Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնյակի գնորդը միշտ ճիշտ է

Հոկտեմբեր 13,1998 00:00
Ida Martirosyan

ՔԴՄ նախկին նախագահ Ազատ Արշակյանը 1998-ի փետրվարի 3-ից բոյկոտում է ԱԺ աշխատանքները, իսկ նորընտիր նախագահ Իդա Մարտիրոսյանը, կոնյակի վաճառքի հետ կապված, խորհրդարանական քննարկումների մասին ունի իր տեսակետները, որոնք նա՝ պատգամավոր չլինելու պատճառով, ԱԺ-ի փոխարեն ներկայացնում է «Առավոտին»։

-Եթե ամեն ինչ իրավաբանորեն արդեն ձեւակերպված է, ես չեմ հասկանում, ինչ իմաստ ունի օդում բռունցք թափահարելը։ Կոնյակի գործարանի վաճառքը եղել է մի քանի փուլերով. սկզբում այն մտցվել է սեփականաշնորհման ցուցակի մեջ, ապա հաստատվել է խորհրդարանում, գործադիր իշխանությունը գտել է համապատասխան գնորդ։ Փաստորեն, այսօրվա խորհրդարանականների միակ պահանջը գնորդին պատժելն է։ Թեեւ պատժելով գնորդին, մենք պատժում ենք առաջին հերթին ինքներս մեզ։ Մի քանի անգամ հարցը խորհրդարանում քննարկելով եւ այն անհաջողության մատնելով՝ պատգամավորները ցանկանում են ժողովրդի մոտ մեր երկրի տնտեսական եւ քաղաքական շահերի պաշտպանի իմիջ ստեղծել։ Սակայն, երբ հարցն ի վերջո որեւէ լուծում չի ստանում, դրանով հարված է հասցվում խորհրդարանի ընդհանրական վարկանիշին, իբրեւ մի մարմնի, որն անընդունակ է որեւէ հարց լուծել։

-Բայց եթե ոչ շահավետ վաճառք է կատարվել։ Պե՞տք է հրաժարվել սխալն ուղղելուց։

-Եթե սխալ վաճառք է կատարվել, ապա կարեւոր է, որ գնորդը չտուժի։ Գնորդը երբեւէ մեղավոր չէ, բնական է, որ գնորդը պետք է իրեն ձեռնտու գործարք կատարի։ Եվ եթե խորհրդարանն այդքան վստահ է, որ անշահավետ վաճառք է իրականացվել, պետք է գտնի նրանց, ովքեր իրականացրել են գործարքը, եւ պատժի։ Կատարված հանցանքի համար պատժված լինելու նախադեպ ունենալու փոխարեն՝ այսօր մենք ունենք անպատժելիության նախադեպ։

-Իսկ քաղաքական շա՞հը։

-Յուրաքանչյուր նման դեպքում մենք պետք է քննարկենք, թե որն է մեզ համար առաջնահերթ՝ քաղաքական, թե տնտեսական շահը։ Եթե մենք հաշվենք, որ այսօրվա տնտեսապես ոչ շահութաբեր գործարքը վաղը մեզ կբերի հսկայական քաղաքական շահ, ապա այդ դեպքում քննարկելու հարց է՝ արժե՞, թե՞ չարժե գնալ դրան։ Սակայն այլ հարց է, թե դա ինչպես է ներկայացվում եւ մատուցվում։ Քաղաքականության մեջ կան պահեր, երբ ժողովրդի աջակցությունը կամ առնվազն ըմբռնումն անհրաժեշտ է։ Նման մի դեպք պատմեմ նախկին նախագահի պրակտիկայից։ 1992 թ., պուտչի ժամանակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքեց բոլոր իշխանական եւ ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչներին, բացատրեց մեր քաղաքական վիճակի առանձնահատկությունները եւ կոչ արեց չարտահայտել իրենց կարծիքը։ Եվ որքան էլ ընդդիմադիր լինեին թերթերը, նրանք ընդունեցին նախագահի տեսակետը, քանի որ, բացի ներքաղաքական շահերից, առկա են պետական եւ ազգային շահեր, եւ մարդիկ պատրաստ են ընդունել դրանք, որքան էլ նրանք ընդդիմադիր լինեն։ Ես բերեցի Լեւոն Տեր-Պետրոսյանի իրականացրած քաղաքականության լավ մասը, իսկ ներկա իշխանություններն իրականացնում են վատ մասը՝ մեկուսացվածությունը ժողովրդից։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031