Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՇԱՑԱԾ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՆՏՐՏՈՒՔ

Հոկտեմբեր 08,1998 00:00
Ararati marz

Տեղական ինքնակառավարման խառը համակարգը հորինելիս մեր օրենսդիրները, հարկավ, մտածում էին հակասությունների դիալեկտիկական միասնության մասին։ Ընտրովի ու նշանակովի համակարգերի համատեղումը, ենթադրվում էր, որ դա գոնե մեկ քայլ առաջ է նախկին համակարգից։ Այս պատմության մեջ ամեն ինչ անսովոր էր։ Նախ իրենց աջակցել խնդրեց լրատվության ամենազանգվածային միջոցի՝ հեռուստատեսության ստեղծագործական խմբերից մեկը։

«Տոնավաճառ տնտեսական տեղեկատու» հաղորդաշարը Արարատյան դաշտավայրի աղուտների մասին հաղորդում էր եթեր արձակել։ Նկարահանումները կատարվել էին Արարատի մարզի Շահումյան գյուղում։ Գյուղի դպրոցի աշխատակիցներից մեկը՝ Սոս Գասպարյանը, հաղորդման ընթացքում պատմել էր, որ վարձակալությամբ 3 հեկտար հող է վերցրել։ Մոտ երկու տարի խնամել է հինգերորդ կարգի վարելահողը։ Դրենաժային համակարգ է փորել եւ մշակման երրորդ տարում հասել լուրջ հաջողության՝ մեկ հեկտարից ստանալով 40 ցենտներ ցորեն։ Հետո հեռուստատեսության աշխատակիցների պատմելով սկսվել էր զավեշտական մի պատմություն։ Շահումյանի գյուղապետը խիստ զայրացել էր իր համագյուղացու վրա, որ վերջինս հանդգնել էր առանց իր հետ խորհրդակցելու գյուղը ներկայացնել ազգային հեռուստատեսության եթերում։ Զայրույթը խիստ կոնկրետ դրսեւորումներ է ունեցել։

Սոս Գասպարյանի ձեռքից «հետ» է վերցվել հողը, իսկ հետո աշխատանքից հեռացվել է նրա քույրը՝ Հասմիկ Գասպարյանը։ Հեռուստալրագրողների հետ այցելելով Արարատի մարզպետարան, համոզվեցինք, որ գործ ունենք ամենասովորական «իշխանա-իշխանիկական» քմահաճույքների հետ։ Նախ պարզեցինք, որ Հասմիկ Գասպարյանը արդեն 10 տարի Շահումյանի միջնակարգ դպրոցի տնօրենն է։ Այդ ողջ ընթացքում նրա աշխատանքից լուրջ բողոքներ չեն եղել։ Տարօրինակ զուգադիպությամբ բողոքները սկսվել են վերոհիշյալ հեռուստահաղորդումից հետո։ Բողոքներից մեկը գրել էր նույն դպրոցի մի ուսուցիչ։ Նրան հանդիպել չհաջողվեց։ Հետո գյուղում տեղեկացանք, որ սույն ուսուցիչը մարզկենտրոնում ինչ-որ տուրուդմփոցի էր մասնակցել («02-ոստիկանական լրատուն» կգրեր՝ գործի հետ չառնչվող տուրուդմփոցի) եւ այդ պահին աչքի վնասվածքով հիվանդանոցում էր։

Նամակ-բողոքը կարդալուց հետո, գոնե ես համոզված եմ, որ հենց այդպիսի բովանդակություն ունեն 30-ականների հայտնի բողոքները։ Իսկ բառապաշարն ուրիշ էր՝ ավելի ժամանակակից (օրինակ՝ «վամպիր» բառը)։ Մարզպետարանը բողոքը ստուգելու նպատակով երկու պատասխանատու աշխատակցի գործուղել էր նշված փաստերը ստուգելու։ Ստուգել էին ու որեւէ փաստ չէին հաստատել։ Հետո էլի բողոքներ էին հայտնվել, իսկ վերջում մարզպետ Հովիկ Աբրահամյանին դիմել էր գյուղի ավագանին։ Վերջինս միջնորդում էր նույն հարցով՝ աշխատանքից ազատել դպրոցի տնօրենին։ Մարզպետը, որ մեր օրենսդիր մարմնի անդամ է, հաշվի առնելով այդ միջնորդագիրը եւ 1972 թ. ընդունված ու գործող աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածը, դպրոցի տնօրենին ազատել էր աշխատանքից։

Ազգային հեռուստատեսության, «Հայաստանի Հանրապետութիւն» եւ «Առավոտ» օրաթերթի լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ իր հրամանից հետո էլ նախկին տնօրենին այլ՝ ավելի բարձր պաշտոնի աշխատանք է առաջարկել։ Ընդունեք՝ մի քիչ անհասկանալի առաջարկություն է աշխատանքից հեռացնող մարդու կողմից։ Մարզպետի այս քայլը կոնֆլիկտը մեղմելու ձեռնարկ չի կարող ընկալվել։ Մանավանդ որ, օրենսդիր մարզպետն իր իշխանական բարձունքից հավանաբար չի հասցրել ուսումնասիրել վերոհիշյալ աշխատանքային օրենսգիրքն ամբողջությամբ։ Թե չէ հաստատ կիմանար, որ ժամանակավոր անաշխատունակության թերթիկ (բյուլետեն) ունեցող տնօրենին, գոնե այդ օրերին չէր կարելի հեռացնել աշխատանքից։

Լրագրողների հայտնվելն Արարատի մարզում կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ մամուլին դիմող ցանկացած բնակչի համար։ Շահումյան գյուղում զարգացող դեպքերի ընթացքը սպառնում է դառնալ հանրապետության մամուլի մշտական թեմաներից մեկը։ Այն 2-3 անգամ արդեն ներկայացվել է Ազգային եւ «Ար» հեռուստաընկերությունների եթերում։ Հրապարակումներ եղել են «Հայաստանի Հանրապետութիւն» եւ «Հայոց աշխարհ» օրաթերթերում։ Պետական հեռուստատեսության աշխատակիցներն իրավապահ մարմիններին են դիմել, որովհետեւ Շահումյան գյուղում գյուղապետի մի քանի ազգական խանգարել են նկարահանող խմբին։ Իսկ մինչ այդ հետ է վերցվել Սոս Գասպարյանին վարձակալության տրված հողակտորը։

Մեր զրույցի ընթացքում Շահումյանի գյուղապետ Երեմ Կարապետյանը վստահեցնում էր, որ պարոն Գասպարյանի վարձակալության պայմանագիրը անօրինական է, եւ վերջինս հողը մշակելիս պետական հարկերը չի մուծել։ Իսկ հողագործ-ուսուցչի ձեռքում ոչ միայն վարձակալության պայմանագիրն է, այլ հարկային մուծումների կտրոնը։ Դպրոցի նախկին տնօրենը դատարանին է դիմել նախկին աշխատանքում վերականգնվելու հայցով։ Այս ընթացքում իշխանության տեղական մարմիններն, իհարկե, պարապ չեն մնում։ Գյուղատնտեսական աշնանային աշխատանքների հմուտ ղեկավարությունն իրականացնելուն զուգահեռ, մարզպետը հանձնաժողով է ստեղծել։ Հանձնաժողովը առաքելություն ունի ստուգելու արդեն աշխատանքից հեռացված տնօրենի տնտեսական գործունեությունը։ Հուսանք, որ տեղական ինքնակառավարման բոլոր օղակներին, ի վերջո, կհաջողվի հետին թվով բավարար ապացույց-հիմքեր գտնել արդեն կատարած քայլերի համար։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Հ.Գ. Երեկ Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում մարզպետ-պատգամավորը նշեց, որ հանձին «Պեռնո Ռիկարի», խաղողագործ գյուղացին տեր է գտել։ Բառապաշարը, հայտնի բան է՝ լեզվամտածողության արդյունք է։ Ու չկար մեկը, որ գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնատար անձին բացատրեր, որ աշխարհիկ կյանքում տեր բառը բնորոշ է առնվազն ֆեոդալական հասարակարգին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031