Մայրաքաղաքի թիվ 40 ընտրատարածքում Հրանուշ Խառատյանին որպես ԱԺ պատգամավորության թեկնածու գրանցելու խնդիրն՝ իր բոլոր մանրամասներով, անդրադարձել ենք։ Տիկին Խառատյանին՝ փաստաթղթերում թերացում ունենալու պատճառաբանությամբ թե՛ տարածքային ընտրատեղամասում, թե՛ կենտրոնական ընտրական հանձնաժողովում մերժել էին որպես ԱԺ պատգամավորության թեկնածու գրանցել։
Անցնելով տարբեր դատարանների (թե՛ «ընկերական», թե՛ ժող.) բովով, Հրանուշ Խառատյանը հայց ներկայացրեց Սպանդարյանի ժողդատարան՝ (դատավոր՝ Ելիզավետա Դանիելյան) ընդդեմ ԿԸՀ-ի գործողությունների։ Մինչ դատը (որն, ի դեպ, սկսվեց մեկ ժամ ուշացումով. սպասում էինք ԿԸՀ-ի իրավաբան Պատվականին) զրուցեցի տիկին Խառատյանի հետ եւ իմացա, որ նա կանխակալ (վատ) վերաբերմունք ունի դատարանների հանդեպ առհասարակ, որ նրա թիկունքին կանգնած չէ Աշոտ Մանուչարյանը եւ որ ինքը համոզված է, որ դատը տանուլ է տալու։
Նրա համար մեծ անակնկալ էր, որ ի դեմս իրեն՝ վտանգ են տեսել. «Ես իմ աչքին երբեք բոբո չեմ երեւացել»,- սրբագրեց իրեն տիկին Խառատյանը։ Դատապրոցեսին մանրամասնորեն անդրադառնալն այնքան էլ նպատակահարմար չէ, քանի որ կողմերը պարզապես եռանդով պաշտպանվում էին։ Նիստի ընդմիջմանը՝ ի տարբերություն նիստի ընթացքի, մի շատ մտերմիկ, ես կասեի՝ ընտանեկան ջերմ մթնոլորտ ձեւավորվեց։ Է՛լ «Ֆիլարետ», է՛լ «Հրանուշ ջան», է՛լ «ես շատ եմ ցավում, որ Հրանուշ Խառատյանի նմանները քիչ են ԱԺ-ում», է՛լ «հիմա հաղթողներ ու պարտվողներ չկան»… Այն, որ գոնե դատարանի ներսում, այսպես ասած, բախվողները հաստատ՝ ոչ հաղթելու էին, ոչ պարտվելու, պարզ էր։ Քանի որ թե՛ մեկ, թե՛ մյուս կողմի կրակը բորբոքողները մեջտեղներում հեռատեսորեն չեն երեւում։
Ֆիլարետ Բերիկյանն, օրինակ, ի թիվս իր այլ արժանիքների եւ բոլոր գործերը մինչեւ վերջ հասցնելու «խասիաթի»՝ համոզում էր, որ ինքը դեռ մինչեւ վերջ պիտի հասցնի ու բոլորի առաջ բացահայտի «Ավանգարդ» հումանիտար կենտրոնի ինչ լինելը։ «Կենտրոնի նպատակը, ես գիտեմ, գրանտ պոկելն է»,- գուցեեւ ոչ առանց հիմնավորման պնդում էր նա։ Հետաքրքիր էր, որ տիկին Խառատյանի իրավաբան Էդիկ Մամիկոնյանը ՀՅԴ-ի անդամ էր (արդեն կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել), թեեւ ԿԸՀ-ի վերջին նիստում պնդում էր, որ ոչ լեգալ, ոչ անլեգալ որեւէ կուսակցության չի հարում։ Դատարանը որոշեց բավարարել Հրանուշ Խառատյանի գանգատը եւ պարտավորեցնել ԿԸՀ-ին գրանցել նրան որպես ԱԺ պատգամավորության թեկնածու։
Կարդացեք նաև
Այս որոշումը գոհացրեց (բնականաբար) տիկին Խառատյանին եւ նա հետ վերցրեց դատարանների հանդեպ իր կանխակալ մոտեցման խոսքերը։ Փոխարենը, դատարանների հանդեպ իր անվստահությունը խորացրեց Ֆիլարետ Բերիկյանը։ ԿԸՀ-ն օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում կարող է վճիռը գանգատարկել Վճռաբեկ դատարանում։ Պարոն Բերիկյանը մի քիչ թեւաթափ էր ու հիասթափված, այնպես որ այդպես էլ չպատասխանեց՝ կդիմի՞ ԿԸՀ-ն Վճռաբեկ դատարան, թե՞ ոչ։ Փաստորեն, Ընտրությունների մասին օրենքի թերացումները, գուցե թե՝ ոչ առանց ինչ-որ երրորդ ուժի միջամտության, դատարանի դուռը հասցրին թե՛ ԿԸՀ-ին, թե՛ Հրանուշ Խառատյանին։ Թե երրորդ ուժի (տվյալ դեպքում՝ Աշոտ Մանուչարյանի) անձը որքանով է դիրիժորում այս գործը եւ արդյո՞ք սա միայն աղմուկ էր քաղաքական ենթատեքստով, կներկայացնենք գործը մանրամասն ուսումնասիրելուց հետո։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ