Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵ՞Ր ԵՆ…

Հոկտեմբեր 08,1998 00:00
Azgayin joxov

Ազգային ժողովի հոկտեմբերի 7-ի առաջին ժամուկեսյա նիստից հետո ամենաէական հայտարարությունն, ըստ էության, «Բարեփոխումներ» խմբի անդամ տիկին Մարգուշ Վարդանյանն արեց՝ կին պատգամավորների անունից։ Նա կոչ արեց, որ Ազգային ժողովի ղեկավարությունն ընդհատի բոլոր զազրախոսությունները՝ մեկ, եւ երկրորդ, խորհրդարանի քաղաքական այրերին էլ հորդորեց, որ իրենց սեռական պատկանելության հարցը չտեղափոխեն պառլամենտ։ Իսկ առավոտից կրքերն, իրոք, լարվում էին, քանզի մինչ այդ պահն արդեն միմյանց հետ «ջենտլմենական» արտահայտություններ էին փոխանակել Վիգեն Խաչատրյանն ու Ռուբեն Հակոբյանը։ Քանի որ վերջինս միակ դաշնակցական պատգամավորն է խորհրդարանում եւ, մանավանդ, որ ավելի ուշ պառլամենտական խմբերի ու խմբակցությունների ներկայացուցիչները ելույթ ունեցան, անդրադառնանք նաեւ նրա ելույթի կարեւոր ուրվագծերին։

Ելույթն, ըստ էության, բաղկացած էր երկու մասից։ Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ դրված է իշխանության հարց, եւ ընթացիկ քննարկումներում կոնյակի խնդիրը վերջին տեղում է։ Նա առանձնացրեց երկու ելույթ։ Եթե Դավիթ Շահնազարյանն իշխանության փոփոխությունը տեսնում է փուլային գրաֆիկով, ապա Վանո Սիրադեղյանն իրեն հատուկ անմիջականությամբ խոսում է Ստեփանակերտի նախագահի մասին։ Այդ շրջանակներում ռեվերանսներ են արվում «Երկրապահին», հող ստեղծելով ՀՅ Դաշնակցությանը հալածելու համար, որը պաշտպանում է նախագահին։ Ռուբեն Հակոբյանը համարում է, որ նենգ ծրագիր է դրված գործողության մեջ՝ թե վերցնենք իշխանությունը, հետո կերեւա՝ ինչ ենք անում։ Դա Հայաստանը դնելու է 94 թվականի Ադրբեջանի իրավիճակում։ Բայց, ինչպես նշեց ՀՅԴ ներկայացուցիչը, Ռոբերտ Քոչարյանը 96 թվականի ընտրություններից հետո Հայաստան բերվեց օրվա իշխանության կողմից, որպեսզի վերջինս կոմպենսացնի իշխանության ոչ լեգիտիմությունը։

Նրա Հայաստան տեղափոխվելն ամենեւին Ղարաբաղի համար չի արվել, եւ եթե այսօր քարեր են նետվում նախագահի ուղղությամբ, ապա պետք էր նախապես պայմանավորվել, որ վարչապետը նախագահի հավակնություն չի ունենա։ Եթե դրժվել է պայմանավորվածությունը, դա ուրիշ խնդիր է։ Եվ բացի այդ՝ ՀՀՇ ղեկավարները բազմիցս ասել են, որ ներքին կարգով Ռոբերտ Քոչարյանին սատարելու հրահանգ էին տվել։ Մինչ խորհրդարանը կանցներ խմբերի եւ խմբակցությունների ելույթները լսելուն, խոսք առավ եւ հրաժարական տվեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալբերտ Բազեյանը։ Նա ասաց, որ դրված է իշխանության խնդիր, իսկ ինքը քաղաքական խաղերի մասնակցելու ցանկություն չունի։ Բացի այդ, խորհրդարանը եւս խիստ անարդյունավետ է աշխատում՝ երկու եռօրյայում հազիվ 4-ական օրենք է ընդունվել։ Դա, ըստ էության, որեւէ կերպ պատգամավորների տրամադրության վրա չազդեց, սակայն մեկ այլ ընթացքով կրքերը վերստին շիկացան։ Պարույր Հայրիկյանն, օրինակ, համարում էր, որ հայ ժողովրդի այս սերունդը հատուկ դաստիարակություն ունի եւ աչքի է ընկնում մոլեգին անհանդուրժողականությամբ։

Շատերը մոռանում են, թե ինչ կառույց է Ազգային ժողովը, եւ որ պետք է համագործակցել նույնիսկ ամենամոլեգին հակամարտության մեջ, նույնիսկ հակառակորդների հետ։ «Ես այդպիսի փորձ ունեմ, համագործակցել եմ նաեւ չեկիստների հետ, նրանց բացատրելով իրենց գործելակերպը, որ չի կարելի ազատամիտ մարդուն բանտ տանել»։ Պարույր Հայրիկյանի եւ Ռուբեն Հակոբյանի ելույթները, ըստ երեւույթին, Արշակ Սադոյանի սրտով չէին ու ամենեւին էլ պատահական չէ, որ նա ասաց. «Այսօր ես ամաչում եմ, որ հայ եմ, որ այստեղ նստած են մարդիկ, որոնք սկզբունքներից խոսելիս երեք ամիսը մեկ փոխում են իրենց դիմակը։ Ամո՛թ է, ամո՛թ է, որ վերեւից ինչ թելադրում են, այն էլ անում են պաշտոնի համար, եւ նույնիսկ պատրաստ են հոգիները վաճառել։ Ես չգիտեմ, Հայաստան երկրի ու հայ ժողովրդի ինչին են պետք Պարույր Հայրիկյանը, Ռուբեն Հակոբյանը, «Երկրապահը», որոնք չեն մտածում, թե ինչ է կատարվում»։ Այնուհետեւ հռետորն ասաց, որ թալան է կատարվում, անտեսվում է 100 տարվա տքնաջան աշխատանքը, որով հայկական կոնյակն անուն է ձեռք բերել, իսկ 15 մլն դոլար ծախսով վերանորոգված «Արմենիա» հյուրանոցը, հիմա 5 միլիոնով են ծախում։

«Դուք սկզբունք չունե՞ք,- հարցրեց Սադոյանը,- միակ սկզբունքն իշխանության սեղանից փշրանքներ լպստե՞լն է։ Եթե այդպես է, դժվար է լինելու պայքարել ազգի համար։ Ո՞ր ազգի՝ դուք էլ եք ազգի ներկայացուցիչներ։ Մեկ է՝ հաջորդ Ազգային ժողովի առաջին օրն իսկ այդ զզվելի պայմանագիրը չեղյալ է հայտարարվելու եւ շուռ տվածները նույնպես պատասխան են տալու»։ Պարույր Հայրիկյանն իր անունը լսելով, մոտեցավ խոսափողին եւ ասաց, որ Արշակ Սադոյանն իսկապես պիտի ամաչի իր հայ լինելու համար, որովհետեւ 50 տարեկան է, բայց չգիտի, որ չեն ասում ամանչել, այլ ասում են ամաչել, որ չեն ասում ընչի, այլ ասում են՝ ինչու։ Ու պետք չէ պոռոտախոսել, մանավանդ, երբ կա Եսայի Ստեփանյանի փաստը։ «Ես չեմ ամաչում, որ հայ եմ, նրա նմանները նույնպես պետք են, որովհետեւ կան շիզոֆրենիկներ, որոնք էլ իրավունք ունեն…»։ Արշակ Սադոյանը չթողեց, որ Պարույր Հայրիկյանը խոսքն ավարտի, ու դահլիճով մեկ հայտարարեց, թե «15 տարի նստել ա, դեբիլացել ա»։

Ռուբեն Հակոբյանի արձագանքը շատ ավելի զուսպ էր, որը կոչ արեց իրոք սկզբունքային մարդկանց համագործակցել եւ չմիանալ գունափոխվողների հետ։ Կոմունիստական առաջնորդ Սերգեյ Բադալյանը մասնավորապես խոսեց «Արմենիա» հյուրանոցի վաճառքի մասին. «Տնօրեն են բերել հնդիկի, մենք հնդիկների մասին վատ կարծիք չունենք, բարեկամ երկիր է, ուղղակի պետք է հասկանալ այնտեղ աշխատող յոթ հարյուր հայի վիճակը, որոնց օտարն է գալիս իշխելու»։ Սերգեյ Բադալյանը տեսակետ հայտնեց, թե քաղաքական ճգնաժամը խորանում է, ինչն այս անգամ հերթական պալատական հեղաշրջմամբ հաստատ չի ավարտվի։ «Հայրենիք» խմբի նախագահ Էդվարդ Եգորյանը հայտարարեց, թե ինքը դեմ է եղել նախորդ նախագահի նոմենկլատուրային կապիտալիզմ հաստատելու սկզբունքին, ու եթե «նախկին նախագահի կամ ՆԳ նախարարի ընկերներն ու եղբայրներն էին տնտեսության մեջ մեծ դիրքեր գրավում, ապա հիմա, նույն հիմքով, Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Վանո Սիրադեղյանի եղբայրներին ու բարեկամներին փոխարինում են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի եղբայրներն ու ընկերները։ Եթե նախորդ նախագահին չէի հավատում, ինչո՞ւ պետք է նորին հավատամ»։

Այնուհետեւ Եգորյանը շարունակեց. «Երկրապահի» մեծ մասը երկրապահ չէ, իշխանապահ է։ Այն ժամանակ էլ էր իշխանապահ, հիմա էլ, եւ նրանք հետեւողական են»։ Իր խոսքը հռետորն ամփոփեց ասելով, որ իրենք կառավարության անվստահության հարցը չեն դնում. «Մենք ուզում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը գնա, բայց ոչ թե ինտրիգների ձեւով նախագահի հերթական փոփոխությունը կատարվի, մենք դեմ ենք դրան։ Հաջորդ նախագահին պետք է նշանակի ժողովուրդը։ Իսկ կառավարության հրաժարականը երկրորդական հարց է»։ Հաջորդ ելույթ ունեցողը «Բարեփոխումներ» խմբի նախագահ Արմեն Մարտիրոսյանն էր, որն ասաց, թե Եգորյանը ժամանակին ըստ սեփական ցանկության էր տարածական բաշխում կատարում ընտրական օկրուգների միջեւ։ Եգորյանը դա ժխտեց, ասելով, թե երբեւէ որեւէ լուրջ խոսակցություն չի ունեցել Արմեն Մարտիրոսյանի հետ, եւ չէր էլ կարող ունենալ, որովհետեւ «իմացել է ով է նրա հովանավորողը եւ կարծիք ձեւավորողը։ Նման մարդիկ մշտապես գոյություն ունեցել են։ Երեկ մեկն էր, այսօր՝ մեկ ուրիշը։ Ես միշտ նրա վերադասի հետ եմ խոսել»։

Վերջին ելույթ ունեցողը «Հանրապետություն» խմբակցության նախագահ Բաբկեն Արարքցյանն էր։ Նա ասաց, որ քվեարկության արդյունքները ցույց կտան, թե ինչ արժեքներ են դրված։ Բացի այդ, նա արձանագրեց, որ նկատվում է քննարկումների մակարդակի աննախադեպ անկում։ Պրն Արարքցյանը չհամաձայնեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի՝ հեռուստաելույթով Սահմանադրությանը տված մեկնաբանություններին։ Նա համաձայն չէր մասնավորապես, որ մի խումբ մարդիկ իրենց իշխանության երկարատեւության համար են Սահմանադրությունը գրել։ Բացի այդ, հայտարարվեց, որ կառավարությունը քաղաքական դեմք չունի, իսկ նրա քաղաքականության գնահատականն ակնհայտ է։ Այնպես պատահեց, որ «Երկրապահ» պատգամավորական խմբի ներկայացուցիչը ելույթ չունեցավ։ Ու թեպետ ընդմիջում էր խնդրել «Բարեփոխումներ» խումբը, դրանից օգտվողը «Երկրապահը» եղավ։

Իսկ ընդմիջմանը Ազգային ժողովի միջանցքներում խոսվում էր, թե «Երկրապահի» անդամներից շատերը կողմ են քվեարկելու կոնյակի գործարանի, «Արմենիա» եւ «Անի» հյուրանոցների, ինչպես նաեւ «Հայկական ավիաուղիների» սեփականաշնորհումը կասեցնելու առաջարկությանը։ Միաժամանակ լուրեր էին պտտվում, թե նախագահական աշխատակազմից երկրապահների հետ աշխատանքներ են տարվում։ Ինչպես «Առավոտին» հաջողվեց իմանալ, բազմաթիվ երկրապահներ, իրոք, առաջարկին կողմ են եղել եւ խմբի այդ նիստի ժամանակ որոշվել է քվեարկել ոչ միասնաբար, անցկացնել ազատ քվեարկություն։ Քվեարկության վերջնարդյունքը եղավ այն, որ խորհրդարանն ընդամենը 71 կողմ ձայն տվեց հօգուտ նշյալ ձեռնարկությունների սեփականաշնորհման կասեցման, իսկ այդ գործընթացը սկսելու համար չբավարարեց ընդամենը 4-5 ձայն։

Ինչեւիցե, նման գործընթաց դժվար թե սկսվեր, որովհետեւ նախագահի աշխատակազմից արդեն լուրեր էին հասնում, թե Ռոբերտ Քոչարյանը որոշումն ընդունվելուն պես ցրելու է խորհրդարանը։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031