Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրակրթական աչքկապոցի

Հոկտեմբեր 09,1998 00:00
yndunelutyun

Շատ ծնողներ կգտնվեն, որոնք այն հարցին, թե ինչպես է երեխան ավարտում դպրոցը, ինչ գնահատականներով, մեծամիտ ու հեգնող հայացք նետելով վրադ՝ կասեն. «Ի՞նչ է, նո՞ր ենք այդ մասին մտածել, հարցերը տարվա սկզբին են լուծվում ու կարգավորվում»։ Այդ կարգավորելն էլ գիտենք։ Կան դպրոցներ, ուր 9-10-րդ դասարանի աշակերտներից 5-6-ը գրեթե չեն հաճախում դպրոց կամ կարող են ներկայանալ շաբաթական մեկ օր։ Երեխան չի հաճախում դպրոց, բայց վերջում ստանում է, եթե ոչ գերազանցության (գնահատականը հիմնականում լինում է գերազանցության), ապա միայն բարձր գնահատականներով ավարտական վկայական։

Իսկ գիտելիքի հարցը. չէ՞ որ վաղը այդ երեխան դառնալու է այս կամ այն բուհի դիմորդ։ Մեր հոգատար ծնողները այդ մասին էլ են մտածել, երեխային երկու տարի կուղարկեն դասախոսի մոտ մասնավոր պարապմունքների։ Պարապում են՝ ասենք 2 տարի օտար լեզու, ընդունելության քննություններին հավաքում են 18-20 միավոր, բայց եթե փորձես պահանջել այդ լեզվով ինչ-որ բան պատմել կամ խոսել պարզապես, հավատացած եղեք, որ մեծամասամբ դիմացինդ անելանելի վիճակում կհայտնվի։ Դասախոսը ոչ թե սովորեցնում է այդ լեզուն, այլ միայն այն, ինչ պետք է լինի քննատոմսերում։

Քիչ բողոքներ չես լսում այն դասախոսներից, ովքեր աշխատում են առաջին կուրսեցիների հետ. «Այս երեխաները պարապելու ընթացքում ոչ թե գիտելիք են ստացել, այլ մեծամասամբ վարժեցվել»։ Այսպես են բնութագրում ֆիզիկա եւ մաթեմատիկա ուսուցանող դասախոսները։ Կամ հայոց լեզվի քննությանը. 20 միավոր հավաքածին փորձիր առաջարկել գրել որեւիցե թեմայով շարադրություն։ Կգրե՞ն՝ խիստ կասկածելի է։ Պարզ է դառնում, մասնավոր պարապմունքը շատ քիչ բան կարող է տալ երեխայի ընդհանուր զարգացածության, կրթության համար։ Տեստային աշխատանքից 18-20 միավոր հավաքելը չի նշանակում, որ դու տիրապետում ես տվյալ առարկային ամբողջությամբ։ Կամ ընդունենք երեխան գնում է մասնավոր պարապմունքի. 2 կամ 3 առարկա հրաշալի գիտի եւ հանգիստ կարողանում է ընդունվել բուհ։ Ապա հարց է ծագում՝ այդ դեպքում ինչի՞ համար ենք պահում 9-րդ եւ 10-րդ դասարանները, ով մտադիր է ուսումը շարունակել բուհում, գնում է մասնավոր պարապելու, իսկ մյուսների համար միեւնույն է, նրանց ուսում պետք չէ։

Ոչինչ չարժե մաթեմատիկայի կամ ֆիզիկայի առարկայի իմացությունդ, եթե տարրական բաները չգիտես գրականությունից եւ պատմությունից։ Իսկ թե շտապենք արեւմուտքի բացասական ազդակները մեզ վրա կրել, ասենք՝ վկայակոչել նրանց ֆիրմաների աշխատակիցների անտեղյակությունը սեփական գրականությանն ու մշակույթին, այս դեպքում չպետք է մոռանանք, որ մենք այլ ավանդույթների տեր ենք եւ մեր հոգեբանությունն էլ տարբեր է։ Դպրոցում կիրառվում է արագացված ուսուցման մեթոդը։ 9-րդ դասարանցին կարող է հանձնել 10-րդ դասարանի քննությունները եւ փոխադրվելով՝ մեկ տարի շուտ ավարտել։ Հատկապես սա լավ յուրացրին գյուղական դպրոցները։ Լսում ես, այսինչ դպրոցում 4-5 աշակերտ մեկ տարի շուտ ավարտեց դպրոցը։ Պարզ է, որ այստեղ ծանոթ-փող գործոնը իր դերը կատարում է։ Ավելի շատ շահագրգիռ են տղաների ծնողները, որոնց երեխաները մի տարի շուտ ավարտելով՝ մինչեւ բանակ գնալը, հնարավորություն են ստանում, առաջին անհաջողության դեպքում, երկրորդ անգամ դիմել բուհ։ Իսկ երեխաներ էլ կան, նույնիսկ այն դպրոցի տեղը չգիտեն, որտեղից վկայական են ստանում։

Վերջին տարին ձեւականորեն տեղափոխվում են ուրիշ դպրոց, այնտեղից բարձր գնահատականներով վկայական են ստանում՝ մեկ տարի շուտ։ Դպրոցական քննությունները հիմնականում ձեւական բնույթ են կրում։ Ցանկացած աշակերտի կարող են պատասխանները տալ կամ նույնիսկ քննությունն ավարտվելուց հետո նորից նստեցնել ու գրել տալ։ Կամ 5-6 միավորանոց գրավորը կդարձնեն 8-9 միավորանոց՝ հավատացած լինելով, որ ոչ մի ստուգող էլ չի գալու գրավորները մեկառմեկ նայելու։ Իսկ եթե ստուգեն՝ վայ ուսուցչին ու տնօրենին։ Չնայած այդ «վա՜յ» վիճակում նոր չէ, որ ուսուցիչը հայտնվել է։ Տնօրեններն էլ են նույն վիճակում, տեսուչներն էլ։ Տեսուչներին հնարավորություն որտեղի՞ց, որ կարողանան դպրոցներում շրջել։ Խնդրին որքան մոտենում ես, այնքան պարզ է դառնում, որ հիմնականում վերեւից է գալիս։

ԱՆԺԵԼԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031