Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԵՐԿՐՅԱ ԿՐՔԵՐ ԹԵՔԵՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՇՈՒՐՋ

Հոկտեմբեր 09,1998 00:00
teqeyan

Ռամկավարական շրջանակներից «Առավոտին» տեղեկություն էին փոխանցել, իբր Վարդան Ուզունյանի դեմ բանկերից մեկը մտադիր է դատավարություն սկսել՝ Թեքեյան մշակութային կենտրոնի կառուցման համար վերցրած վարկը վերադարձնելու պահանջով։

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր եւ ՀՌԱԿ փոխատենապետ Հակոբ Ավետիքյանը կտրուկ հերքեց այս լուրը ու նաեւ նշեց, որ հակառակը՝ դեռ Վարդան Ուզունյանն է անձամբ կենտրոնին գումարներ տրամադրել շինարարությունն ավարտին հասցնելու համար։ Նաեւ պարզեցինք, որ սա նման տեղեկությունները մամուլ փոխանցելու առաջին փորձը չէ։ Դեռ այս տարվա հուլիսի 4-ին էր Նյու Յորքի «The Armenian Reporter» թերթում Է. Գ. Պ. ստորագրությամբ (ենթադրաբար՝ Էդդի Պողոսյանն է) նման հոդված հրապարակվել։ Այն հետո թարգմանաբար լույս էր տեսել Լոս Անջելոսի «Նոր կյանք» թերթում։

Որոշ մեջբերումներ կատարենք այդ հրապարակումից. «Վարդան Ուզունյանը՝ լոնդոնցի առեւտրական եւ ՌԱԿ-ից արտաքսված ղեկավարներից մեկը, քննադատվում է Երեւանում զարտուղի առեւտրական գործարքների համար»։ Պնդվում է, որ Թեքեյան մշակութային միության շենքի կառուցման համար Վարդան Ուզունյանը «քրետիթ ստացաւ» եւ, որ շինարարությունը «ծանր ծախսեր եւ երկարատեւ ուշացումներ ունեցաւ»։

Նաեւ նշված է. «Երեւանի Թէքէեան մշակութային կեդրոնը իր անուան հակադրուելով իր բացումէն ի վեր չնչին մշակութային գործունէութիւն ունեցաւ, փոխարէն այդ կեդրոնը լծուեցաւ առեւտրական ցուցադրական գործունէութեան, որպես ճոխ առեւտրական գործերու միջավայր։ Կեդրոնը ոչ մեկ հաշուետուութիւն կու տայ, թէ ով է օգտուողը անոր գործածութենեն։ Թէքէեանին գործունէութեանց ծանօթ աղբիւրներու համաձայն՝ Երեւանի Թէքէեանի կեդրոնը կը պատկանի 4 անհատներու։ Վարդան Ուզունեանը սեփականատերն է Երեւանի Թէքէեան կեդրոնին 65 տոկոսին, Թալին Աւագեանը Ժընեւ-Զուիցերիաէն եւ Հայկաշէն Ուզունեանի աղջիկը՝ սեփականատէրն է 20 տոկոսին, իսկ Յարութիւն Կարապետեան, Յակոբ Աւետիքեան եւ Ռուբէն Միրզախանեան՝ իւրաքանչիւրը սեփականատէրեր են մնացեալ 5-ական տոկոսներուն։ Ամերիկայի Թէքէեան մշակութային միութեան կեդրոնական վարչութիւնը, փաստացիօրէն, Երեւանի Թէքէեան կեդրոնին կառուցման համար յատկացուցած է 250 հազար տոլար։ Կեդրոնի մը համար, որ ներկայիս կը գործածուի առեւտրական շահեր ձեռք բերելու համար ափ մը անհատներու կողմէ»։

Տեղեկացանք նաեւ, որ «Թեքեյան կենտրոն» շահույթ չհետապնդող ՍՊԸ-ի անունից պատասխան է պատրաստվել. «Է. Գ. Պ.-ի ստախոսություններին, քանզի դրանք կարող են սուտ եւ սխալ կարծիք ստեղծել կենտրոնի բարի համբավի մասին»։ Ներկայացված հակափաստարկներն են, թե Վարդան Ուզունյանը շինարարության համար վարկ չի ստացել. «Թեքեյան կենտրոնը» կառուցվեց աշխարհի բոլոր այն վայրերից, որտեղ ԹՄՄ եւ ՌԱԿ կազմակերպություններ կան եւ ստացված նվիրատվություններով, այդ թվում նաեւ՝ պրն Ուզունյանից»։

Շենքի «երկարատեւ ուշացումներով» կառուցվելու մեղադրանքի առնչությամբ հիշեցվում է, որ անցած դժվարին տարիներին Երեւանում հասարակական բնույթի միայն երկու շենք է կառուցվել՝ Ցեղասպանության թանգարանը եւ Թեքեյան կենտրոնը։ Իսկ «ծանր ծախսերի» հակափաստարկն էլ հետեւյալն է. «Կենտրոնի շինարարական եւ այնուհետեւ շահագործման ծախսերի հաշվական հսկողությունը կատարել եւ կատարում է միջազգային աուդիտորական ամենահայտնի ընկերություններից մեկը՝ KPMG-ն։ Մեր կողմից կարող ենք միայն ավելացնել, որ Կենտրոնի ներկայիս արժեքը, հազիվ մեկ տարի անց, կազմում է կատարված ծախսերի եռապատիկը»։ Սեփականատերերի անունների եւ տոկոսաչափերի վերաբերյալ էլ պնդվում է, թե բոլորն էլ սխալ են, հնարովի. «Առաջին, բացի մեկ հոգուց, որին բաժին է հասնում Թեքեյան կենտրոնի նոմինալ 1 բաժնեմաս, բոլոր մնացյալները ոչ թե անհատապես են կենտրոնի սեփականատեր արձանագրված, այլ ներկայացուցչական հանգամանքով։ Այլ խոսքով՝ նրանք իրենց կազմակերպություններն են ներկայացնում եւ ենթակա են փոփոխության»։

Բացի այդ, ըստ Թեքեյան կենտրոնի հիմնադիր արձանագրության՝ «հիմնադիրներն ու նրանց ներկայացուցիչներն իրավունք չունեն իրենց բաժնեմասը վաճառելու, օտարելու, զիջելու կամ ժառանգ թողնելու»։ Եվ վերջապես, «ամբողջովին սուտ եւ սխալ» է որակվում նաեւ շենքն առեւտրական շահերով գործածելու մեղադրանքը։ Նախ, կենտրոնը գրանցված եւ գործում է որպես շահույթ չհետապնդող ընկերություն, այսինքն՝ եկամուտներն օգտագործվում են ընկերության կանոնադրական նպատակների եւ ոչ թե սեփականատերերին շահույթ ապահովելու համար։ «Ճիշտ է, շենքը դեռեւս ունի շինարարական պարտքեր, որոնց փակման համար հիմնադիրներն ստիպված են շենքի տարբեր մասերը միջազգային ընկերություններին վարձով տալ, սակայն կենտրոնի սրահներն ու դահլիճները լիարժեք օգտագործվում են համագումարներ, մամուլի ասուլիսներ, մշակութային ու գեղարվեստական հանդիպումներ, ցուցահանդեսներ, նաեւ ընդունելություններ կազմակերպելու համար»։

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031