Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ

Հոկտեմբեր 10,1998 00:00
Erebuni-Yerevan

Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2780-ամյակի տոնակատարություններն սկսվեցին երեկ, Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի դահլիճում՝ հանդիսավոր նիստով։ Քնարական ու հուզական նախաբանից հետո խոսքը տրվեց 2780-ամյա քաղաքի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանին։

Այս տոնը, ըստ քաղաքապետի, «սոսկ տրամադրություն բարձրացնելու համար չէ կամ էլ՝ մեկ անգամ եւս շեշտելու աշխարհի հնագույն քաղաքներից մեկի չծերացող տարիքը», այլ «պարտադրելու այսօրվա սերնդակիցների լույսը սփռելու մեր անցնելիք ճանապարհին, նորովի ոգեկոչելու մեր մեծ ուխտը՝ արժանապատիվ տերը լինելու մեր երկրի» եւ այլն։ Քաղաքապետի խոսքն ուղղված էր նաեւ այս տոնակատարությունը «ժամանակավրեպ, անպատեհ» համարող, «սոցիալական հազար ու մի հոգսերից կքած» իրական եւ ենթադրյալ ընդդիմախոսներին. «Մի՞թե նորոգելու, մանկանալու, միմյանց սիրելու հատկություններով չէ, որ մնացել ենք լավատես ու կենսունակ»։

Պրն Աբրահամյանի կարծիքով, իր ժողովրդի հետ «ընկած եւ ոտքի կանգնած» «հավատարիմ ուղեկցի»՝ Երեւանի կյանքում ամենակարեւոր իրադարձություններից է նրա մայրաքաղաք դառնալը 1918 եւ 20 թվականներին։ Ինչքան էլ մենք դժգոհենք մեր մայրաքաղաքի այսօրվա տեսքից, քաղաքապետն, այնուամենայնիվ, գտնում է, որ այստեղ «զուգորդվել են ազգային բազմադարյա ճարտարապետության հիանալի ավանդույթները եւ ժամանակակից քաղաքաշինության նվաճումները»։ Իսկ այժմ անհրաժեշտ է «արժեվորել եւ վերականգնել այն ամենը, ինչ երեւանյան է»։ Սուրեն Աբրահամյանն ասաց, որ հավաքվածների հետ միասին ուզում է «հերքել այն թյուր՝ վերջին ժամանակներս ձեւավորված կարծիքը, թե Երեւանը տգեղ… խանութների, բինգո-կազինո… ծայրահեղ հարուստների եւ ծայրահեղ աղքատների, իրար գլխի թափված տոնավաճառների քաղաք է»։Քաղաքապետի սրտին մոտը «88-ին ոչ մի ծաղիկ չտրորած, վերջին կաթիլ ջուրն ու հացի պատառն իրար հետ կիսող» Երեւանն է։

Քաղաքապետի՝ «Արդ», «կեցուցանել», «ապառաժախոս ծննդագիր» բառերով ու արտահայտություններով հարուստ խոսքը ոճականորեն նախապատրաստեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի ելույթին։ Սրբազանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի անունից շնորհավորանք, բարեմաղթանքներ եւ օրհնություն հաղորդեց։ «Էրեբունու բարձունքներից մտաց հայացքը հեռավոր ժամանակներին հառած» հայ ժողովրդի անունից Գարեգին սրբազանը գոհունակություն հայտնեց՝ մայրաքաղաքի շուրջ երեքհազարամյա հոբելյանը տոնելու հնարավորության առթիվ։ «Էրեբունի-Երեւան տոնակատարությունը կոչված է արժեվորելու Երեւանի հանդեպ մեր սերը, որպես մեր տան, ընտանիքի, ժողովրդի ու հայրենիքի»,- գտնում է սրբազանը։ Ըստ նրա, տոնը ոչ միայն համաքաղաքային, այլեւ համազգային է լինելու։

Այնուհետեւ քաղաքապետն ընթերցեց Երեւանի քաղաքային խորհրդի որոշումները, որոնցով Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումներ հանձնվեցին ՀՀ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանին, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանին («30 տարի է, երգում ենք նրա «Էրեբունի-Երեւան» երգը»։- Քաղաքապետը հպարտ է, որ այս որոշման տակ ինքն է ստորագրել) եւ Էրեբունի-Երեւանի բոլոր ժամանակների ամենալավ քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանին։ Այս ցանկի ընտրության սկզբունքի գաղտնիքը բացեց Սուրեն Աբրահամյանը. «Մեր բախտն է՝ երգելով կռվենք ու շինենք»։ Կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը վատառողջության պատճառով ներկա չէր հանդիսավոր նիստին, եւ քաղաքապետը խոստացավ անձամբ այցելել նրա տուն եւ վկայագիրը հանձնել նրան։ Պատվավոր քաղաքացու վկայագիրն առաջինն Արկադի Տեր-Թադեւոսյանին հանձնելուց հետո, Սուրեն Աբրահամյանը շտապեց հայտնել, որ հերթականությունն էր այդպիսին. «Չասեք՝ գեներալը նախ գեներալի՛ն տվեց»։ Օպերայի ճեմասրահում տոնին նվիրված ցուցահանդես էր՝ Ալ. Թամանյանի հատակագիծը, հին դրամներ, արժեթղթեր, լուսանկարներ եւ կտավներ։

Մինչ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ուժային եւ մշակութային նախարարները, ԱԺ նախագահն ու փոխնախագահը (երեւում է, Վազգեն Սարգսյանը դեռ Ալբերտ Բազեյանին չի հասցրել համոզել, որ վերադառնա. ԱԺ միակ փոխնախագահ Յուրի Բախշյանն էր), փոխքաղաքապետ Կամո Արեյանը ճեմում էին ճեմասրահի ցուցահանդեսում, նախագահի թիկնապահները խորհուրդ տվեցին հարցեր տալ նախ ուրիշներին. վերջում շատ ժամանակ կլինի նախագահի հետ զրուցելու։ Սակայն մեր համբերությունը չփոխհատուցվեց, նախագահն ամբողջ շքախմբով ուղղվեց դեպի կառավարական օթյակ՝ դիտելու Դոնիցետիի «Պողիկտոս» օպերան։

Մի պապիկ թե ինչպես հաջողեցրեց ընդհուպ մոտենալ Ռոբերտ Քոչարյանին, անհասկանալի մնաց: Նա նախագահին ինչ-որ հարցով էր դիմում։ Վերջինս խոստանում էր, որ այն անպայման կլուծվի։ Նախագահի թիկնապահներից մեկն արգելեց ձայնագրել պապիկի դիմումը (թե ի՞նչ կլիներ)։ Վերջում այս պապիկն ասաց, որ «սկի» ինքը չգիտի՝ ինչ է ուզում, մեզ (լրագրողներիս) ի՞նչ ասի։

Տոնը երեկ սկսվել է, այսօր շարունակվելու է, իսկ չնախատեսված հանդիպումները ժամանակ առ ժամանակ կհիշեցնեն, որ տոների արանքում սովորական օրեր էլ են լինում։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031