Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ՈՒԶՈՒՄ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՀԱՅՏՆԻ Է»

Հոկտեմբեր 13,1998 00:00
Aram Abrahamyan

 ՆԳ եւ ԱԱ նախարարությունը տրոհել-չտրոհելու մասին բանավեճի իրական պատճառները

Այն գործիչը, որը հանդես է գալիս ՆԳ եւ ԱԱ նախարարությունների տրոհման օգտին, վաղ թե ուշ կանգնելու է իր ձախ ոտքին կրակելու անհրաժեշտության առաջ: Այդպես էր, համենայնդեպս, տրամաբանում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը այս տարվա հունվարի 23-ին կայացած իր պատմական մամուլի ասուլիսում: Հիշեցնենք, որ այդ ասուլիսի հիմնական իմաստը ղարաբաղյան հարցում Տեր-Պետրոսյանին հակադրվելն էր եւ բոլոր հարցերում /այդ թվում նաեւ իշխանական հավակնություններում/ վարչապետ Ռոբերտ Քոչարյանին սատարելը, ինչը եւ երկու շաբաթից լուծեց իշխանության խնդիրը: Սակայն դա, թեեւ շատ պարզ եւ հասարակության համար ըմբռնելի, բայց ենթատեքստ էր: Տեքստի մակարդակով նախկին նախագահի հասցեին ոչ մի դատապարտող խոսք չասվեց. քննադատության թիրախ էր ընտրվել շատ ավելի երկրորդական պաշտոնյա՝ ԱԺ փոխխոսնակ Արա Սահակյանը: Վերջինս, ի թիվս այլ մեղքերի /թատերականացված մահափորձեր, իր ոտքին կրակելու մտադրություն/, ցանկանում էր տրոհել ՆԳ եւ ԱԱ նախարարությունը՝ պրն Սարգսյանի տվյալներով, ՆԳ նախարար դառնալու նպատակով:

«Թե ինչու են ուզում, – ասաց այն ժամանակ պաշտպանության նախարարը,- կարծում եմ, հայտնի է՝ 1999-ին ընտրություններ են եւ առանց ՆԳ միջամտության այդ մարդիկ ուղղակի չեն կարող պատգամավոր դառնալ»: Ինչ խոսք, տվյալ դեպքում միանգամայն իրավացի էր մեր սպարապետը: Պարզապես ճշմարտությունն ավելի համապարփակ դարձնելու համար ավելացնենք.1995 թվականից սկսած ոչ միայն «այդ մարդիկ» /ՀՀՇ-ականները/, այլեւ ոչ ոք չի կարող դառնալ եւ չի էլ դարձել պատգամավոր առանց ՆԳ եւ ԱԱ, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության միջամտության կամ, առանձին բացառությունների դեպքում, թույլտվության: Եվ, այո, 1999 թվականին ոչ ոք չի էլ դառնա: Ավելին՝ նույն ժամանակահատվածում ոչ ոք ՀՀ նախագահ չի դարձել՝ առանց նշված նախարարությունների միջամտության ու ոչ ոք չի կարող նախագահ մնալ՝ առանց այդ նախարարների ցանկության:

Եթե այսօր, հինգ, տասը, քսան տարի հետո ուժային նախարարները՝ գումարած ԼՂՀ պաշտպանության նախարարը /վերանալով անձերից/ չցանկանան, որ այս կամ այն նախագահը /նորից վերանալով անձերից/ ղեկավարի երկիրը, վկայակոչելով Ղարաբաղի, Կոսովոյի կամ Գրենլանդիայի էսկիմոսների խնդիրը, ապա նախագահի առաջ կա երկու ճանապարհ. կամ սուսուփուս հրաժարական տալ, կամ, եթե նա իսկական տղամարդ է, քաղաքացիական պատերազմ սկսել: Իշխանությունն, իհարկե, ինքնանպատակ չէ: Իշխանությունը նախ եւ առաջ փող է, տնտեսական լծակներ, որոնք հնարավորություն են տալիս քեզ եւ քո շրջապատին, առանց որեւէ վերահսկողության, օգտվել կյանքի բոլոր բարիքներից: Իսկ պատգամավորական մանդատը նաեւ անձեռնմխելիություն է՝ այն երաշխավորում է, որ իրավիճակի փոփոխության դեպքում քո «կայֆը» ոչ ոք չի կոտրելու: Ինչի՞ համար է ուզում պատգամավորական մի խումբ տրոհել ՆԳ եւ ԱԱ նախարարությունը:

Այդ հարցի պատասխանի սխեման արդեն տվել է Վազգեն Սարգսյանն իր պատմական ասուլիսում. եթե նրանցից մեկը դառնա ՆԳ նախարար, ապա իրենք ավելի ազդեցիկ մասնակցություն կունենան 1999 թվականի ընտրություններում պատգամավորներ նշանակելու գործընթացում: Ի՞նչ են ուզում ՆԳ եւ ԱԱ նախարարության տրոհման հակառակորդները. ուզում են իրենք պատգամավոր նշանակել եւ ընդհանրապես իրենց ձեռքում պահել «մենթական» համով պատառները՝ մանավանդ, որ այդ նախարարությունն այսօր իր ազդեցությունն է տարածում մաքսային վարչության եւ դատախազության վրա:

Իհարկե, բանավիճող կողմերն այս պատճառաբանությունը չեն ընդունի եւ, հնարավոր է, որ հերթական անգամ նեղանան մեզանից՝ իրավիճակը ճշգրտորեն արձանագրելու համար: Իհարկե, ի պաշտպանություն տրոհման եւ չտրոհման կարտասանվեն բազմաթիվ երկարաշունչ ճառեր՝ սկսած հայրենասիրական-ֆիդայական երգերից եւ վերջացրած պետական շինարարության արեւմտյան փորձը ներդնելու կոչերով: Բայց խոսքային համեմունքները եւ ճառային փաթեթավորումները չեն կարող սքողել հոտավետ իրականությունը: ՆԳ եւ ԱԱ նախարարության տրոհումը կամ չտրոհումը չի նշանակում պետության ղեկավարման այս կամ այն սկզբունքի կիրառում: Դա ընդամենը կնշանավորի այս կամ այն թայֆայի հաղթանակը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031