Լրահոս
Օրվա լրահոսը

Բազեյանի վճիռը վերջնական է

Հոկտեմբեր 08,1998 00:00
Albert Bazeyan

Ազգային ժողովի փոխնախագահ Ալբերտ Բազեյանը հրաժարականից հետո պատասխանեց «Առավոտի» երեք հարցի։

– Ձեր վճիռը վերջնակա՞ն է։

– Բնականաբար։

– Իսկ եթե Վազգեն Սարգսյանը ձեզ շատ համոզի մնալ ԱԺ փոխնախագահի պաշտոնո՞ւմ։

– Կաշխատեմ մնալ իմ դիրքորոշմանը։ Նախորդ անգամ էլ ինձ երկար համոզելու առիթ եղավ։ Բերվեցին քաղաքական փաստարկներ. որպեսզի ԱԺ-ն շարունակի իր նորմալ գործունեությունը, նպատակահարմար համարվեց իմ ընտրվելը ԱԺ փոխնախագահի պաշտոնում։

– Ձեզ ինչպե՞ս է պատկերանում ահագնացող քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը։

– Չեմ կարող կանխատեսումներ անել։ Ես ոչ միայն ինքս չեմ սիրում գուշակություններ անել, այլեւ չեմ ընդունում ուրիշների կանխատեսումները։

Զուգահեռաբար պրն Բազեյանը պատասխանում էր «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի թղթակցի հարցերին։ Նա մասնավորապես ասաց. «դժվար է համադրել պետական պաշտոնյայի ֆունկցիոնալ պարտականությունները հասարակական կազմակերպության ղեկավարի պաշտոնի հետ»։ Ալբերտ Բազեյանի մեջ հրաժարականի վճիռը խմորվել է դեռեւս հոկտեմբերի 6-ից, սակայն այն քաղաքական չէ։ Եթե քաղաքական լիներ, ապա նախ հարցը կքննարկվեր ԵԿՄ վարչությունում եւ «Երկրապահ» պատգամավորական խմբում։ Բայց քանի որ չկա քաղաքական խնդիր, խումբն ինքը կարող է այլեւս կողմնորոշվել եւ նոր թեկնածու առաջադրել ԱԺ փոխնախագահի պաշտոնում։

Պրն Բազեյանը հույս հայտնեց, որ իր քայլը չի վնասի «Երկրապահի» վարկին եւ հեղինակությանը։ Իր հրաժարականի մեկ այլ պատճառն ԱԺ փոխխոսնակը բարձրաձայնեց հետեւյալ հիմքով. բազմաթիվ մարդկանց հետ է շփվում ինքը՝ հարազատներ կորցրածներ եւ այլք, եւ, բնականաբար, դրանց արդյունքում ձեռք բերված բացասական էմոցիան փոխանցվում է խորհրդարան, եւ ինքը չի կարողանում լիարժեք վարել նիստերը։ Իսկ այն մարդը, ով իրեն լիարժեք չի տիրապետում, նպատակահարմար չէ, որ նիստեր վարի։ Ալբերտ Բազեյանը կարեւորեց եւս մեկ էական հանգամանք. հիմա ինքը հավասար պայմանների մեջ է բոլոր պատգամավորների, այդ թվում եւ Արշակ Սադոյանի հետ, որն այլեւս ձայնը բարձրացնելու իրավունք չի ունենա։ Իսկ նախագահությունում նստած մարդը, իր կարգավիճակից ելնելով, ստիպված է խուսափել համարժեք պատասխանից։

Իհարկե, պատգամավորական խմբի անդամները կփորձեն հետ համոզել իրեն, նույնը, ըստ երեւույթին, կանի նաեւ Վազգեն Սարգսյանը, մանավանդ, որ վերջինիս հետ ինքը չի խորհրդակցել մինչեւ այդ քայլին դիմելը։ Ալբերտ Բազեյանն ասաց նաեւ, որ իր համար եւս որոշ մութ կետեր մնացել են կոնյակի գործարանի սեփականաշնորհման գործարքի մեջ։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031