Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԽ՝ ՎԵՐԱԲԵՐՄՈ՞ՒՆՔ ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 13,1998 00:00
Aleqsandr Agamalyan

Քաղաքական խորհրդի կազմում ստեղծվել է սոցիալ-տնտեսական հանձնաժողով։ Հանձնաժողովի պատասխանատու է նշանակվել ԳիԱրՔՄԻ ներկայացուցիչ Ալեքսանդր Աղամալյանը։ Նա ներկայացնում է հանձնաժողովի աշխատանքային ծրագիրը։

-Հիշեցնեմ՝ ՔԽ-ն բաղկացած է քաղաքական կազմակերպությունների լիդերներից։ Նրանց խորհրդի ներսում ստեղծված հանձնաժողովների կողմից ներկայացվելու է որոշումներ եւ նախագծեր։ Խորհրդատվական այս մարմինը պետք է նաեւ մասնագիտական խորհրդատվություն տա նախագահին։ Հենց այս նպատակով էլ ՔԽ-ի ներսում ստեղծվել են մասնագիտական հանձնախմբեր։ Նորաստեղծ սոցտնտեսական հանձնախմբի աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են ՔԽ-ում ընդգրկված բոլոր կուսակցությունները։ Այս հանձնախումբն ունի երկու ենթահանձնաժողով՝ սոցիալական եւ տնտեսական։ Դրանք հանձնաժողովի լիագումար նիստերի համար փորձագիտական մակարդակի եզրակացություններ են ներկայացնելու։

-Ի՞նչ հարցեր են քննարկվել հանձնաժողովի անցած երկու նիստերում։

-Նախ, կազմակերպչական աշխատանքներ են իրականացվել։ ՔԽ-ն հաստատել է ինձ սոցտնտեսական հանձնաժողովի պատասխանատու, տնտեսական ենթահանձնաժողովի պատասխանատուն է Գագիկ Վարդանյանը՝ «Երկրապահ» միությունից, սոցհանձնաժողովի պատասխանատուն Արմեն Պողոսյանն է՝ ՍԻՄ-ից։ Հանձնաժողովն աշխատելու է երեք հիմնական ուղղություններով՝ սոցտնտեսական գլոբալ ծրագրերի մշակում, առանձին սոցիալական եւ տնտեսական հանգույցների, ոլորտների փորձաքննություն եւ պաշտոնական նախագծերի ու որոշումների փորձաքննություն (կառավարության, ԱԺ-ի որոշումների փաստաթղթերի փորձաքննություն)։ Երկրորդ նիստի ընթացքում մենք արդեն կոնկրետ հարց էինք քննում։ Այդ հարցը ներկայացրել էր ԳիԱրՔՄԻ փորձագիտական խումբը, որն արդեն չորս ամիս է զբաղվում է այդ խնդրով։ Խոսքը հիմնականում վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագներին եւ այդ ոլորտի խնդիրներին։ Անկախ փորձագետներից կազմված խմբերն ուսումնասիրել են էլեկտրաէներգիայի սակագների գոյացման մեխանիզմը, աշխատել են էներգետիկայի պետական սակագնային հանձնաժողովի հետ։ Այսօր նրանք առաջարկում են մի քանի պարզ միջոցառումներ, որոնց կիրառումից հետո սակագինը կարելի է արագ իջեցնել մինչեւ 17 դրամ։ Բոլոր համապատասխան հաշվարկները փորձագետների կողմից ներկայացված են։ Հեռանկարային ծրագիր է ներկայացված, որը կարող է բարձրացնել էներգետիկ համակարգի աշխատանքի արդյունավետությունը։ Մեր փորձագետների խումբը շատ մեծ ու բարդ աշխատանք է կատարել։

-Այսօր գործող սակագների համակարգում ներառվա՞ծ է արդյոք «էներգետիկ» վարկերի մարման գումարը։

-Վարկերի մարման գումարը մեծամասամբ մտնում է գործող սակագների մեջ, եւ սա վիճահարույց հարցերից մեկն է։ Մեր կարծիքով, կան վարկեր, որոնց մարման գումարը սակագների մեջ հաշվարկելը սխալ է։ Այս հարցը առավել մանրամասն ներկայացված է ԳիԱրՔՄԻ-ի տնտեսակլան հանձնաժողովի վերլուծություններում, որոնք հրապարակվել են «Հայոց աշխարհ» օրաթերթում։

-Հանձնաժողովում ինչպե՞ս ընթացավ այս հարցի քննարկումը։

-Պետք է ասեմ, որ միանշանակ չընդունվեց։ Ներկաներից ոմանց համար հոգեբանորեն դժվար էր պատկերացնել, թե ինչպես կարելի է վերցնել այսքան վիճահարույց հարց, պետական հարց, որն անմիջապես վերաբերում է պետբյուջեին, եւ քննարկել։ Ես ակնկալում եմ, որ այս հարցում մենք մեծ դժվարություններ ենք ունենալու։ Կլինեն կազմակերպություներ, անհատներ որոնք կփորձեն այս հարցն արհեստականորեն բարդացնել։ Ես համոզված եմ, որ պետական հանձնաժողովն իր հերթին կգրի, որ դա դիլետանտիզմ է։ Սակայն հիշեցնեմ, որ մենք այս աշխատանքներում ներգրավել ենք էներգետիկ հանձնաժողովի անդամներից ոչ պակաս մասնագետների, նրանց դասախոսներին։

-Այս կոնկրետ հարցի օրինակով ներկայացրեք ՔԽ-ի խորհրդատվական աշխատանքային համակարգը։

-Հաջորդ նիստերում մեր հանձնաժողովը կավարտի այս հարցի քննարկումը։ Եթե ընդունենք մեկ միասնական փաստաթուղթ, այն կներկայացվի ՔԽ-ի նիստին։ Այդ մակարդակում էլ հավանության արժանանալու դեպքում այն կներկայացվի ուղիղ նախագահին (հանրապետության -Ա.Գ.)։ Իհարկե, նախագահի կամքն է հաշվի առնել կամ չառնելը։ Սակայն հիշեցնեմ, նախագահը մի այսպիսի բան է ասել. «Եթե 12 կազմակերպություն ներկայացնի մի կարծիք, այն էլ լուրջ ուսումնասիրված, մշակված, ինձ դժվար կլինի այն մերժել»։

-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում պաշտոնական նախագծերի քննարկումը, կառավարությունը ձեզ փաստաթղթե՞ր է ներկայացնելու փորձաքննության։

-Ճիշտ կլինի, որ մեզ ներկայացվեն ե՛ւ ԱԺ-ում, ե՛ւ կառավարությունում քննարկվող նախագծերը, որպեսզի դեռ քննարկման ընթացքում մենք կարողանանք մեր կարծիքը հայտնել։ Իսկ եթե այդպես չլինի եւ նախագծերը, որպես ընդունված որոշումներ ներկայացվեն նախագահին ստորագրության, այս դեպքում մենք նախագահին կհայտնենք մեր կարծիքը։ Իհարկե, ցանկանալի է, որ մենք կարողանանք պայմանավորվել ԱԺ-ի եւ կառավարության հետ, որ նախապես կարողանանք մեր կարծիքը հայտնել։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031