Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՏԱԾ ՉԵ՞ՆՔ ԼԻՆԻ ՈՒՐԻՇԻ ԴԱՇՏԸ»

Հոկտեմբեր 14,1998 00:00
Aida Topuzyan

Երեկ տեղի ունեցավ ՀՀ նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի հերթական նիստը։ Այս անգամ նիստն ունկնդրեց բոլոր փոխնախարարներին՝ իմանալով նրանց մտքերն իրենց գլխավորած տիրույթների եւ տարածքային կառավարման օղակների հարաբերությունների մասին։ Փոխնախարարները հետաքրքիր մտքեր էին փոխանակում, եւ ժամանակ առ ժամանակ գործընկերներից մեկին դիմելիս, չգիտես ինչու, նախօրոք խնդրում էին. «Միայն թե չնեղանաք»։ Գործընկերներն էլ չէին նեղանում եւ յուրաքանչյուրն իր հերթին ներկայացնում էր իր կարծիքը։

Համայնքների դերի եւ նշանակության բարձրացման քննարկումներն այնքան ոգեւորեցին ասենք կառավարության սոցիալական վարչության պետ Կ.Հայրապետյանին, որ վերջինս փոստի եւ հեռահաղորդակցության փոխնախարարին հարցեր տալու ընթացքում որոշեց հանդես գալ գյուղապետի դերում։ Այնուհետեւ մի փոքր հեռուն գնալով, որոշեց հարց տալ նաեւ գլխավոր գանձապետի՝ պրն Ասլիկյանի փոխարեն։ Քանի որ այս «կերպարանափոխությունը» տեղի էր ունենում նիստի ավարտին, ներկաները ինչպես որ հարկն է, ուժ չունեին գնահատել իրադրությունը։ «Լուրջ նիստի էիր մասնակցում, անլուրջ բաներից ես գրում»,- երեւի կքրթմնջա լրջախոհ ընթերցողը։ Վերջիններիս պահանջատիրությունը բավարարելու նպատակով առավել լրջությամբ ներկայացնենք մի քանի կարեւոր (ըստ իս) մանրամասներ։

Կրթության փոխնախարար Աիդա Թոփուզյանը, ձեռքը ցավոտ կետի դնելով, հիշեցրեց նախադպրոցական հիմնարկները համայնքներին հանձնելուց հետո կատարվածի մասին։ Համայնքապատկան դառնալուց ի վեր հանրապետության 81 մանկապարտեզ արդեն փակվել է։ Այժմ դպրոցները համայնքներին հանձնելու ընթացքն է. «Մեր նախարարությունը շատ լավ հասկանում է, որ դպրոցը պետք է գնա համայնքին, բայց պետք չէ միանգամից այդ գործընթացն սկսել, այլ պետք է էտապ առ էտապ անցնել։ Շնորհակալ ենք, որ մեր այս կարծիքը հաշվի առնվեց եւ առայժմ միայն 50 դպրոց է անցնելու համայնքների ենթակայության»։ Տիկին Թոփուզյանը ուզում էր, որ դպրոցը ստանա իրավաբանական անձի կարգավիճակ, եւ ունենա արտաբյուջետային հատկացումների հնարավորություններ։ Դպրոցը պետք է պետական մենաշնորհ լինի, եւ պետությունը պետք է պատասխանատու լինի կրթության հարցերում։

Այստեղ էլ հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը հիշեց իր կուսակցական պատկանելությունը. «Հիմա որ ասեմ, կասեք. Դաշնակցության մեջ էլ կա գաղափարական միասնություն եւ կազմակերպչական ապակենտրոնացում»։ Իսկ տիկին Թոփուզյանը. «Ես չգիտեի, թե Դաշնակցությունն ինչ է ասում»։ Դպրոց-պետություն-համայնք հարաբերությունները բավականին երկար քննարկվեցին, սակայն եթե յուրաքանչյուր քննարկված հարց մանրամասն ներկայացվի, ընթերցող կկորցնենք։

Գյուղատնտեսության փոխնախարարն իր հերթին առաջարկեց մի քանի գյուղացիական տնտեսություններ միացնել եւ ստեղծել կոլտնտեսություններ (ոմանք կարող են երազանքների գիրկը չընկնել, խոսքը սովետական կոլեկտիվ տնտեսությունների մասին չէ), որոնք, ըստ փոխնախարարի, ավելի կհեշտացնեն վարկերի տրամադրումը։ Բնապահպանության փոխնախարար պրն Պապյանի կարծիքն այն է, որ ամբողջ հանրապետությունում պետք է իրականացնել մեկ միասնական բնապահպանական քաղաքականություն։ Վիճակագրության փոխնախարարի կարծիքով իրենք մտած չեն լինի ուրիշի դաշտը, «նկատի ունեմ այլ նախարարության» (տեղից նախագահ Վ. Հովհաննիսյանը հստակեցրեց. «Ուրիշի դաշտ չկա»), քանի որ մահերը եւ ամուսնություններն, օրինակ, մինչեւ 1994 թվականը կատարվում էին գյուղական խորհուրդների կողմից, սրանից հետո դա կենտրոնացվեց մարզկենտրոնում։ Եվ այս պայմաններում գյուղական համայնքներն ունեն իրենց տնտեսական գրքերը։

Արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարարը հատուկ շեշտեց, որ չի կարելի եկեղեցի կամ արձան կառուցել պետական փողերով, քանի որ հաջորդ պետությունը դրանք քանդելու է։ Իսկ երբ ժողովուրդն է կառուցում եւ ճիշտ մարդու համար է կառուցում, դա մնում է։ «Մինչեւ այսօր չկա արդյունաբերության զարգացման ռեգիոնալ քաղաքականություն, պետական փաստաթուղթ, որ մարզպետն էլ իմանա իր անելիքը»։ Փոխնախարարի կարծիքով պետության համար խորթ եւ հարազատ զավակ չի կարող լինել։ Նա նկատի ուներ պետականը եւ մասնավորը։

Հանձնաժողովի աշխատանքը բավականին երկար տեւեց, եւ ժամը 14.30-ին արդեն պարզ էր, որ աշխարհում ոչ մի երկիր տրամաբանությամբ չի շարժվում, այլ՝ օրենքով։ Իսկ հանձնաժողովի անդամները կամաց-կամաց հեռանում էին, քանի որ ԱԺ-ի նիստի օր էր եւ մարդիկ պարտավոր էին նաեւ այնտեղ լինել։ Ի վերջո ասվեց նաեւ, թե հարկավոր է համայնքին մաքսիմալ հնարավորություններ տալ, որքան հնարավոր է՝ շատ եւ ճիշտ։ Հանձնաժողովի հերթական նիստը որոշվեց անցկացնել հոկտեմբերի 29-ին ժամը 15-ին։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031