Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիա Նաճարյանի երկրորդ գալուստը

Հոկտեմբեր 08,1998 00:00
Aram Abrahamyan

Շարունակելով 1994 թվականի հանրահավաքների Աշոտ Մանուչարյանի լավագույն ավանդույթները, ներկայիս ԱԺ-ի պատգամավորներից ոմանք որոշեցին ոչ թե բանավիճել իրար հետ, այլ զբաղվել լրատվամիջոցներով եւ լրագրողներով: Մասնավորապես, պատգամավոր Պետրոս Մաքեյանն իրեն թույլ տվեց գռեհիկ արտահայտություն Ազգային հեռուստատեսության ղեկավարի հասցեին: Չեմ պատրաստվում պաշտպանել այդ հեռուստատեսության գաղափարական ուղղվածությունն ու ստեղծագործական սկզբունքները՝ իմ պատկերացմամբ, պետական հեռուստատեսությունը պետք է խորապես ապաքաղաքականացված եւ չեզոք լինի: Բայց վստահ եմ, որ լրագրողների վրա հարձակումները՝ լինեն դրանք ֆիզիկական, թե «լեզվային», պետք է դատապարտվեն բոլոր լրագրողների կողմից՝ կուսակցական եւ անկուսակցական, պաշտոնական եւ անպաշտոն:

Եթե մեր քաղաքական գործիչների մտավոր եւ կուլտուրական մակարդակն այնպիսին է, որ նրանք առանց հայհոյանքների չեն կարող պաշտպանել իրենց տեսակետները, ապա թող իրար ինչքան ուզում են հայհոյեն՝ չտարածելով կյանքի իրենց ըմբռնումներն այլ մասնագիտության մարդկանց վրա: Ճիշտ էր, իհարկե, ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը /գուցե արդեն նախկին/, երբ խնդրում էր պրն Մաքեյանից՝ խնայել ժողովրդի ականջները: Հավանաբար, պետք է բոլորս խնդրենք պատգամավորներին՝ խնայել նաեւ ԱԺ-ի վարկը, որն առանց այդ էլ չափազանց ցածր է:

Երբեմն պատգամավորներից կարելի է լսել, թե ԱԺ-ից դուրս ինչ-որ մութ ուժեր ցանկանում են վարկաբեկել խորհրդարանը: Եթե նույնիսկ այդպիսի ուժեր կան, ապա դրանք կարող են չանհանգստանալ՝ վարկաբեկելու գործը մեծ խանդավառությամբ կատարում են իրենք՝ պատգամավորները: Քաղաքական ասպարեզից եւ Երեւանից չքացած Եղիա Նաճարյանին, որը հայտնի էր իր կեղտոտ լեզվով, փոխարինելու է եկել Պետրոս Մաքեյանը: Հուսով եմ, որ մամուլը եւ հասարակությունը նրան համապատասխան ձեւով էլ կվերաբերվեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031