Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՎԱՌԻ ԳՈՐԾԵՐԸ՝ 50×50

Հոկտեմբեր 08,1998 00:00
Gexarquniq

Մայրաքաղաքից դեպի Գեղարքունիքի մարզկենտրոն ճանապարհն անցանք աննկատ։ Շուրջ հինգ հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող մարզը, որ իր մեջ ընդգրկում է նաեւ Սեւանա լիճը, 124 կիլոմետր երկարությամբ ընդհանուր սահման ունենալով Ադրբեջանի հետ, առաջին հայացքից հանգիստ եւ խաղաղ տպավորություն է ստեղծում։ Սակայն 270 հազար բնակչություն ունեցող մարզի այդ թվացյալ հանգստության տակ բազում հոգսեր ու դեռ չլուծված խնդիրներ կան։ Գավառի կենտրոնում, փողոցներում տեղ-տեղ կուտակված տղամարդկանց խմբերն ամենեւին չէին խոսում վերջիններիս զբաղվածության մասին։ Այսօր տեղի ամենատարածված զբաղմունքը ձկնորսությունն ու առեւտուրն է։ Սա է, միգուցե, հիմնական պատճառը, որ մարզից արտագնա աշխատանքի մեկնողների մեծ հոսք կա, թեեւ մարզպետարանում տեղեկացրին, որ այսօր վերադարձողների թիվը գերազանցում է մեկնողներին։

Այդ ամենով հանդերձ, որքան էլ տարօրինակ է, Գեղարքունիքում լուրջ հոգս է դարձել գերբնակեցված գյուղերի բեռնաթափումն ու սահմանամերձ գյուղերի վերաբնակեցումը։ Մարզում 20 հազարից ավելի փախստականներ կան։ Գյուղեր կան, որ 10 հազարից ավելի բնակիչ ունեն, իսկ, օրինակ, Վերին եւ Ներքին Շորժայում ապրողների թիվը կարող ես մատների վրա հաշվել։ Վարդենիսի եւ Ճամբարակի բնակիչներն էլ իրենց դժվարություններն ունեն. գաղթելով Բաքվից եւ Ադրբեջանի խոշոր քաղաքներից, մարդիկ չեն կարողանում համակերպվել գյուղական կենցաղին, իսկ արդյունքում, մեղմ ասած, աղքատիկ կացությունն է։

Նույնը չի կարելի ասել Գեղամասար գյուղի մասին, որտեղ Շամխորի Ջագիր գյուղի բնակիչներն են ապրում։ Մարզի արդյունաբերությունը կաթվածահար վիճակում է։ Մի քանի գործարաններ են միայն աշխատում, այն էլ ոչ լրիվ հզորությամբ։ «Երջանիկների» թվում Վարդենիսի պանրագործարանն է, Սեւանի ապակե մեկուսիչների, Գավառի կաբելի գործարանները։ Այս տարվա հունիսից վերագործարկվել է նաեւ Կարմիր գյուղի գորգագործական ֆաբրիկան։ Լուրջ աշխատանքներ են տարվում ոսկու հանքերի շահագործման ուղղությամբ։ Դեռ անցած տարի խոսք կար, որ ոսկու կորզիչ կոմբինատը պիտի տեղակայվի հանքին մոտ՝ Սոտքում, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոփոխությունն աղետալի կլինի Սեւանա լճի կենդանական աշխարհի համար՝ թափոնների պատճառով։ Գեղարքունիքում մեծ հույսեր են կապում Սելիմի ճանապարհի կառուցման հետ եւ լրջորեն ոգեւորված են հանքային ջրերի պաշարներն արդյունավետ օգտագործելու հեռանկարով, սակայն սրանք ապագայի խնդիրներ են։ Այժմ եղածը տնօրինելու հավերժական ջրապտույտը ավելի կենսական է եւ առաջին հերթին վերաբերում է գյուղմթերքների արտադրությանը։ Գյուղացին չի կարողանում իրացնել իր բերքը։

Մարզում մեծաքանակ կարտոֆիլի եւ կաղամբի կուտակված պաշարներ կան, որոնց պահպանումը լուրջ բարդությունների հետ է կապված։ Բարձր լեռնային գոտու հողերը սկսել են էրոզացվել, չեն մշակվում, ինչի հետեւանքով սեփականատեր գյուղացին ավելի շատ վնաս է կրում, քան օգուտ, եւ մեկ-երկու տարի չօգտագործելուց հետո հողն այլեւս նրան չի ձգում։ Համանման պատկեր է անասնապահության ոլորտում։ Ճիշտ է, անասնագլխաքանակի աճ կա, բայց թույլ է տոհմաբուծությունը։ Դիտվում է կաթնատվության, մթերատվության նվազում։ Սելեկցիոն աշխատանքները լավ վիճակում չեն։ Արդյունքում ստացվում է գաճաճ սերունդ։ Մանր եղջերավոր անասունների քանակը պակասել է, քանի որ բրդի վաճառքը դժվարությամբ է իրականացվում։ Խոզաբուծությունը մի փոքր վերելք է ապրում, բայց լեռնային պայմաններում անասնակերի սղություն կա։ Գեղարքունիքի մեծագույն հոգսը միայն տնտեսությունը չէ։ Սոցիալական, կրթական, մշակութային ոլորտները նույնպես ամեն քայլափոխի հիշեցնում են իրենց գոյության մասին։

Կրթական համակարգում գործում է 131 դպրոց։ Գրքի, մանկավարժների վարձատրության պրոբլեմների կողքին մի առանցքային խնդիր կա, որն է դպրոցների շենքային պայմանների պահպանման հարցը։ Վերջին երկու տարիներին օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցությամբ վերանորոգվել է շուրջ 20 դպրոց։ Նախատեսված է ամեն տարի 10 դպրոցի վերանորոգում։ Դրանք չեն փակվել, թեեւ այդպես վարվելու լուրջ պատճառներ կային Վերին Գետաշենի եւ մի քանի այլ դպրոցների դեպքում։ Այն դպրոցները, որոնք կղմինդրե տանիք չեն ունեցել, քայքայվում են եւ այս պայմաններում իրենց չեն արդարացնում։ Կադրերը հիմնականում տեղի մասնագետներն են։ Եթե կրթական համակարգը քիչ թե շատ կարելի է համարել բարվոք, նույնը չի կարելի ասել մշակույթի մասին։ Այս բնագավառը ընդհանրապես չի ֆինանսավորվում։ Մարզպետարանի մշակույթի բաժինն իր ենթակայության տակ ունի միայն Գավառի թատրոնը։ Մնացած մշակույթի տները հանձնվել են համայնքներին։ Իսկ դրանք ոչ միայն չեն գործում, այլեւ գտնվում են ոչ բարվոք վիճակում։

Կառավարությունը յուրաքանչյուր համայնքի մշակույթի տան համար իբրեւ պահպանման ծախս նախատեսել է երկու հաստիքային միավոր։ Գեղարքունիքում համոզված են, որ համայնքի բյուջեի հույսին մշակույթ թողնելն է այս վիճակին հասցրել։ Ու դա դեռ բավական չէ, այսօր էլ փորձնական կարգով դպրոցներն են ուզում տալ համայնքներին։ Մարզում գործում են հինգ մասնավոր հեռուստաընկերություններ։ Որակական ու բովանդակային առումով դրանք առանձնապես աչքի չեն ընկնում, սակայն տեղացիներն էլ մեծ պահանջներ չեն ներկայացնում։ Դեռ 1996 թ. հիմնադրված մեկ մարզային թերթ կա, որն առ այսօր հրատարակել է ընդամենը 30 համար։ Նախկին շրջանային թերթերը փակված են, բացառությամբ Սեւանի քաղաքային թերթի։ 92 համայնքից ընդամենը 6-7-ն է պարբերաբար թերթեր ու ամսագրեր ստանում։ Մնացածները մամուլի բացակայությունը պատճառաբանում են տրանսպորտային խնդիրներով։

ՆԱՌԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031