Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը եղավ ու մնաց միակը, որը Հայաստանի համար հանդարտ աշուն կանխատեսեց, մինչդեռ, իրականության մեջ գործընթացներն աստիճանաբար փոթորկվում են։ Ու քանի դեռ հայաստանյան քաղաքական հաստատություններում հարաբերական անդորր է հաստատվել, որից առաջիկա ամիսների ընթացքում էլի ոչինչ չի մնալու, ներկա քաղաքական իրավիճակին գնահատական տալու խնդրանքով զրույցի հրավիրեցի ԵրՕԼԻ-ի ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանին։ Պարոն Զոլյանը եւս կիսեց ընդհանրական տարածում գտած այն տեսակետը, որ գործընթացներն իրոք մասնակիորեն նախընտրական են, սակայն հարաբերությունները խեղաթյուրվում են նաեւ նրանով, որ դեռեւս չկա ընտրական օրենսգիրք։ Դրա կողքին էլ կա այլ հանգամանք. «Իմ կարծիքով, նախագահը երկու սխալ է թույլ տվել՝ մեկը՝ մարտավարական, մյուսը՝ ռազմավարական»։
Տակտիկական առումով, ինչպես նշեց պարոն Զոլյանը, ավելի նպատակահարմար էր, որ կոնյակի գործարանի հարցով խորհրդարանական նիստը գումարվեր դեռեւս ամռանը։ Սակայն ավելի լուրջ ու ռազմավարական սխալը եղել է այն, որ «կեղծիքով ընտրված Ազգային ժողովը պետք է լուծարվեր անմիջապես Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ նախագահի պարտավորություններն ստանձնելուց հետո»։ Ճիշտ է, նախագահ Քոչարյանը բազմիցս ասել է, որ նախընտրական փուլում ինքը նման պահանջ չի դրել եւ ավելի նպատակահարմար է դիտել Ազգային ժողովի ինքնալուծարումը ընտրական օրենսգրքի ընդունումից հետո, «բայց այդ տրամաբանությամբ կարելի է մոտենալ եւ գողերին՝ մտածելով, թե ինչ լավ կլինի, եթե նրանք ներկայանան մեղայականով»։
Սուրեն Զոլյանի գնահատմամբ, Ազգային ժողովի հակադիր կեցվածքի ամբողջ իմաստն այն է, որ պատգամավորների մեծամասնությունը պարզապես ինքնապահպանության խնդիր է լուծում, ու քանի որ մինչեւ օրս գնահատական չի տրվել 1995 թվականի Ազգային ժողովի ընտրություններին, Սահմանադրության ընդունման հանրաքվեին եւ այլ հանցագործությունների, ստեղծվել է մթնոլորտ, որ անգամ պաշտոնյաների ասածներն ընկալվում են իբրեւ բամբասանք։ Չկա համապատասխան իրավական ընթացք ապահովելու որեւէ հիմք։ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ «կրքերի շիկացում չէր լինի, եթե չլիներ սեփականության վերաբաշխման հարց»։
Գաղտնիք չէ, ինչպես մեր զրուցակիցն է կարծում, որ Հայաստանի տնտեսության 70 տոկոսը ստվերային բնույթ ունի, ուստի քաղաքականությունն այս կամ այն չափով նույնպես ստվերային բնույթ է կրում։ Ուրեմն, բնական է, որ խորհրդարանական լսումների տեսք ստացած գործընթացները հիմքում սեփականության վերաբաժանման հարցին առնչվող խնդիրներ են շոշափում։ Անկայունությունը, Սուրեն Զոլյանի գնահատմամբ. «ձեռնտու է այն ուժերին, որոնք շահագրգիռ են, որ ընդհանուր խառնաշփոթ լինի, ու իրենց գործած մեղքերն այդպես էլ չբացահայտվեն»։ Այս պայմաններում նախագահն ավելի սկզբունքային մոտեցում պիտի հանդես բերեր եւ իրավական ընթացք տար այն ամենին, ինչի մասին պաշտոնյաներն են խոսում։ Սակայն դրա կողքին դրսեւորվում է այլ պրոբլեմ. «հասարակությունն այլեւս չի վստահում որեւէ քաղաքական ուժի»։
Կարդացեք նաև
Բնական է, որ կատաղի դիմադրություն է հետեւելու նախագահի այս ձեռնարկին, բայց քանի որ հասարակությունը պատրաստ է ակտիվ մասնակցություն բերել գործընթացներին, հնարավոր պատնեշը անհաղթահարելի է թվում։ Սակայն, ինչպես Սուրեն Զոլյանն է կարծում, դեռեւս կան պաշարներ, առողջ ուժեր, որոնք «հստակ նպատակադրումներ պիտի ունենան եւ ոչ թե ծառայեն մի մաֆիայի, որը հաշիվներ ունի մեկ այլ մաֆիայի հետ»։ Մեր զրուցակցի հաջորդ միտքը, առաջին հայացքից, բավականին արտասովոր էր. «Երանի թե Հայաստանում ջուր պղտորելու հնարավորություն լիներ»։ Որովհետեւ՝ մենք ոչ թե հոսող ջրի հետ գործ ունենք, այլ՝ լճացած մի իրավիճակի, ուր, առանց այդ էլ ջուրը պղտոր է։ Այդ պատճառով էլ արմատական փոփոխությունները գրեթե անհնար են։ Պարոն Զոլյանը ելքը տեսնում է 1998 թվականի նախընտրական շրջանին անդրադառնալու մեջ, երբ համերաշխություն կար հասարակության եւ քաղաքական ազդեցիկ ուժերի միջեւ։ Կար բոլորեքյան համաձայնություն, որ առկա իրողություններն անընդունելի են ու տագնապահարույց, ուստի պիտի վիճակը փոխվի։
Մեր զրուցակիցը ցավով անդրադարձավ, որ այդ՝ որեւէ տեղ չարձանագրված դաշինքն այլեւս խաթարված է։ Ու եթե այսօր համեմատություն անցկացվի հակամարտող ճամբարների միջեւ, պարոն Զոլյանի գնահատմամբ, ակնհայտ կդառնա, որ ամենուր նույն մարդիկ են. «նրանց համար կարեւորը ոչ թե այս կամ այն թեկնածուի հաղթանակն էր, այլ իրենց դիրքերի պաշտպանումը»։ Բնական է՝ նրանք, ովքեր լծակներ ունեն, զգալով, որ Քոչարյանն ավելի անցողիկ անձ է, վերջում հենց նրան սատարեցին։ Ուստի պիտի տարբերակվեն. «ՀՀ այն ուժերը, որոնք պաշտպանեցին Քոչարյանի թեկնածությունը. ոչ թե անձը, այլ՝ ծրագիրը, եւ այն ուժերը, որոնք պաշտպանում էին իրենց դիրքերը»։ Դրան հետեւելիք ճիշտ քայլը, պարոն Զոլյանի կարծիքով, գործողությունների հստակ ծրագրով փետրվարյան վիճակին վերադառնալն է։
Նախագահ Քոչարյանը հստակ պետք է որոշի, թե ում հետ է համագործակցում։ Պետք է պատասխան տրվի այն հարցին, թե ով է նախագահի հենարանը՝ ժողովո՞ւրդը, Ազգային ժողո՞վը, թե՞ որեւէ առանձին կուսակցություն։ Մինչեւ դա չարվի, տարաբնույթ գործընթացները շարունակվելու են. «ես ոչ թե որեւէ պայթյունի վտանգ եմ տեսնում, այլ այն, որ ինքնաթունավորման գործընթացը շարունակվելու է»։ Վերջին հարցս վերաբերում էր ռուսաստանյան իրադարձություններին։ Ըստ պրն Զոլյանի, վերջին տարիներին Հայաստանն այնքան է մեկուսացել, որ, թվում է, թե համաշխարհային ճգնաժամն այսօր որեւէ ազդեցություն չի ունենում. «բայց դա խաբուսիկ է։ Փորձագետների հաշվարկով, ոչ պաշտոնական ճանապարհով, մոտ 15 միլիոն դոլար է մտնում Հայաստան, որ ուղարկվում է բարեկամների կողմից»։
Այդ գումարի մեծ մասը ներհոսում էր Ռուսաստանից եւ ԱՊՀ մյուս երկրներից, իսկ դրա հետեւանքը կլինի այն, որ հնարավորությունների կորուստը մենք եւս կունենանք, ինչը կարտահայտվի բնակչության վիճակի էլ ավելի վատթարացմամբ եւ սոցիալական խզման էլ ավելի խորացմամբ։ Բացի այդ, Ռուսաստանի քաղաքական անորոշ վիճակն էլ է ազդում Հայաստանի վրա. «քաղաքականություն մշակելիս մենք նորից Ռուսաստանի Կրեմլյան խաղերի պատանդ ենք դառնում»։ Իսկ այնտեղ տարբեր ուժեր են մրցակցում։ Այս առումով վտանգներն անմիջականորեն Հայաստանին չեն առնչվում, բայցեւայնպես, չի կարելի չտեսնել, որ «Ռուսաստանը կորցնում է ազդեցությունը Կովկասում, ինչն անմիջապես անդրադառնալու է անդրկովկասյան տարածաշրջանի վրա»։
Բայց պետք է հաշվի առնել մեկ այլ հանգամանք եւս. Հայաստանը բաց երկիր է այսօր, եւ այստեղ ոչ միայն Ռուսաստանի ազդեցությունը դեր ունի, այլեւ արեւմտամետ ուժերի ակտիվացումը. «իմ կարծիքով, դա ախտանիշն է այն բանի, որ ներքաղաքական կյանքում մեզանում դեռեւս չկան հստակ դիրքորոշումներ ու ծրագրեր, ուստի, ներքին հարցերը լուծելիս ստիպված ենք հաշվի առնել այլ մայրաքաղաքներում կատարվող փոփոխությունները»։
Մինչդեռ հասարակությունն ունի հստակ նախապատվություններ. նախագահի բոլոր թեկնածուներն էլ առաջնային էին համարում սոցիալական արդարության վերականգնումը եւ ազգային համաձայնությունը։ Եթե այս հարցերը չլուծվեն, պարոն Զոլյանի գնահատմամբ, Հայաստանի քաղաքական համակարգն էլ ավելի է քայքայվելու, որովհետեւ ստիպված է լինելու արձագանքել բոլոր անցողիկ իրադարձություններին։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ