Ասում է Իգոր Կրուտոյը
ԻԳՈՐ ԿՐՈՒՏՈՅ – ծնվել է Ուկրաինայում։ Համաստեղությունը՝ Առյուծ, տարին՝ Ձի։ Նվիրյալ հայր եւ ամուսին։ Ամուսնությունից հետո հեռացել է մեծ սեքսից։ Տղան սովորում է Մոսկվայի համալսարանում, դուստրը 13 տարեկան է։ Իր ամենասիրած ստեղծագործությունը՝ «Սեր, որ նման է երազի», երգը՝ Ա. Պուգաչովայի կատարմամբ։ Նախընտրած ֆուտբոլային թիմը՝ Դոնեցկի «Շախտյոր» (ի դեպ, որի հիմնը գրել է ինքը)։ Չի սիրում մոլեխաղեր։ Բարձրահասակ է, ակնահաճո ու քչախոս։ Բայց չնայած դրան, ինձ հաջողվեց նրան խոսեցնել.
-Որ դուք առանձապես զրուցասեր չեք, ես դա արդեն հասկացա…
-(Լայն ժպտում է)։ Սովորաբար քիչ եմ խոսում։ Մնացածը պահում եմ երգերի համար։
Կարդացեք նաև
-Իսկ ինչպե՞ս են ծնվում ձեր երգերը։
-Դժվար է ասել։ Յուրաքանչյուր երգ, յուրաքանչյուր երգաշար ունի իր պատմությունը՝ գրելու պատմություն, ձայնագրման պատմություն։ Դա շատ ավելի ծանր հարց է, ավելի ճիշտ՝ մեծ թեմա է, քան կարելի է պատկերացնել։ Բայց հիմնականում ծնված երգը հենց ինքը կյանքն է՝ որեւէ կին, որեւէ հաճույք, կիրք կամ բավարարվածություն երեխայիդ հետ շփվելուց։
-Եթե տեսողությունս ինձ չի խաբում, բավականին նիհարել եք…
-Լավ է, որ դա արդեն զգացվում է։ Բանն այն է, որ ես երբեք չեմ հետեւել կարգուկանոնի՝ ատլետիկ կազմվածք կերտելու նկատառումով։ Եվ միշտ զարմացել եմ, որ այն մարդը, որը կարողացել է թողնել ծխելը, ինչո՞ւ չի կարողանում հրաժարվել շատակերությունից։ Ես ուտում եմ ամեն ինչ եւ մեծ քանակությամբ։
-Հիմնականում որտե՞ղ եք ճաշում՝ տա՞նը, թե՞ ռեստորանում։
-Ես սիրում եմ իմ տունը։ Սիրում եմ, երբ ինձ համար պատրաստում են կինս, քույրս, մայրս…
-Իսկ ի՞նչ խոհանոց եք նախընտրում։
-Ճապոնական, ֆրանսիական եւ իտալական խոհանոցներ։ Դրանցից ես անկարող եմ հրաժարվել։ Իմ տեսքից երեւում է երեւի։ Բայց վերջերս (դա ամռանն էր), երբ զգացի, որ արդեն սկսել եմ հագնել 60 չափսի կոստյում, վախեցա։ Ու երբ հասկացա, որ արդեն պետք է գնալ «գերխոշորների խանութ», որոշեցի կանոնակարգել ինձ, եւ ահա արդյունքը։ 15 կգ նիհարել եմ՝ այն էլ առանց հատուկ դեղամիջոցների։
-Մաեստրո, իսկ կա՞ այնպիսի անհատականություն, որի առաջ դուք պարտավորված եք զգում ձեր կարիերայի համար։
-Ես ամեն ինչի հասել եմ ինքնուրույն։ Իմ դժվարին ճանապարհին եղել են շատերը, որոնք հոգեպես միշտ աջակցել են ինձ։ Բայց դրա հետ զուգահեռ մաշկիս վրա խիստ ցավալի դավաճանություններ եմ զգացել բարեկամների կողմից։ Շատ բան էլ կախված է եղել Նորին մեծություն ճակատագրից։ Այնպես որ, ասել, թե եղել է մեկը, որ ձեռքս բռնել ու զառիվեր է բարձրացրել, չէ՛, ճիշտն ասած, չի եղել։
-Մի քանի օր հետո, ամսի 16-ին, սկսվելու են ձեր ստեղծագործական երեկոները Մոսկվայում…
-Այո՛, դա մի մեծ թատրոն է լինելու՝ չորսժամյա տեւողությամբ։ Մասնակցելու են շատերը՝ Լեոնտեւը, Վայկուլեն, Ալեգրովան ու էլի բազմաթիվ աստղեր։ Դա մի առանձնահատուկ բան է լինելու։ Հիմա բանակցություններ են տարվում այդ ծրագիրը դեկտեմբերի կեսերին նաեւ Երեւանում ներկայացնելու։
-Քանի՞ կոստյում կկարողանաք գնել այն դրամով, որը կստանաք երեւանյան համերգների ձեր ստորագրած պայմանագրի համաձայն։
-Նայած, թե որ խանութից գնումներ կկատարեմ։
-Ի՞նչ հարցեր չեք սիրում։
-Նրանք, որոնք անիմաստ ասեկոսեներին են վերաբերում։ Բայց, իհարկե, մյուս կողմից էլ շատ լավ գիտակցում եմ, որ մամուլը պիտի վաճառվի։ Իսկ եթե պիտի վաճառվի, ուրեմն այնտեղ երբեմն պետք է տեղ գտնեն, այսպես ասած, «գոտկատեղից ներքեւ» հարցեր։ Այնպես որ, ես իմ հաց վաստակելու միջոցն ունեմ, դուք՝ ձերը։
-Ներեցեք, ձեր հոգին որտե՞ղ է ապրում՝ գոտկատեղից ներքե՞ւ, թե՞ վերեւ։
-Իհարկե, վերեւ՝ սրտիս աջ անկյունում։
-Ուրեմն հարցս հանգիստ կարող եմ ուղղել ձեր հոգուն։ Կանանց հետ հարաբերություններում ձեր փառքն օգտագործո՞ւմ եք։
-Ճիշտն ասած՝ ոչ։ Ամուսնանալուց հետո ես դուրս եմ եկել մեծ սեքսից։
-Ընդհանրապե՞ս…
-Իհարկե։ (Ու վերջապես լիաթոք ծիծաղում է)։
-Այնուամենայնիվ, դուք այն հազվագյուտ տղամարդկանցից եք, որը մշտապես շփվում է շատերի համար կուռք դարձած կին-աստղերի հետ։ Ըստ ձեզ, նրանցից ո՞վ է ամենականացին, ամենացանկալին։
-Իհարկե, Իրան, իհարկե՝ Ալեգրովան, դա միանշանակ է ու անվիճելի։
-Իսկ դուք չգիտե՞ք, թե նա ինչու, մեղմ ասած, չի սիրում լրագրողներին։
-Շատ հասկանալի պատճառով։ Նրա մասին գրում են ամենագարշելի բաները, մշտապես չարախոսում են, փորձում չեղածն իրականի տեղ անցկացնել։ Ինքն էլ սկզբունքային կին է եւ խոստացել է այլեւս չհանդիպել լրագրողների հետ։
-Մաեստրո, շատ կանայք հմայված են ձեզանով ոչ թե ձեր տաղանդի պատճառով, այլ նրանց գրավում է ձեր համեստությունը։
-Շնորհակալ եմ, անչափ զգացված եմ։
-Չէ՛, ես ձեզ չեմ փորձում հաճոյանալ կամ հաճոյախոսել, ուղղակի ինձ հետաքրքիր է, խաբուսիկ չէ՞ այդ տպավորությունը։
-Դա ձեզ ավելի ակներեւ է։ Դուք ինձ արդեն անձամբ եք ճանաչում։
-Ալեգրովայի երգացանկում կա այսպիսի մի երգ. «Դու դավաճանում ես ինձ կնոջդ հետ, կնոջդ՝ ինձ հետ»։ Կարելի՞ է ասել, որ դա Ձեր եւ երգչուհու «Չվերջացած սիրավեպն» է ու դեռ շարունակվելու է։
-Ես իմ ստեղծագործական վերելքում եմ, լարվածակետում, եւ Իրինան հիմնականում ինձ հետ է աշխատում։ Մենք հիմա մեր երրորդ երգաշարն ենք պատրաստում, որն էլ հենց կոչվելու է «Երկուսով սեղանի շուրջ»։ Բայց ասեմ նաեւ, որ Իրինան ձայնագրություններ է անում այլ երգահանների հետ եւս։ Միգուցե նա գտնի ավելի հոգեհարազատ մեկին եւ հետագայում աշխատի նրա հետ։ Չեմ կարող գուշակել։
-Այնուամենայնիվ, ձեզ կապում է մեծ հոգեւոր աշխա՞րհը միայն…
-Այո, մեր հոգեկան մեծ կապը նորանոր երգեր է ծնում…
Զրույցը վարեց ԶԱՐՈՒՀԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ