Նոր խորհրդարանական ընտրությունները դեռեւս առջեւում են, բայց պատգամավորների ելույթ ունենալու կիրքն արթնացել է այնպիսի ուժգնությամբ, որ իրենք արդեն որոշումներ են ընդունում՝ իրենց չենթարկվող Հայաստանի ազգային հեռուստատեսության հաղորդացանցը փոխելու եւ սեփական մտքի մարգարիտներն այդ ժամանակահատվածում ժողովրդին հրամցնելու առումով: Երեւի, կարծում են, որ ներկա կամ նախորդ իշխանությանը հայհոյող կամ գովաբանող իրենց ճառերը չեն հասցնի վերջնականապես զզվեցնել հեռուստադիտողներին՝ ընտրարշավի պաշտոնական սկիզբը հայտարարելուց հետո, եւ որոշել են այսօրվանից սկսել: Այսինքն՝ նստել հեռուստախցիկի առաջ եւ գովազդել (այն էլ անվճար) իրենց գաղափարները:
Հեռուստատեսությունն, այսպիսով, դառնում է մի մեծ խոսափող, որի մեջ հնարավոր է ցանկացած աղբ լցնել: Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ նման ձգտումներ չեն կարող ունենալ կառավարությունը, առանձին վերցրած նախարարություններ կամ, ասենք, ֆիլհարմոնիկ նվագախումբը: Վստահ եմ, Լորիս Ճգնավորյանն էլ ժողովրդին ասելիք ունի, ուստի նրան կարելի է տրամադրել օրական կես ժամ: Ենթադրենք. առաջին «Հայլուրի» փոխարեն:
Իհարկե, Ազգային ժողովի աշխատանքները պետք է լուսաբանվեն: Հնարավոր է, որ դրանց պետք է առանձին հաղորդում նվիրվի: Բայց ցանկացած հեռուստատեսություն (նույնիսկ պետական) պետք է ինքը որոշի այդ լուսաբանման ձեւն ու բովանդակությունը, առավել եւս հեռարձակման ժամը: Այլապես մենք այնպիսի մի աբսուրդի կհասնենք եւ այնպես կվարկաբեկենք Ազգային ժողովը, որ խորհրդարանի ինստիտուտի նկատմամբ ժողովրդի հավատը վերականգնելու համար տասնամյակներ կպահանջվեն:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ