Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՄԵՋ

Հոկտեմբեր 13,1998 00:00
Vazgen Sargsyan

Հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովում տեղի ունեցած առավել նշանակալից իրադարձություններն ոչ թե նիստերի դահլիճում ծավալվեցին, այլ նրա տարածքներից դուրս։ Բավական է ասել, որ խորհրդարան էին ներկայացել հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, որոնք տարբեր տեւողության հանդիպումներ ունեցան «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամների հետ։ Լրագրողներին այդպես էլ չհաջողվեց հանդիպել հանրապետության նախագահին եւ տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ որեւէ հարց տալ, իսկ երբ Վազգեն Սարգսյանն իր հանդիպումն երկրապահների հետ ավարտեց, անմիջապես հայտնվեց լրագրողների շուրջկալում։

Տեսնելով նման բազմություն, Վազգեն Սարգսյանն ասաց. «Ես ձեզ չեմ վստահում, բայց աշխատեք խոսքս չխեղաթյուրել։ Բնականաբար, պարոն Բազեյանի հրաժարականի հարցն էր քննարկվում։ Խումբը միանշանակ որոշեց, որ հրաժարականը սխալ է, որ պարոն Բազեյանի անձը բարոյական կերպար է ու անհրաժեշտ այս Ազգային ժողովին։ Նույն որոշումն է կայացրել նաեւ «Երկրապահ» կամավորականների միության վարչությունը։ Երկուսն էլ խնդրանքով դիմել են պարոն Բազեյանին, որպեսզի իր որոշումը կայացնի ոչ թե որպես ազնիվ, համարձակ, լավ զինվոր, այլ որպես քաղաքական գործիչ։ Որոշումը կկայացնի պարոն Բազեյանը։ Երեւի թե 24 ժամը բավական է եւս մեկ անգամ մտածելու համար»։

– Իսկ հանրապետության նախագահն ի՞նչ դիրքորոշում ուներ այդ հարցում։

– Հանրապետության նախագահը նույն կերպ է մտածում եւ անձամբ դիմել է պարոն Բազեյանին, որպեսզի նա հրաժարական չտա։

– Իսկ հանրապետության նախագահի հետ վերջին եռօրյայում տեղի ունեցածը քննարկման նյութ դարձա՞վ։

– Ասացի, որ մենք պարոն Բազեյանի հրաժարականի հարցն էինք քննարկում։

«Առավոտ» օրաթերթի այս հարցերից հետո «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է Վազգեն Սարգսյանը վերաբերվում ՆԳ եւ ԱԱՆ-ը կիսելու հանձնաժողովական նախագծին։ Պատասխանը նույնն էր. «Ասացի, որ խոսում ենք միայն պարոն Բազեյանի հրաժարականի մասին»։ Երկրապահների եւ հանրապետության նախագահի հանդիպման վերաբերյալ «Առավոտին» մանրամասներ հաղորդեց Հանրապետական կուսակցության նախագահ պարոն Անդրանիկ Մարգարյանը։

Andranik Margaryan

– Խոսվեց ԱԺ-հանրապետության նախագահ, ԱԺ-կառավարություն հարաբերությունների մասին։ Խոսքը միայն «Երկրապահ» պատգամավորական խմբի հետ հարաբերություններին չի վերաբերում։ Խոսք եղավ նաեւ հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի եւ տրված խոստումների կատարման ընթացքի մասին։ Վերջին հաշվով, արծարծվեցին նաեւ «Երկրապահ» պատգամավորական խումբ-կառավարություն եւ նախագահ հարաբերությունների շրջանակին առնչվող հարցեր։ Քանի որ երկրապահները նախագահին սատարող քաղաքական ուժն էին նախընտրական փուլում, բնականաբար, պետք է վերջինիս աջակցեն նաեւ գործունեության ընթացքում։ Այս 2-3 ամսվա փորձը ցույց տվեց, որ առկա է անհամաձայնություն, ամեն ինչ չէ, որ մինչեւ վերջ հստակ է։ Մենք փորձում ենք հիմա մեխանիզմները հստակեցնել, որպեսզի վերջին արտահերթ նիստի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները չկրկնվեն։ Դրանք թյուրիմացության արդյունք են, եւ ոչ թե ուղղորդված աշխատանքի հետեւանք։

Նախագահն իր ելույթում ներկայացրեց այն քայլերը, որոնք ինքը կատարում է նախընտրական ծրագրի իրագործման շրջանակում։ Դա, առաջին հերթին, ներդրումային քաղաքականության խրախուսումն է։ Նրա ասածի համաձայն, այսօր արդեն գոյություն ունի արտասահմանցի բիզնեսմենների մի հսկա բանակ, այդ թվում եւ ազգությամբ հայեր, որոնք ցանկություն ունեն Հայաստանում ներդրումներ կատարել։ Նրանց համար, նախագահի խոսքերով, նպաստավոր պայմաններ են ստեղծված։ Մենք բարձրացրեցինք նաեւ կատարված աշխատանքների հրապարակայնության խնդիրը։ Փաստորեն աշխատանքներ կատարվում են։ Դրանց մասին, սակայն, ոչ պատգամավորներն են տեղյակ, եւ ո՛չ էլ ժողովուրդը։ Քարոզչական աշխատանքը լուրջ բացթողումներ ունի։

Նախագահը խոստացավ, որ կանդրադառնա այդ հարցին եւ կփորձի պարբերաբար հասարակությանը ներկայացնել իր կատարած աշխատանքը։ Զրույցը բովանդակալից բնույթ ունեցավ։ Համենայնդեպս, ապահովված էր անմիջականությունը՝ հարցերը տրվում եւ պատասխանները ստացվում էին չմիջնորդավորված։ Բազմաթիվ կասկածանքներ, ասեկոսեներ, որ տարածվում էին լրատվամիջոցներում եւ քաղաքական շրջանակներում, իրենց պատասխանները ստացան։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխադարձ աջակցության մասին։ Իհարկե, շատ ավելի լավ է մեկ անգամ լսելը, քան միջնորդավորված՝ մամուլի ասուլիսներով կամ ելույթներով միմյանց խոսք փոխանցելը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այս հանդիպումները շատ ավելի հաճախակի կլինեն՝ կամ «Երկրապահի» կամ էլ նախագահի նախաձեռնությամբ։

– Պարոն Մարգարյան, ասացիք, որ չպետք է կրկնվեն վերջին արտահերթ եռօրյայում տեղի ունեցած իրադարձությունները։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, որ մերժելի է։

– Փաստորեն, պատգամավորական խումբը քվեարկությունից առաջ, վերջին պահին որոշակի վերաբերմունք ձեւավորեց նախորդ օրը նախագահի հեռուստաելույթում հնչած ԱԺ-ին վերաբերող արտահայտությունների նկատմամբ։ Այս հանդիպմամբ պարզաբանվեց, որ սխալ է հասկացվել ու վճռական քայլեր ասվածը ոչ թե Ազգային ժողովը ցրել պետք է հասկանալ, այլ՝ սահմանադրական իրավունքները օգտագործել։ Պետք է արձանագրեմ, որ նման թերըմբռնումները առաջացել են միայն կազմակերպական հողի վրա։ Դրանք բովանդակային չեն։

– Համենայն դեպս, եթե Ալբերտ Բազեյանը համառի եւ հեռանա, ո՞ւմ եք տեսնում նրա տեղում։

– Այդ հարցը մենք չենք քննարկել։ «Երկրապահը» միաձայն քվեարկեց, որ Բազեյանն իրավունք չունի հրաժարական տալ։ Դա անձնական խնդիր չէ։ Պատգամավորական խմբի հետ պարոն Բազեյանն իր քայլը չէր համաձայնեցրել։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031