Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՎՈՐԵՆՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆՔ «ԱՉՔՆԵՐՍ ՉՈՐՍ ԱՆԵԼՈՒ»

Հոկտեմբեր 09,1998 00:00
vhuk

ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայկական գրասենյակը եւ ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատը նախաձեռնել էին եւ երեկ անցկացրին միջազգային գիտաժողով՝ «Գերագույն վերահսկիչ ատյանները եւ դրանց փոխհարաբերություններն օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմինների հետ» թեմայով։ Այս թեմային առնչվող հարցերը, ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի կատակի, իրենց մեջ «փոքրիկ ականներ, գուցե նաեւ ռումբեր են պարունակում»։ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը գիտաժողովի ե՛ւ թեմատիկան, ե՛ւ անցկացման ժամկետը գոնե ՀՀ-ի համար խիստ արդյունավետ համարեց։ Քանի որ «սկսվել են Սահմանադրության վերաբերյալ լուրջ քննարկումներ», որոնք նպատակ ունեն իշխանությունների տարբեր թեւերի միջեւ հավասարակշռություն ապահովելու։ ԱԺ նախագահի կարծիքով. «Հայաստանում այսօր պառլամենտական կոմպոնենտը նոր որակ, նոր դինամիկա, նոր զարգացում է ստանում», որին ԱԺ-ն հասել է ինչ-ինչ փուլեր անցնելուց հետո։

Գիտաժողովի թեմայի «պայթյունավտանգությունն» անուղղակիորեն ընդունեց նաեւ պրն Հարությունյանը. «Եթե մենք երբեմն մեր իրականության մեջ ունենում ենք լարվածություն, իրավիճակներ, որոնք լրացուցիչ մեկնաբանությունների, քննարկումների տեղիք են տալիս, ապա դժվար չէ նկատել, որ դրա պատճառը հիմնականում կայանում է նրանում, որ կառավարման պրոցեսը, որոշումների կայացման եւ իրականացման ողջ գործընթացը երբեմն թափանցիկ, տեսանելի չի հասարակության համար»։ Եվ սա ոչ միայն ընտրող-իշխանություն անվստահության, այլեւ պետական կառավարման ապարատում տարաբնույթ չարաշահումների պատճառ է դառնում։ Նա հարկ համարեց հյուրերին տեղյակ պահել, որ Հայաստանում «այս խնդիրները բաց, անկաշկանդ քննարկման առարկա են» (Իհարկե, ո՞ր մեկս տրանսպորտում կամ սուրճի սեղանի շուրջ «չենք լվում» պետբյուջեի ծախսերի եւ եկամուտների կամ դրանից ստացվող վարկերի ու փոխառությունների «ոսկորները»- Ա. Գ.)։ Այս առումով անհրաժեշտ է «հստակեցնել պետության մասնակցության չափն ու սահմանները մեր տնտեսական համակարգին»։

ԱԺ խոսնակը վերահսկողությունը համարում է օրենսդիր մարմնի ամենակարեւոր իրավասությունը, իսկ այդ իրավասության իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի ապահովումը՝ մեր հասարակության կարեւորագույն խնդիրներից մեկը։ Վերջում նա համոզմունք հայտնեց, որ այս սեմինարի արդյունքները կօգտագործվեն գործնական աշխատանքում, եւ իրենք հետագայում իրենց ելույթներում երբեմն-երբեմն կանդրադառնան դրանց։ Նա հույս հայտնեց, որ հյուրերի համար ստեղծված են ոչ միայն աշխատելու, այլեւ «մեր նիստին, մեր կացին» ծանոթանալու պայմաններ։

Եվրամիության ֆինանսական վերահսկողության նախագահի տեղակալ, գլխավոր խորհրդական Ալան Պրատլեյը հայտնեց, որ ելույթ ունենալն իր համար հաճույք է։ Ինքն առաջարկություններ եւ խորհուրդներ ունի տալու այս հարցերի շուրջ Հայաստանի գործունեության որոշակի ասպեկտների վերաբերյալ։ Սակայն նրա ամբողջ ելույթը նվիրված էր Եվրամիության բյուջեին (տարեկան 100 մլն դոլար), դրա ծախսերին եւ վերահսկման մեխանիզմներին։

Հետաքրքիր թվեր ստացվեցին, երբ պրն Պրատլեյը ներկայացրեց (կամ սինքրոն թարգմանիչը թարգմանեց) Եվրամիության բյուջեի տոկոսային բաշխումը. գյուղատնտեսության վրա՝ 55%, շինարարության՝ 35, արտաքին գործունեության՝ 35 եւ ներքին քաղաքականության վրա՝ 2,1%։ Հետո պարզվեց, որ գյուղատնտեսության վրա Եվրամիությունն այսպիսով ծախսում է իր բյուջեի 80%-ը (Չի բացառվում, որ նրանց բյուջեն 300% լինի։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ դժվար կլինի վերահսկելը- Ա. Գ.)։ Այս ամբողջ ելույթում «ամենաօգտակարը» մեզ համար հեծանիվի հերթական հայտնագործումն էր. «Աուդիտորը պիտի անվախ լինի» (Իսկ դուք կարո՞ղ էիք դա գլխի ընկնել- Ա. Գ.)։ Ընդմիջմանը մեր այն հարցին, թե ինչքանով է ինքը տեղյակ ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի աշխատանքներին եւ դրանք ինչպես կհամեմատի Եվրամիության ֆինանսական վերահսկողության հետ, պրն Պրատլեյը պատասխանեց, որ մի 4-5 տարի հետո մենք կհասնենք իրենց մակարդակին։

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն իր 25 րոպեանոց ելույթի առնվազն 20 րոպեն նվիրեց ԱԺ-ի վերահսկողության ֆունկցիայի կարեւորությանը՝ միջազգային վարկերի նկատմամբ վերջին տարիների անպատասխանատու վերաբերմունքի ֆոնի վրա։ Վերահսկողական մարմիններին նման կառույցներ Հայաստանն ուներ՝ է՜, միջին դարերում, պարզապես պետականության բացակայության պայմաններում այդ ինստիտուտը չի զարգացել։ Մի քանի անգամ, տարբեր կերպ նշվեց, թե ինչքան լավ է, երբ աուդիտորն անկախ է։ Պրն Բաղդասարյանի կողմից մի քանի առաջարկություններ եղան՝ Վերահսկիչ պալատի աշխատակցի լիազորությունների ընդլայնման, Վերահսկիչ պալատի առջեւ կառավարության յուրաքանչյուր եռամասի մեկ հաշվետվության, դրա հիման վրա արված պալատի եզրակացությունը ԱԺ-ում տարածելու եւ այլ հարցերի շուրջ։

Ընդմիջմանը Արթուր Բաղդասարյանին «Առավոտը» խնդրեց պատասխանել իր մի հարցին, հենց առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ֆինանսական վերահսկողությունը կարեւորելը եւ այդ առթիվ գիտաժողով կազմակերպելը արդյո՞ք պոպուլիստական քայլ չէ։

-Դե, ախր, չի կարելի ամեն ինչին էդպես մոտենալ։ Եթե տենց եք մոտենում, ես չեմ ուզում ձեր հարցին պատասխանել,- չգիտես ինչու, վրդովվեց պրն Բաղդասարյանը։ Եվ հեռանալիս էլ, թե՝ մարդիկ ութ ամիս առաջ են նախաձեռնել, իսկ դուք… «Առավոտն» ընդմիջեց եւ ասաց, որ հարգում է նրա ցանկությունը եւ որ իր չտված պատասխանն արդեն լիուլի բավական էր։

Ընդմիջումից բավական ուշ նախատեսվում էր ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ Դավիթ Վարդանյանի ելույթը, եւ մենք խնդրեցինք ներկայացնել իր ելույթի հիմնադրույթները։ Առաջին հարցը, որ նա արծարծելու էր, վերաբերում է բարձրագույն վերահսկողության օրգանին (որ այն կախված է պետական համակարգի՝ խորհրդարանական, թե նախագահական լինելուց)։ Երկրորդը՝ թե նախագահի վերահսկողության ծառայության ֆունկցիաներն ինչպես է պատկերացնում պրն Վարդանյանը։ Երրորդը՝ դատական համակարգն է։

Գիտաժողովի թեմայի ընտրությունը՝ Վերահսկիչ ատյանների փոխհարաբերություններն օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմինների հետ, Դավիթ Վարդանյանը պայմանավորեց նրանով, որ Եվրոպայում չկա դատական մարմինների վերահսկողության պրոբլեմ։ Իսկ Հայաստանի համար դա շատ էական է։ Չորրորդ հարցը վերահսկիչ մարմինների բազմազանությանն ու շատությանն է նվիրված, ավելի ճիշտ՝ դրանց աշխատանքների համակարգմանը։ Վերջում պրն Վարդանյանը պատրաստվում էր վերլուծել ՀՀ նախագահի աշխատակազմում ստացված՝ քաղաքացիների դիմում-բողոքների բովանդակությունը։ Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է հակասություններ առաջանան ՀՀ նախագահի աշխատակազմի եւ ԱԺ վերահսկողության մարմինների աշխատանքներում, պրն Վարդանյանն ասաց.

-Դեռ պրակտիկ չկան այդ հակասությունները։ Իրականում չեն էլ առաջանա, որովհետեւ մեր ԱԺ-ի Վերահսկիչ պալատի ֆունկցիան շատ հստակ է՝ բյուջեի եւ վարկերի օգտագործման վերահսկում։ Իսկ մեր ոլորտը շատ բազմազան է։ Կլինեն տեղեր, որտեղ դրանք իրար կծածկեն։ Եվ շատ էական է մեր համագործակցությունն այդ տեղերում։ Մեր աշխատանքի մեջ չի մտնում բյուջեի վերահսկումը, բայց հնարավոր են առանձին էպիզոդներ։ Այդ տեսակետից մեր համագործակցությունն առանձին է լինելու։

-Մինչեւ հիմա նման դեպքեր եղե՞լ են։

-Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի հետ՝ ոչ, իսկ այլ վերահսկիչ ծառայությունների, ասենք, կառավարության, քաղաքապետարանի, այո, եղել են կրկնողության, խճողվածության դեպքեր։ Որովհետեւ քաղաքացին իր դիմումը գրում է չորս-հինգ հասցեով։

-Կարո՞ղ եք կոնկրետ որեւէ դեպք նշել։

-Հիմնականը վերաբերում է դատական համակարգին։

-Այժմ հստակեցվա՞ծ են նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության լիազորությունների սահմանները։

-Ոչ, դեռ ոչ, մեր կանոնադրությունը դեռ հաստատված չէ։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031