Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՎ ՄԵՐԿ Է, ՃՈՐՏ Է ԵՎ ՍՏՐՈՒԿ»

Հոկտեմբեր 08,1998 00:00

ՀԿԿ սեպտեմբերի 24-ի հանրահավաքին լավագույն դեպքում 5 հազար հոգի էր մասնակցում, սակայն կոմունիստներն այլ թիվ էին նշում՝ 14 հազար։ Երեկվա հանրահավաքի մասնակիցները լրագրողների «աչքաչափով» 8-10 հազար էին (ընդսմին, եկել էին նաեւ մայրաքաղաքի մերձակա բնակավայրերից), բայց վստահ ենք, որ կոմունիստներն այս անգամ էլ կրկնակի թվաքանակ կպնդեն՝ գուցե նույնիսկ 100 հազար, որ նախորդ օրվա ասուլիսում կանխատեսել էր Հայկոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանը։

Երեւանի ՀԿԿ քաղկոմի առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը, բացելով հանրահավաքը, միանգամից նշաձողը մինչեւ վեր բարձրացրեց. «Նախագահն այլեւս անելիք չունի (ծափահարություններ)։ Նրա ժամանակը սպառված է (ծափահարություններ)։ Նրա շրջապատն ու նրա տերերը մեր ժողովրդի համար թե՛ ողբերգություն են, թե՛ ամոթ, թե՛ ցավ» (բուռն ու երկարատեւ ծափահարություններ)։ Յուրի Մանուկյանը նաեւ ազդարարեց. «Հավաքվել ենք, որ հիմք դնենք մեր հայրենիքի վերականգնման նախաձեռնությանը»։ Այլ եզրակացության տեղ չէր մնում, որ հայ կոմունիստների հայրենիքը միայն ու միայն Խորհրդային Միությունն է, եւ այժմ նրանք մնացել են անհայրենիք։

«Ժողովուրդ, ուզո՞ւմ եք Ռուսաստանի հետ լինել»,- երկու անգամ հարցրեց Յուրի Մանուկյանը եւ հետեւած հաստատական բացականչությունները փորձեց ներկայացնել իբրեւ ողջ ժողովրդի կամքի արտահայտություն։ Կարծես հենց այս հրապարակում հավաքվածներով էր միայն սահմանափակվում «ժողովուրդ» հասկացությունը։ Եվ եթե անգամ իբրեւ սուրբ ճշմարտություն ընդունենք, որ հենց Հայաստանում եւ ոչ մեծ մասամբ Ռուսաստանում են հավաքվել ՌԴ-Բելառուս միությանը Հայաստանի մաս կազմելու օգտին 1 մլն ստորագրությունները (այլապես ինչո՞ւ Սերգեյ Բադալյանը նախագահական ընտրություններում նույնքան ձայներ չստացավ), այնուամենայնիվ, դա Հայաստանի բնակչության ընդամենը 1/3-ն է։

Յուրի Մանուկյանին հաջորդեց «Օրջոնիկիձեի կոմունիստների ղեկավար» Սամվել Մարգարյանը, որի ելույթի ամենահնչեղ հատվածն այս էր. «Զգուշացնում ենք Հրանտ Բագրատյանին, որ այսօր 10 հազար դոլար աշխատավարձ է ստանում։ Ամո՛թ իրեն։ Զգուշացնում ենք Խաչիկ Ստամբոլցյանին, որ մի օր քարկոծվելու է իր «Ջիպի»՝ արտասահմանյան «Վիլիսի» մեջ»։ Այլ հռետորներից (նման ազդու հայտարարություններ անելու առումով) նրա հետ թերեւս Լեոնիդ Հակոբյանը կարող էր մրցել։ «Փոթորկվում է Ռուսաստանը։ Ալեկոծվում է Ուկրաինան»,- եւ ջրերի թեման զարգացնելով՝ պրն Հակոբյանը հետեւյալ պատկերավոր համեմատությունն արեց. «Այս փոքրիկ գետակներն իրար հետ մի հզոր լիճ են դառնում, որ կարող է ամբողջ աշխարհի հիդրոկայաններն աշխատեցնել»։

Սերգեյ Բադալյանի խոսքից այս առումով առանձնացնելու բան գրեթե չկա։ «ծՈՎ վցՋվՈ ՏՊվՈ տՏոպՊՈ. ԿՊվՈ վՈ Չրպւ, Վօ ջՈ ՓպվՏռ վպ տՏրՑՏՌՎ» հայտնի երգի բառերը Հայկոմկուսի առաջնորդը փոքր-ինչ վերափոխել եւ իր ելույթի «հարվածային» համազարկն էր դարձրել. «Մեզ պետք է մեկ հաղթանակ բոլորիս համար։ Եվ այդ հաղթանակը լինելու է, հարգելի բարեկամներ»։ Թերեւս նաեւ արժանահիշատակ է հայ կոմունիստների առաջնորդի հետեւյալ միտքը. «Հայ ժողովուրդն ամենասլավոնական ժողովուրդն է բոլոր ոչ սլավոնական ժողովուրդների միջեւ»։ Պարզվեց, որ սա էլ ոմն Եգորովի ձեւակերպման կրկնությունն է։ Սերգեյ Բադալյանը նաեւ ճիշտ ու ճիշտ խորհրդային կուսակցական գործիչների պես ձեռքը բարեհաջող թափահարում էր «Ինտերնացիոնալի» հնչյունների ներքո։ Այս պատկերը հատկապես ազդու էր դառնում, երբ դրան ներդաշնակ մեկեն վեր էին խոյանում կարմիր դրոշներն ու ցուցապաստառները։ Նման տեսարան «սարքեցին» ռուսական հեռուստաընկերությունների թղթակիցների հատուկ խնդրանքով։ Այս խանդավառ ողջույնից զատ՝ հանրահավաքի մասնակիցների անունից նաեւ համերաշխության ողջույնի հեռագիր ուղարկվեց Ռուսաստանի ժողովրդահայրենասիրական միության եւ անկախ արհմիությունների համադաշնության ղեկավարությանը, որտեղ մասնավորապես նշել էին. «Ինչպես հողագնդի յուրաքանչյուր ազնիվ մարդ՝ մենք եւս ոգեւորված ենք, որ ռուս ժողովուրդը նորից ոտքի է կանգնում» եւ գանգատվել. «Հայաստանի ներկայիս վարչախումբը եւ նորընտիր նախագահը արհամարհում են ժողովրդի հավաքական կամքը եւ համառորեն չեն ցանկանում ձեռնարկել Հայաստանը նորաստեղծ միությանն անդամակցելու համապատասխան քայլերը»։ Մի դիմում էլ ընդունեցին՝ ուղղված ՀՀ եւ ԱԺ նախագահներին, որտեղ էլի Ռոբերտ Քոչարյանի հրաժարականն էին պահանջում։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031