Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԿԱԽԻՉՆԵՐՆ ԷԼ ՄԱՔՍԱՆԵՆԳ ԱՊՐԱՆՔ ԵՆ

Հոկտեմբեր 08,1998 00:00
zvartnoc

Արտասահմանյան երկրներից Հայաստան եկող հյուրերից ու տեղացիներից տասնյակ համանման պատմություններ կարելի է լսել այն մասին, թե ինչ արգահատելի բարքեր են տիրում «Զվարթնոց» օդանավակայանի մաքսակետում։ Դրամաշորթությունը, կոպիտ վերաբերմունքը, անօրինականությունները այստեղ հետզհետե վերածվել են կենցաղի, եւ որեւէ մեկի մտքով անգամ չի անցնում արմատախիլ անել չարիքը։ Թող ինձ ներեն վերը նշված ծառայության այն աշխատակիցները, որոնք քիչ թե շատ ազնվություն ու բարեկրթություն ունեն։ Սակայն այդպիսիներն այստեղ հավանաբար սպիտակ ագռավի կարգավիճակով են, քանզի այն, ինչ տեսել ու լսել ենք, մեզ այս պահին իրավունք են տալիս ընտրություն չկատարել որակումների մեջ։

Ճիշտ այդպիսի իրավունք ունեն նաեւ Չիկագոյից Քնարիկ եւ Մուրադ Մելեշյան ամուսինները, որոնք հայրենիքը տեսնելու, ինչ-որ կերպ աջակցելու ազնիվ մղումներով այս տարվա սեպտեմբերի 23-ին «Հայկական ավիաուղիների» 152-րդ չվերթով ժամանեցին Երեւան։ Սա նրանց առաջին գալուստը չէր։ 1975 թ. ի վեր մի քանի առիթներով եղել էին Երեւանում։ Քնարիկ Մելեշյանը, որն ուսուցիչ ու գրող է, միաժամանակ անդամակցում է Կարմիր խաչին եւ բարեգործական առաքելություններով եկել է այստեղ։ Ամուսինն էլ, որ քիմիայի մասնագետ է ու աշխատում է ԱՄՆ հայտնի հաստատություններից մեկում, ուղեկցել է նրան։ Եվ այս անգամ էլ, երբ սեպտեմբերի 23-ին, երեկոյան ժամը 9.10-ին օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոցում», հույզերն ու ակնկալիքները միախառնվել էին, ու թվում էր, ոչինչ չէր կարող խաթարել ամենաջերմ զգացողությունները։ Մինչդեռ հիասթափությունը հենց շեմքին սպասում էր նրանց։

Եվ թե ինչ կատարվեց, պատմում են հենց իրենք. «Առաջին հերթին ռուսները մեր անձնագրերը նայեցին։ Այնուհետեւ երկու պարոններ չափազանց բարեկիրթ ընդունեցին մեզ։ Շատ ուրախացանք։ Մուրադին ասացի՝ տես, ինչքան է փոխվել դեպի լավը։ Այնուհետեւ մեր պայուսակները ստացանք։ Մեկը եկավ, ուզեց օգնել։ Սակայն հետո ասաց, որ մեր իրերը պիտի ստուգեն։ Մտանք մի սենյակ։ Այնտեղ մի կին կոպտորեն մի թուղթ նետեց ու պահանջեց լրացնել։ Բացատրեցի, որ ռուսերեն չգիտենք եւ խնդրեցի թարգմանել։ Դժկամությամբ սկսեց հրահանգներ տալ։ Այն կետի դիմաց, ուր պահանջվում էր նշել գալու նպատակը եւ բերված ապրանքների քանակը, գրեցի, որ եկել ենք ազգականներին տեսնելու եւ նրանց համար նվերներ ենք բերել։ Ու երբ իրերն անցկացրին ստուգող սարքերի միջով, այդ պահին մոտեցավ մեկ այլ կին ու հարցրեց. «Էս ի՞նչ ես գրել, հիմա արի ու մեքենայի առաջ կանգնիր։ Եվ մեկառմեկ պիտի ասես, թե պայուսակներում ինչ կա»։

Բացատրեցի, որ մանրամասն թվարկել չեմ կարող։ Այն ժամանակ նա հարցրեց, թե ինչու դուք 5-6 հատ հագուստի կախիչ եք բերել։ Նորից ստիպված էի բացատրել, որ մեր հագուստները կախելու համար են։ «Ուրեմն, այդքան շատ շո՞ր ունես»,- վրա տվեց նա ու այս անգամ էլ սկսեց հարցաքննել, թե ինչու ենք 3 պայուսակ բերել։ Երբ համբերությունս հատած հարցրի, թե ինչո՞ւ եք անիմաստ տեղն այսքան չարչարում, առանց այդ էլ հեշտ չէ այսքան ճանապարհ կտրելը, պատասխանեց. «Որ այդքան հոգնում եք, մի եկեք»։ Այնուհետեւ ներկայացումը շարունակվում է նոր ոգով։ Նույն կանայք Մելեշյան ամուսիններին հարցնում են բերված ապրանքների արժեքը։ Լսելով պատասխանը՝ 300 դոլար, նրանցից մեկը նետում է. «Սուտ եք խոսում, ավելի շատ եք վճարել»։

Մինչ երկու ամերիկաբնակները կփորձեին արդարանալ, որ այդ երկրի խանութներում գոյություն ունի «սեյլ»՝ զեղչ հասկացությունը, եւ իրենք կարող էին ավելի քիչ վճարել, մաքսատան կանայք այս անգամ սկսեցին հետաքրքրվել ամուսինների գրպանի պարունակությամբ։ «Ես չեմ ասի, թե որքան փող ենք բերել, որովհետեւ դա ձեր գործը չէ։ Որեւէ երկիր չի հարցնում՝ ինչ ապրանք եք բերել, ինչքան փող եւ ինչ ոսկեղեն ունեք։ Եվ եթե ես անցել եմ Ամերիկայի մաքսակետերի արդիական սարքավորումների ստուգումներով, կնշանակի որեւէ անթույլատրելի բան ինձ մոտ չկա»,- պատասխանում է Քնարիկ Մելեշյանը։ Հյուրերի «հանդգնությունից» զայրացած մաքսավորուհին խլում է նրանց անձնագրերը, թաքցնում թիկունքում ու գոռում նրանց երեսին. «Գիտե՞ք, էս պահին ձեր բոլոր ապրանքները ես կարող եմ տանել ու փողոց շպրտել»։

Շուտով մարդիկ են հավաքվում, եւ նրանցից առավել փորձված մեկը Մուրադ Մելեշյանին զգուշորեն ակնարկում է, որ քաշքշուկներից խուսափելու լավագույն միջոցը մաքսավորներին վճարելն է։ Սակայն վերջինս իր որոշման մեջ կտրական էր. «Ինչ ուզում են, թող անեն, որպես կաշառք մեկ լումա անգամ չեմ տա»։ Խմբագրություն եկած հուզված ամուսինները պատմում էին, թե ինչպես շաբաթներ առաջ Հայաստանից ԱՄՆ վերադարձած մի խումբ հայերի այցի գնացին՝ հայրենիքից թարմ լուրեր առնելու համար։ Եվ առաջին բանը, որ լսեցին, հետեւյալն էր. «Մենք այլեւս այնտեղ չենք գնա, օդակայարանում այնքա՜ն չարչարեցին մեզ»։ Նույն բանը լսեցին նաեւ Երեւանում, երբ «Արմենիա» հյուրանոց էին գնացել այլ ամերիկահայերի հանդիպելու համար։

Մելեշյան ամուսինները չեն պատրաստվում միայն մաքսատան դժվարությունների պատճառով այլեւս Հայաստան չգալ։ Սակայն բոլոր նրանք, ում ներկայությամբ գովել են իրենց հայրենիքը, առաջին իսկ տպավորություններից հետո էլ չեն պատրաստվում հավատալ նրանց։ «Այսպիսի բաներ պետք չէ անել։ Ուրիշ երկրներում չեն անում։ Հայաստանը, որ կարող է հրաշալի տուրիզմի երկիր դառնալ, այսպես անելով ոչ մեկի չի ձգի դեպի իրեն։ Հյուրանոցները չեն լցվի, խանութները ոչ ոք չի մտնի։ Խնդրում եմ այսօրվանից իսկ փոխեք այդ կարգը»,- ցավով ասում է տիկին Քնարիկը։ Իսկ ամուսինը լրացնում է նրան. «Ես ԱՄՆ-ում հայ եւ հույն բարեկամներ ունեմ, որոնք հակաթուրք բովանդակությամբ նյութեր են տպագրում թերթերում։ Բայց երբ նրանք այցելել են Թուրքիա, ընդունել են գրկաբաց ու ժպիտներով, ինչ է թե նրանք զբոսաշրջիկներ են։ Ու եթե Թուրքիայի պես երկրում հային այդպես են ընդունում, ինչպե՞ս չցավես, որ Հայաստանում հայը այլ վերաբերմունքի է արժանանում»։

Մեկ շաբաթ հետո նրանք վերադառնալու են Միացյալ Նահանգներ։ Իսկ մենք մնալու ենք այստեղ՝ մեր հոգսերի, խնդիրների եւ նաեւ խայտառակության հետ։ Պատմությունը շարադրելու նպատակը ինչ-որ մեկին պատժելը չէ, թեեւ եթե համապատասխան կառույցների համապատասխան պարոնների մոտ փոքր-ինչ ցանկություն լինի, ապա դժվար չէ գտնել նշված օրվա, նշված ժամի հերթապահողներին։ Բայց մի՞թե դա է ելքը։ Նրանք կգնան, կգան նորերը, ու պատմությունը դարձյալ կկրկնվի։ Մինչեւ ե՞րբ։ Այս մասին կասի՞ որեւէ մեկը։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031