Առաջինի վերաբերյալ որոշումը մեկ ամսով հետաձգվեց, իսկ երկրորդի վերաբերյալ որոշումը երեկ անցավ միաձայն
Պերմանենտ քննարկումներ
Շուրջ երկու ամիս է, ինչ լուսաբանում եմ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստերը եւ բնավ չցանկանալով նսեմացնել նրա աշխատանքը, այնուամենայնիվ, պիտի ասեմ, որ այս ընթացքում առյուծի բաժինը երկար ու ձիգ քննարկումներն են կազմել, իսկ որոշումները խիստ հատուկենտ էին։ Գուցե երեկվա նիստն այս իմաստով բեկումնայի՞ն լինի։ Այն վարում էր Վարդան Հարությունյանը, քանզի Պարույր Հայրիկյանը կարեւոր ժամադրությունների պատճառով ստիպված էր հեռանալ։ Ճիշտ է, նախապես մի փոքրիկ ելույթ ունեցավ ու մասնավորապես ասաց, թե չարժե սպասել, որ ինքը գլխավորելով այս հանձնաժողովը, լուծելու է այն հարցերը, որոնք չեն լուծել մի քանի կառավարություններ ու երկու նախագահները։
Փախստականներ
Կարդացեք նաև
Դեռ օգոստոսից քննարկվում է Հայաստանում ապաստանած փախստականների վերաբերյալ որոշման նախագիծը։ «Արդեն երրորդ նիստն է, որ այն որպես հիմք է ընդունվում՝ ԱԺ-ից ոչնչով չենք տարբերվում»,- դառը կատակեց որոշման նախագծի հեղինակը՝ Վարդան Հարությունյանը։ «Առավոտն» անցած նիստից հետո ներկայացրել էր այս նախագիծը, որին բուռն արձագանքներ էին հետեւել։ «Այս ընթացքում որեւէ գրավոր առաջարկ չենք ստացել հանձնաժողովի որեւէ անդամից»,- արձանագրեց Վարդան Հարությունյանը՝ ինքն էր անձնապես փոփոխություններ կատարել սեփական նախագծի մեջ։ Այսպես, հրատապ լուծման արժանի, առաջնահերթ հարցերի ցանկից դուրս էր մնացել «Փախստականներին տալ էլեկտրաէներգիայից զեղչով եւ տրանսպորտից անվճար օգտվելու իրավունք» կետը, իսկ այլ դրույթներ որոշ փոփոխությունների էին ենթարկվել։ Եթե նախապես որեւէ առաջարկ չէր ներկայացվել, ապա լրագրողների ներկայությամբ (հետո էլ նախագահի խոսնակն ասում է, թե մենք աշխատանքային մթնոլորտին չենք նպաստում) բազմաթիվ դիտողություններ հնչեցին։
Վլադիմիր Կարմիրշալյանը նշեց, թե որոշման նախագծի հետեւյալ պնդումը՝ «փախստականների մի հսկայական մաս հնարավորության առկայության դեպքում պատրաստ է լքել Հայաստանը» յուրահատուկ չէ եւ կարելի է տարածել ողջ բնակչության վրա։ Վարդան Հարությունյանի հակափաստարկն էր, թե փախստականներն անձը հաստատող փաստաթուղթ չունեն եւ ազատ տեղաշարժի իրավունքի եւ հնարավորության դեպքում էլ չեն կարող Հայաստանը լքել։ Արդարադատության փոխնախարար Մանուկ Թոփուզյանին էլ վշտացրել էին նախաբանի «տեղի է ունեցել նրանց հոգեւոր օտարում տեղացիներից» եւ «առաջացել է մենք եւ նրանք շերտավորումը» արտահայտությունները։ «Նրանք մեր հայրենակիցներն են,- ասում էր նա։ – Անկեղծորեն եմ ասում՝ ես երբեւէ չեմ տեսել, որ մեկը մատով ցույց տա, ասի. «Այ, սա փախստական է»։ Ի վերջո, պայմանավորվեցին որոշ խմբագրական փոփոխություններից հետո այս որոշումը հաջորդ նիստում քվեարկել։
Բանակում խոշտանգումների դեպքեր
Ավելի բախտավոր եղավ բանակում առկա իրավախախտումների հետ կապված որոշման նախագիծը, որի հեղինակը դարձյալ Վարդան Հարությունյանն էր։ Նա խոստովանեց, թե որոշակի զգուշավորություն կա այս խնդրի նկատմամբ. «Երբեւիցե նման հանձնաժողովներում կամ այս կարգի բարձր մակարդակներում, ինչ գոյություն ունի հայկական բանակը՝ նման հարց չի քննարկվել։ Գուցե թե սա առաջին դեպքն է՝ եւ դա է զգուշավորության պատճառը,- ասաց նա։ – Ցավալի է եւ վիրավորական, որ Հայաստանի բանակում խաղաղ պայմաններում կյանքից զրկվում են 18-20 տարեկան պատանիները՝ անօրինականության, անպատժելիության եւ Հայաստանի զինվորի բարձր կոչմանն անհարիր գործողությունների հետեւանքով։ Սա է պատճառը, որ մենք պետք է անպայման արձագանքենք ու անդրադառնանք այս հարցին»։
Վարդան Հարությունյանը նաեւ հիշեցրեց, որ ՊՆ արտակարգ դեպքերով վերահսկողության բաժնի պետ Ռուբեն Մարտիրոսյանին ծեծել են՝ այս սպանությունների վերաբերյալ հարցեր տալու համար։ Ի վերջո, միաձայն ընդունվեց հետեւյալ որոշումը (ներկայացնում ենք աննշան խմբագրմամբ եւ որոշ կրճատումներով).
«ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի (ՄԻՀ) հանձնաժողովը մշտապես ստացել եւ շարունակում է ստանալ դիմում-գանգատներ ՀՀ բանակում խաղաղ պայմաններում սպանված, խեղված կամ մահացած զինվորների ծնողներից ու հարազատներից, որոնք, իրենց հարազատի մահից հետո, մահվան իրական պատճառները պարզելու եւ մեղավորներին պատժելու նպատակներով դիմել են հանրապետությունում հնարավոր բոլոր ատյաններին եւ բարձրաստիճան պաշտոնյաներին, սակայն որեւէ գոհացուցիչ կամ առկա հարցերին սպառիչ պատասխաններ չստանալուց հետո սկսել են դիմել մեզ։
… Յուրաքանչյուր գործով վերջին խոսքի իրավունքը վերապահելով դատարանին՝ ՄԻՀ հանձնաժողովը միաժամանակ արտահայտում է իր մտահոգությունը ՀՀ բանակի առանձին ստորաբաժանումներում տիրող անառողջ՝ ՀՀ բանակին ոչ վայել մթնոլորտի եւ բարքերի վերաբերյալ եւ առաջարկում է Հայաստանի նախագահին ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության բանակում պատշաճ կարգ ու կանոնի պահպանման եւ արդարադատության շահերից ելնելով առաջարկել ՀՀ գլխավոր դատախազին.
1) ՄԻՀ հանձնաժողովին մեկամսյա ժամկետում տեղեկատվություն տրամադրել 1995-1998 թթ. ընթացքում ՀՀ բանակում կատարված սպանությունների, ինքնասպանությունների, դժբախտ պատահարների եւ անձի դեմ ուղղված այլ հանցագործությունների քանակի մասին առանձին-առանձին։
2) ՄԻՀ հանձնաժողովին տեղեկություններ տալ այն զորամասերի հրամանատարների նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին, որտեղ սպանություններ, խոշտանգումներ կամ այլ կարգի բռնություններ են կատարվել։
3) Հատուկ հսկողության տակ վերցնել ՀՀ բանակում սպանության կամ անձի դեմ ուղղված այլ հանցագործության յուրաքանչյուր դեպք՝ քննության արդյունքների մասին մամուլի միջոցով տեղեկացնելով հասարակայնությանը»։
Նիստի ավարտից հետո Վարդան Հարությունյանին խնդրեցինք կանխատեսել, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը կընդունի՞ այս առաջարկները եւ ինչպե՞ս կարձագանքի պաշտպանության նախարարությունը։ «Նախագահը դեռ մեր ոչ մի առաջարկը չի մերժել,- ասաց պրն Հարությունյանը։ – Սա առաջին որոշումն է, եւ բնական կլինի, եթե այն իր նպատակին չհասնի։ Բայց վստահ եմ, որ կլինեն 2-րդ, 3-րդ, 4-րդ որոշումները՝ եթե ոչ այս, գոնե մեկ այլ հանձնաժողովում, եւ կհասնենք մեր նպատակին»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ