Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԷՇ ՋԱՆ, ՄԻ՛ ՍԱՏԿԻ

Հոկտեմբեր 09,1998 00:00
dimum

Հանրահայտ առածը հիշեցի, որովհետեւ պետք էր հիշել։ Իսկ գարնանը յոնջա կբուսի, թե չի բուսի, էդ մեկը հաստատ չգիտեմ։ Կարող է բուսի, կարող է չբուսի։ Եղանակից է կախված, բնությունից, ամենաբարձրյալի բարի կամ չար կամքից։ Մեր ամենաբարձրյալներին էլ ամենաբարձրյալը տվել ու չի խնայել։ Լավ, կարճ կապեմ։

Սեպտեմբերի 8-ին մի դիմում էի գրել մեր վարչապետի անունով «առ այն մասին», որ պատերազմի երկրորդ խմբի հաշմանդամ եմ, առողջությունս էլ կտրուկ վատացել է, որ դեռ չեմ ուզում գնալ երկնքի ամենաբարձրյալի մոտ, որ դեռ մնալ եմ ուզում երկրի ամենա-ամենաբարձրյալների մոտ։ Ու անամոթաբար (չէ, ամաչելով) խնդրել էի ինձ ազատել օդի 10 հազար դրամ վարձ վճարելուց, որովհետեւ իմ ստացած թոշակը չի բավարարում նույնիսկ ծխելուն, որովհետեւ մոլի ծխող եմ դարձել (ամենաբարձրյալները գիտեն, թե ինչու), որովհետեւ, չէ, ներողություն, որպեսզի կարողանամ առանց օդ շնչելու (իրենց թույլտվությամբ, իհարկե) թռչել Մոսկով, մի քիչ բուժվել ու թե Աստված փրկություն տա, վերադառնալ Հայաստան, որպեսզի իրենք իմ տեսությանը չկարոտեն։ Հա, մեկ էլ խնդրել էի, որ մի քիչ էլ օգնություն տան, որ Մոսկվայում մի քիչ հաց ուտեմ։ Հա, ախպորս ասեմ, իմ դիմումն ընդամենը վեց տող էր, ստացածս պատասխանը՝ դրանով երկու…

Կարդում եմ, կարդում ու չեմ հասկանում, թե ինչ է ասված ու ինչ պիտի ասվի։ Չգիտեմ՝ գցեմ ջրի մեջ խմե՞մ, թե՞ պահեմ, որ յոնջա բուսի, էշը արածի, կենդանի մնա, ես էլ… եսի՞մ… Կամ էլ խնդրում եմ (չէ՛, խորհուրդ եմ տալիս), զգույշ կարդացեք, որ շունչներդ չկտրվի։ Կարդալու ժամանակ մի 4-5 անգամ խոր շունչ քաշեք։ Դա իմ բարի խորհուրդն է։ Մի վախեցեք, դրա համար առայժմ հարկ չեն ուզի։

ՍՈՒՐԵՆ ԱՆՏՈՆՅԱՆ

Ք. Գավառ

Հ.Գ. Կարդալուց հետո ճիշտը կասեք՝ դուք բան հասկացա՞ք, թե հասկացաք՝ խնդրում եմ ինձ էլ հասկացրեք, իմ գլուխը մի քիչ հաստ է, դժվար է բան մտնում։ Ստորեւ ներկայացնում ենք նաեւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Ա. Ասլիկյանի պատասխանը (15.09.98, 20-07/ 105-Տ)՝ ուղղված Սուրեն Անտոնյանին։

Հարգելի պարոն Անտոնյան. Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված Ձեր ս/թ սեպտեմբերի 8-ի դիմումի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունում ներկայումս քննարկվում է եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի սեպտեմբեր ամսվա հերթական նստաշրջանում կներկայացվի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղեւորների) ելքի համար պետական տուրքի վճարումից կազատվեն Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները եւ նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները եւ նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի առաջին խմբի հաշմանդամին ուղեկցող անձը, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ծնողները եւ այրիները, Խորհրդային Միության հերոսները եւ Փառքի երեք աստիճանների շքանշաններով պարգեւատրված անձինք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031