«Գլխարկներ փոխելու» ժամանակը
Վանաձորի իշխանական կառույցներում մանր ու միջին չինովնիկների «հերթապահ» մի խումբ զբաղված է բարձրաստիճան ղեկավարների փոխվելու հետ նրանց «արջի ծառայություն» մատուցելու նոր, ժամանակակից մեթոդների մշակմամբ։ Սրանք այն մարդիկ են, որոնք հարուստ փորձ ունեն ղեկավար ընդունել-ճանապարհելու՝ հերթական անգամ գունափոխվելով ու չարախնդալով, թե «ղեկավարները թող գան էլ, գնան էլ, մենք մեր գործը լավ գիտենք»։
Սրանք էլ են արհեստավարժներ։ Նպատակը՝ աթոռներին «հաստատ մնալն է»։ Հնուց եկող այս երեւույթը, որ կարելի է անվանել նաեւ «գլխարկ փոխելու» քաղաքականություն, ժամանակակից պայմաններում քաղաքակրթվել է. այն ուղղված է ոչ միայն անցանկալի աշխատողներին ղեկավարների մոտ «սեւացնելով» ու «մրելով», այլեւ փորձ է արվում ուղղությունը թեքել նաեւ ազատ մամուլի ներկայացուցիչների դեմ, որոնք «համարձակվել» են իրենց ազատ դրսեւորել՝ ամենեւին չխախտելով ո՛չ մամուլի օրենքը, ո՛չ լրագրողի էթիկան եւ ո՛չ էլ բարոյական նորմերը։
Լրագրողների դեմ պայքարի ձեւերից մեկն էլ նրանց շուրջը անբարյացակամության մթնոլորտ ստեղծելու փորձերն են, որոնք միշտ չէ, որ պսակվում են հաջողությամբ (ի մեծ դժբախտություն փորձի հեղինակների)։ Եվ այդուհանդերձ, շատ դեպքերում ղեկավարները՝ նման մարդկանց հարկադրված «ականջ դնելով», «թույնի» ազդեցության տակ, ապակողմնորոշվում են եւ տրամադրվում լրագրողների դեմ, քանի որ «ջանացավների» մի խումբ մանրադիտակի օգնությամբ տվյալ լրագրողի հոդվածում փորձում է հայտնաբերել ոչ միայն տողատակերում «թաքնված» «նենգ» մտքերը, այլեւ՝ «խարդավանքն» ու «դավը», իսկ հումորը ներկայացնել իբրեւ «ծաղր», «անարգանք», «անվայելուչ պահվածք»։
Կարդացեք նաև
Հատկանշական է, որ մայրաքաղաքում առավել բարեհաճ են վերաբերվում քննադատությանը, քան, «գավառներում», ինչը կարելի է հասկանալ այսպես՝ «Մի խանգարեք մեզ աշխատել այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, եւ ոչ թե ինչպես պահանջվում է»։ Ինչ վերաբերում է Վանաձորին, ապա չենք կարող չխոստովանել, որ այստեղ դեր է խաղում այն, որ մինչերկրաշարժյան, մինչվերակառուցման, վերակառուցման, մի քիչ էլ՝ լճացման տարիների «շունչը» դեռ նստած է քաղաքի «շնչի» վրա՝ շնորհիվ նոմենկլատուրայի։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վանաձոր