլ գիտես, հայտնիր, միայն մաշկդ փրկի։ Մենք պատրաստ ենք զոհելու մեր տղաներին եւ ինքներս էլ զոհվելու հանուն մեր հայրենիքի եւ հանուն հայ ազգի, բայց ոչ թե մի քանի թափթփուկների ու երկերեսանի դավաճանների աթոռների համար։ Այդ իսկ պատճառով մենք ներում չենք խնդրում, մենք խնդրում ենք «Դրո» գործը վերանայել, այն ուղարկել լրացուցիչ քննության, որի ժամանակ շատ հավանական է, որ հանդես կգան նոր հանգամանքներ եւ շատ մութ էջեր կլուսավորվեն։

Նկատի առնելով, որ նախաքննության ժամանակ գործադրվել են խիստ արգելված քննչական մեթոդներ, որոնք չի կարելի համեմատել երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերմանական գեստապոյի կողմից գործադրված մեթոդների հետ, իսկ դատավոր Էդվարդ Մանուկյանը դատաքննության ժամանակ տրված ցուցմունքները շրջանցելով, հակառակ գոյություն ունեցող օրենքի, հիմնվել է նախաքննության ժամանակ խոշտանգումներով ու բռնի ուժով կորզված ցուցմունքների վրա, որի վառ ապացույցը Արտավազդ Մանուկյանի սպանությունն էր, եւ քանի որ պարտադրված էր պատվերը կատարել, գուցե հակառակ իր կամքի, մարդու իրավունքների պաշտպանության օրը հռչակեց իր եղեռնական դատավճիռը երեք մահապատիժներով եւ 15 տարի ազատազրկումներով, չնայած այն բանի, որ դատախազ Միքայել Գրիգորյանը հայոց եղեռնի նախօրյակին՝ ապրիլի 23-ին պահանջել էր չորս մահապատիժ, այն համարելով անկախ Հայաստանի «ժողովրդավարության եւ իրավական պետության» ստեղծման ճանապարհին դատական համակարգում արվող անդրանիկ քայլերից մեկը, որի համար Թուրքիան ու Ադրբեջանը ծափահարեցին։

Ողջ աշխարհին հայտնի է, որ այս հեքիաթային քաղաքական շոուն կազմակերպվել է միայն մի նկատառումով, այն է՝ վարկաբեկել եւ կասեցնել ՀՅԴ կուսակցությունը, քավության նոխազ դարձնելով «Դրո» խումբը։ Իսկ Արտավազդ Մանուկյանի փաստացի սպանության համար դատավոր Էդվարդ Մանուկյանը «մոռացել» է մասնավոր որոշում կայացնել, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Summa lex summa injuria (լատին.) -«ծայրահեղ օրենքը ծայրահեղ անօրինություն է»՝ իրավաբանական առած, որ հիշում է Ցիցերոնը, որը նշանակում է օրենքը ամենայն խստությամբ գործի դնելը հաճախ չարիք է պատճառում։

ԱՐԾՐՈՒՆԻ, ՄՆՋՈՅԱՆ, ԶԱՔԱՐՅԱՆ, ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031