Ազգային ժողովում, ըստ էության, հայտարարությունների ժամը երեք րոպե շուտ սկսվեց։ Դա նշանավորվեց նրանով, որ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը վերստին հայտնվեց նախագահությունում եւ տեղ զբաղեցրեց իր աթոռին։ Մինչ այդ արդեն խորհրդարանական միջանցքներում խոսում էին, որ նա հանդես է գալու հայտարարությամբ եւ կրկնելու է հրաժարականի դիմումը։ Այդպես էլ պատահեց, սակայն մինչ այդ տեղի ունեցավ մի հետաքրքիր իրադարձություն. Ալբերտ Բազեյանն ու Վահագն Խաչատրյանը, ինչպես ծանուցեց նախագահող Յուրի Բախշյանը, փոխադարձ պայմանավորվածությամբ հայտարարությունների իրենց հերթերը հետուառաջ արեցին, ինչի արդյունքում Վահագն Խաչատրյանին այդպես էլ խոսք ասելու հնարավորություն չտրվեց նույնիսկ այն բանից հետո, երբ նախագահողը եւս 15 րոպեով երկարաձգեց նիստը։ Եվ իրոք Ալբերտ Բազեյանը հաստատեց, որ հրաժարվում է եւ խնդրանքով դիմեց Ազգային ժողովին, որպեսզի պատգամավորներն այդ հարցում օժանդակեն իրեն։ Իսկ մինչ այդ նախորդեց բացատրությունը։
ԱԺ փոխնախագահն ասաց, որ «Երկրապահ» պատգամավորական խումբը, որի անդամն է ինքը, քննարկել է հարցը եւ բացասական վերաբերմունք արտահայտել։ Տվյալ դեպքում, մի կողմից քաղաքական պատասխանատվության խնդիր է դրված, իսկ մյուս կողմից էլ առկա է պատգամավորի արժանապատվության եւ սկզբունքայնության խնդիրը։ Ցավոք, ինչպես մատուցեց հռետորը, հարցը ենթադրվածից շատ ավելի լայն քննարկման արժանացավ եւ զանազան քաղաքական ենթադրությունների տեղիք տվեց։ Փոխխոսնակն այնուհետեւ հայտարարեց, որ հարգելով հանդերձ պատգամավորական խմբի անդամների դիրքորոշումը, ինչպես նաեւ ընդունելով, որ ոչ ճիշտ մոտեցում է եղել մինչեւ հրաժարականը հարցը պատգամավորական խմբում քննարկման առարկա չդարձնելը, ինքն, այդուհանդերձ, ստեղծված իրավիճակում հոգեբանորեն դժվար է համարում ԱԺ փոխխոսնակի պաշտոնում աշխատանքը շարունակելը։
Ալբերտ Բազեյանն ասաց նաեւ, որ իբրեւ պատգամավոր նորից պատրաստ է հետեւողական աշխատանքի։ Նրանից հետո ելույթ ունեցավ պատգամավոր Արամազդ Զաքարյանը՝ իր խոսքը մատուցելով «Երկրապահ» պատգամավորական խմբի անունից։ Բնականորեն, Ալբերտ Բազեյանի դիրքորոշումը՝ թողնել ԱԺ փոխնախագահի պաշտոնը, մերժվեց, եւ խորհրդարանի պատգամավորներին կոչ արվեց քվեարկել նրա հրաժարականին դեմ։ Հարցը վերջնականապես կլուծվի ԱԺ այսօրվա նիստում, երբ վերջնականապես խորհրդարանը հարցի վերաբերյալ կհստակեցնի դիրքորոշումը։ Այս անգամ հայտարարությունների ժամին կրքերի շիկացման կիզակետում կոմունիստներն էին։ Պատգամավոր Նորայր Պետրոսյանն իր զայրույթի սլաքներն ուղղեց վերջին շրջանում կոմունիստների համար անփոփոխ թիրախին. «Նա իր ժանիքներն է ցույց տալիս ԱԺ բարձր ամբիոնից։ Ինչպե՞ս գնահատել երեւույթը, երբ սադրանքի հեղինակը ոչ միայն պատգամավոր է, այլեւ հանրապետության նախագահի խորհրդական մարդու իրավունքների պաշտպանության գծով։ Դուք, հավանաբար, հիշում եք, որ ոչ անհայտ Պարույր Հայրիկյանը, հագուրդ տալով իր անհեթեթ բաղձանքներին, հայտարարեց, թե իբր հայ մեծ բանաստեղծ Պարույր Սեւակին կոմունիստները ենթարկել են ավտովթարի»։
Մինչդեռ, պատգամավորի կարծիքով, Անտոն Քոչինյանն ու Պարույր Սեւակը մտերմագույն բարեկամներ են եղել. «Եթե ՀՀ նախագահի խորհրդական Պարույր Հայրիկյանն այս մակարդակով է խորհուրդ տալիս խորհրդի կարոտ նախագահին, վա՜յ մեզ, վա՜յ մեր ժողովրդին։ Թեմայի շարունակությունը՝ հետո»։ Կրքոտ խոսեց նաեւ Լեոնիդ Հակոբյանը՝ իր խոսքում ասելով հետեւյալը. «Դե, ես, անշուշտ, կարող եմ ներողամտություն ցուցաբերել ակադեմիկոս Գրիգոր Ավագյանի տնտեսագիտական թերի գիտելիքների եւ տարրական անտեղյակության նկատմամբ, բայց չեմ կարող հանդուրժել, որ ժողովրդին այս ամբիոնից խաբեն եւ գցեն թյուրիմացության մեջ»։ Այնուհետեւ պատգամավորը ցանկացավ բացատրել, թե ինչպե՞ս են բուժում հիշողության կորուստը գիտականորեն, սակայն նրան այդ հնարավորությունը ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը չտվեց։ Լեոնիդ Սամսոնիչն էլ ավելի փրփրեց. «Ո՞վ է իրավունք տվել ձեզ, որ օրը ցերեկով ինձ ընդհատում եք»։
Կարդացեք նաև
Ամբիոն ելած մյուս կոմունիստը Գագիկ Թադեւոսյանն էր, որը պահանջեց չանտեսել Ռուսաստան-Բելառուս միությանն անդամագրվելու համար հավաքված 1 մլն ստորագրությունը, եւ պատվիրակություն ուղարկել այդ միության խորհրդարանական վեհաժողով՝ դիտորդի կարգավիճակով։ Եվս երկու հետաքրքրաշարժ հայտարարություն արվեց, բայց այս անգամ «Հանրապետություն» միավորման անդամների կողմից։ Երջանիկ Աբգարյանը տեղը տեղին պատասխանեց վարչապետ Արմեն Դարբինյանին, որն իր պնդումը, թե վերջինիս չորս առաջարկները մերժվել են Բաքվում, սադրանք է համարել։ Երջանիկ Աբգարյանը համարում է, որ մեզանում, վարչապետի օրինակը վկա, արմատավորվում է մի պրակտիկա, երբ հարցերը լուծելու փորձ է արվում լիակատար անտեղյակության հիմքի վրա։ Մինչդեռ ժողովրդին խաբելու որեւէ փորձ, Երջանիկ Աբգարյանի համոզմամբ, արդյունք չի ունենալու։
Պատգամավոր Աշոտ Սարգսյանն էլ խոսեց արտաքին քաղաքականության բացթողումների մասին, ասելով, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց այն պայմաններում, երբ նրա արտաքին քաղաքականությունը գնահատվում էր պարտվողական։ Սակայն մինչեւ օրս էլ մշակված չէ այն հաղթական հայեցակարգը, որով պետք է հանգուցալուծվի Ղարաբաղի հարցը։ Ինչի՞ց է, որ նախագահի աշխատակազմը եւ մի ողջ նախարարություն միասին չկարողացան ընդամենը 15-20 տող գրել՝ ձեւակերպելով իրենց մոտեցումները։ «Պատճառները տեխնիկակա՞ն են, թե՞ մտավոր»,- եզրափակեց Աշոտ Սարգսյանը։
Ա. ԶԱՔԱՐՅԱՆ