Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐԿԱՆԵՐԻ ԵՎ ԲԱՑԱԿԱՆԵՐԻ ԿԵՆԱՑԸ

Հոկտեմբեր 13,1998 00:00
Aravot

Հաստատ համոզումով կարող եմ պնդել, որ, այնուամենայնիվ, երեւանցին հոկտեմբերի 10-ին Էրեբունի- Երեւան տոնակատարության կրողը եղավ։ Բազմամարդ էին հրապարակները, փողոցները, ու թեպետ ինչ-ինչ վերապահումներ կարող են լինել, որ բովանդակությամբ, իրոք, ժողովուրդը դեռ այս տոնակատարությունն իր մեջ չի կրում, սակայն անվերապահորեն կարող ենք ասել մեկ բան. ձեւի մեջ երեւանցին այն արդեն ընդունել է։ Հուսանք, որ տոնը կլինի ոչ թե տասը տարին մեկ, այլ՝ ամեն տարի։ Բնականորեն, օրվա իրադարձությունները հանգուցալուծման հասան քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի կազմակերպած ընդունելությամբ, որը տեղի ունեցավ մարզահամերգային համալիրում։

Պաշտոնական լեզվով ասենք՝ ներկա էին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, սակայն մեր աչքից, այնուամենայնիվ, չվրիպեց մի էական հանգամանք. ներկա չէր Երեւանի նախկին քաղաքապետներից եւ ոչ մեկը՝ սկսած Արտաշես Գեղամյանից, մինչեւ Վահագն Խաչատրյան, Աշոտ Միրզոյան եւ Վանո Սիրադեղյան։ Մեկ կարեւոր հանգամանք եւս՝ ներկա չէր Էրեբունի-Երեւան տոնակատարության հեղինակային իրավունքը վայելող Կարեն Դեմիրճյանը եւս։

Մի խոսքով, «զորահանդեսի հրամանատարը» քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն էր, որը կազմակերպչի դափնիները պահեց իրեն՝ դրանից նշույլ իսկ չզիջելով հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ի դեպ նշենք, որ ընդունելության ժամանակ Սուրեն Աբրահամյանն իրեն իսկական տանտիրոջ պես պահեց. սեղանից սեղան, խմբից խումբ էր անցնում ու ցանկանում, որ բոլոր հրավիրյալներն իրենց լավ զգան։ Այդ պատճառով է, որ նա չկա Ռոբերտ Քոչարյանին շրջապատած մարզպետների մեջ, որոնց տեսնում եք առաջին նկարում։ Իսկ դրանից հետո խորհրդավորություն եւ հետաքրքիր գաղտնիքներ բովանդակող լուսանկարներ են:

Երկրորդ լուսանկարում զրուցում են Սմբատ Այվազյանն ու Սերժ Սարգսյանը. անիմանալի՜ են «Երկրապահի» եւ ՆԳ եւ ԱԱ նախարարության համատեղ գործերը։

Երրորդում՝ Ստավրոպոլի կազակների ատաման Ֆեդոսեեւն է, որը սիրով նկարվեց ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի դստեր հետ։ Երբ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Ջեմմա Անանյանը եւ պաշտպանության եւ ՆԳ հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Համլետ Հայրապետյանը՝ երեքն էլ երկրապահ, նկարվեցին, որ «անմահանան» «Առավոտում», Հ. Հայրապետյանը սրամտեց. «Առյուծն առյուծ է՝ էգ, թե որձ լինի»։

Իսկ երկու Վահանները՝ Հովհաննիսյանը եւ Զատիկյանը, քով-քովի եկան հատուկ «Առավոտի» համար նկարվելու նպատակով։ Մեկ հարց ընթերցողին՝ գտեք, թե Վահան Հովհաննիսյանը ինչով է տարբերվում միջոցառմանը ներկա մյուս բոլորից։ Արվեստագետ Հենրիկ Իգիթյանը մի ահագին տարածություն հաղթահարեց, որպեսզի նկարվի Վազգեն Մանուկյանի հետ։ Դրանից առաջ ասաց. «Թող «Առավոտը» նկարի, որ իմանան…», իսկ թե ով՝ ինչ պետք է իմանա, միայն ինքն իմացավ։

Ֆոտոռեպորտաժն ու տեքստը ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031