Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆՅԱԿԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

Հոկտեմբեր 09,1998 00:00
lrutyun

Կարծեմ Հին Հունաստանի փիլիսոփաներից մեկն է ասել՝ «Եթե կասկածում եմ, ուրեմն կամ»։

Խորհրդարանը կասկածեց

Կոնյակի գործարանի միջազգային աճուրդով վաճառքի որոշ հանգամանքներին եւ քննարկման նյութ դարձրեց հարցը, ցույց տալով, որ ինքը կա։ Կառավարությունը ոչ միայն չկարողացավ ցրել կասկածները, այլեւ ավելի խորացրեց դրանք՝ իր խուսափողական պարզաբանումներով եւ կեցվածքով։ Խորհրդարանը ստիպված էր արտահերթ նստաշրջան պահանջել։ Բացահայտ եւ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը, հանրապետության նախագահը չհրավիրեց այդ նստաշրջանը։ Նման ծայրահեղ քայլը գործարքի մութ լինելու մասին կասկածը շատերի մոտ դարձրեց համոզմունք։ Այս ամենը հուշում է, որ իսկապես կարող է լինել երկուսից մեկը, կամ՝ գործարքն իրոք մութ շերտեր ունի, կամ՝ հանրապետության նախագահը ուզում է մղել խորհրդարանը ծայրահեղ քայլերի եւ այն ցրելու համար առիթ ստանալ։

«Ազգային արժեքի» մասին

Ով՝ ով, բայց գոնե կոմունիստները բարոյական որեւէ իրավունք չունեն որեւէ ազգային արժեքի մասին (էթնիկ-ազգային իմաստով, ինչպես հասկանում եւ ներկայացնում են) խոսել։ Նրանց 70-ամյա անխառն տիրապետության ժամանակ էր, որ առավելագույնս վտանգվեցին կամ ոչնչացվեցին մեր, իրոք, ազգային (մեր ինքնությունը պահող) արժեքները, ավելի շատ, քան մինչ այդ որեւէ դարաշրջանում։ Թվարկենք մի քանիսը.

ա) հայկական այբուբենը քիչ էր մնում փոխարինվեր լատինականով կամ ռուսականով,

բ) արգելվեց քրիստոնեական լուսավորչական դավանանքը (ընդհուպ՝ կաթողիկոս սպանեցին,

գ) եւս 20-30 տարի եւ ռուսերենը փոխարինում էր հայոց լեզվին,

դ) 30-40-ական թվականներին ոչնչացվեց ազգի մտավորականության ծաղիկը,

ե) ոչնչացվեցին եկեղեցիներ, մշակութային բազմաթիվ արժեքներ,

զ) ամբողջ մի ժողովրդի զրկեցին քաղաքական միտք ունենալու հնարավորությունից։

«Ազգային» բառը կարելի էր օգտագործել միայն «ձեւով ազգային» կապակցության մեջ։ Մեղադրում են, թե՝ հարցը քաղաքականացվում է։

Տխուր է, որ ամբողջ մի ընտրաշրջան քաղաքական մարմնում աշխատող պատգամավորները չգիտեն, որ այստեղ պետք է քննարկվի ցանկացած հարցի հենց քաղաքական կողմը։ Այլ ասպեկտով քննարկումների համար այլ հիմնարկներ են նախատեսված։ Անհիմն են մեղադրանքները, թե ՀՀՇ-ն կամ «Հանրապետություն» խմբակցությունը խնդրո առարկա օբյեկտները մտցրել է սեփականաշնորհման ցուցակների մեջ, իսկ այսօր առաջարկում է հանել, ինչով, իբր, հետ են կանգնում իրենց սկզբունքներից։ Այդպես չէ։ Որոշվել է վաճառել, բայց բանական, խելքին մոտ գնով, լավագույն պայմաններով եւ լավագույն պայմաններում։ Ենթադրվող գինը չի արձանագրվել, բայց 15-20 անգամ ավելի է եղել, քան 30 միլիոնը։

Գնի հետ կապված. կառավարության բերած միակ բանական փաստարկը երկրի ռիսկայնության բարձր աստիճանն է։ Համաձայն եմ։ Ուրեմն եկեք չշտապենք, հանենք դրանք սեփականաշնորհման ցուցակից մինչեւ դուրս կգանք բարձր ռիսկայնության գոտուց։ Ու եկեք նայեք, թե ինչի՞ց է ձեւավորվել այդ ռիսկայնության դաշտը, ի՞նչ բաղադրիչներից։

Առաջինը, իհարկե, քանի դեռ զինադադար է, ոչ թե հաշտություն, օդում կախված պատերազմի վտանգն է։ Առաջինը, բայց իմ կարծիքով, ոչ ամենածանրակշիռը։

Երկրորդը քաղաքական անկայունությունն է, հեղհեղուկ վիճակը, ինչպիսին չի եղել 1990-ից ի վեր։ Քաղաքական անկայունությունը գիշերը փողոցներում անկանոն կրակոցները չեն, ոչ էլ ավտոմեքենա փախցնելը, ոչ էլ նույնիսկ բացահայտ ռեկետը։ Քաղաքական անկայունության օջախն այստեղ է, այս չորս պատերի մեջ՝ խորհրդարանում։ Քաղաքական ինչ սպեկտորով որ ստեղծվեց խորհրդարանը, այսօր 70 տոկոսով փոխվել է։ Մեկ-երկու օրվա ընթացքում խորհրդարանից դուրս, արտաքին ազդակով, չեղած տեղում խորհրդարանական նոր մեծամասնություն է ստեղծվում։ Եվ ոչ մի նշանակություն չունի, թե դա տեղի ունեցավ հայրենասիրական կարգախոսի տակ։ Վաղը մեկ այլ ազդակով, որն արդեն կարող է լինել նաեւ Հայաստանից դուրս, ասենք՝ Մոսկվայում կամ Աթենքում, ավելի հայրենասիրական կարգախոսով կարող է մեկ այլ մեծամասնություն ստեղծվել եւ որոշել հետ շրջել սեփականաշնորհումը, ազգայնացնել ձեռնարկությունները։

Պարզ չէ՞, որ կոնյակի գործարանը գնողը գնի որոշման բարդ ու գիտական մեթոդոլոգիաներից բացի, եւ դրանից առաջ, այս իրավիճակն աչքի առաջ ունենալով, պետք է նախ ամենապարզ «չոբանահաշիվն» աներ. երեք օրում նոր խորհրդարանական մեծամասնություն է ստեղծվում, երեք օրում ազգայնացման նոր նախագիծ են պատրաստում, երեք օրում էլ ընդունում են որոշում։ Ուրեմն, առավելագույնը կարելի է վճարել այնքան, որքան 9 օրվա ընթացքում ֆիզիկապես հնարավոր է, ասենք, կոնյակի սպիրտը դուրս բերել գործարանից եւ երկրից։ Ամեն անգամ, երբ նոր օրենք է ներկայացվում խորհրդարան, հարց է առաջանում, թե այն ի՞նչ արժե։

Երբ մի գիշերվա մեջ նոր խորհրդարանական մեծամասնություն էր կազմավորվում, որեւէ մեկի մտքով անցա՞վ, որ դա այս երկրի վրա հարյուրավոր միլիոն դոլար կարող է նստել։ Երրորդ՝ նախորդին շատ նման հանգամանք. Սահմանադրության ոտնահարման բացահայտ փաստեր, ընդ որում՝ հանրապետության նախագահի կողմից, որը երդվել է նույն այդ Սահմանադրության վրա։ Որեւէ մեկի մտքով անցնո՞ւմ է, որ նման փաստերից յուրաքանչյուրը այս երկրի վրա, թեեւ միջնորդավորված, բայց վերջին հաշվով տասնյակ եւ հարյուրավոր միլիոն դոլարներ է նստում։

Չորրորդ՝ կառավարությունը համառորեն հրաժարվում է հայտարարել, թե ո՞ր քաղաքական ծրագիրն է դրված իր գործունեության հիմքում, ո՞ր քաղաքական ուժի ուսմունքը։ Արհեստավարժ կարող են լինել նախարարների տեղակալները, նախարարները եւ կառավարությունը քաղաքական գիծ պետք է ունենա, հրապարակային, ինչպես ամբողջ աշխարհում։ Նման կառավարությանը ոչ մեկը չի վստահի։

Եթե թվարկած հանգամանքներից յուրաքանչյուրը երկուսից երեք անգամ մեծացրել է երկրի ռիսկայնության աստիճանը եւ նույնքան անգամ ազդել վաճառվող օբյեկտների գնի վրա, ուրեմն պարզ հաշվարկով կոնյակի գործարանի 30 միլիոնը պետք է բազմապատկել 10-15 գործակցով։ Ի՞նչ է տեղի ունենալու, եթե նախագիծն անցնի։ Նախագահը արգելանք կդնի։ Իսկ եթե արգելանքը հաղթահարվի՞։ Նախադեպը ունենք. Սահմանադրությամբ նախատեսված 5-օրյա ժամկետում նա չի ստորագրի օրինագիծը։ Մենք կդիմենք Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանը կասի՝ հրամանագիր չկա, քննարկել իրավասու չեմ։ Օրենքը չի աշխատի։ Սահմանադրությունը գրելիս, այնուամենայնիվ, պետք էր հաշվի առնել ոչ միայն խելամտության, այլեւ մյուս բոլոր կանխավարկածները։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031