Լրահոս
Օրվա լրահոսը

…ԻՍԿ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՏՐՈՆԻՑ ՍԿՍՎԵՑ

Հոկտեմբեր 07,1998 00:00
tatron

Կառավարության վերաբերմունքը մշակույթին՝ փակ բաժնետիրական

Կառավարության՝ թատրոններին փակ բաժնետիրական ընկերությունների կարգավիճակ տալու նոր մտահղացումը վերջին շրջանում թատերական գործիչներին ամենաանհանգստացնող հարցն է դարձել։ Եվ երեկ թատերական գործիչների միությունում այդ թեմայի շուրջ հատուկ նիստ էր հրավիրվել։ Մինչեւ նիստում շոշափված հարցերին անդրադառնալը նշեմ, որ հավաքվածներից ոչ բոլորն էին պատկերացնում՝ ինչ է փակ բաժնետիրական ընկերությունը՝ լա՞վ է, թե՞ վատ…

Թատերական գործիչների միության նախագահ եւ Երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրեն Երվանդ Ղազանչյանը բացեց նիստը։ Կառավարության՝ թատրոնների նկատմամբ վերոհիշյալ մոտեցումը նա գնահատեց որպես «Լայնամասշտաբ հարձակում մշակույթի վրա»։ Ապա Ե. Ղազանչյանը, որ օրերս էր վերադարձել Վրաստանում կայացած թատերական փառատոնից, բերեց մի օրինակ՝ նախապես նշելով, որ այնտեղ ամենուր գրված-փակցված էր՝ «Культура спасёт Грузию» կարգախոսը.

– …Երբ խոսվեց, որ Ռուսթավելու թատրոնի շենքը փլվում է եւ ֆանտաստիկ թիվ ասացին, թե ինչ գումար է տրամադրված այդ շենքը փրկելու համար, Շեւարդնաձեն վերջում խոսեց բեմից։ Նա ասաց՝ եթե այդ գումարն էլ չօգնի, ես ինքս կկանգնեմ այդ պատի հետեւում, որ այդ պատը կանգուն մնա եւ թատրոնն աշխատի։ … Եթե խարխլվում են մշակույթի հիմքերը, ապա խարխլվում են նաեւ պետության հիմքերը։ Է. Շեւարդնաձեի այդ արտահայտությունը նիստի մասնակիցներից շատերին հուզեց, մանավանդ, որ նմանատիպ վերաբերմունք թատերական հայ գործիչները մինչեւ օրս չեն զգացել եւ հավաքվելու պատճառն էլ հենց ՀՀ կառավարության՝ հայ թատրոնների հանդեպ ունեցած վերաբերմունքն է։Ելույթ ունեցողներն իրենց խոսքում բազմաթիվ համեմատություններ էին անում հատկապես Վրաստանից, երբեմն էլ՝ Եվրոպայից՝ տեղ-տեղ հիշելով հայ թատրոնի անցյալի նվաճումները։

«Գոյ» թատրոն-լաբորատորիայի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանը լավ պատրաստված եւ հարցը ուսումնասիրած էր եկել նիստի։ Նրա ելույթը ամենահաջողվածն էր։ Ա. Մազմանյանը բողոքեց ՀՀ վարչապետի մշակույթի գծով խորհրդական Ռուբեն Անգալադյանից, որ «…ազգի, պետության կայացման գրավականը կրթությունն է եւ մշակույթը, այսօր վարչապետի մշակութային գծով որեւէ խորհրդական ուզում է մեզ հետ նորից ճշտել՝ դա այդպե՞ս է, թե՞ ոչ»։

Մշակութային կառավարության նման վերաբերմունքը Ա. Մազմանյանն այսպես բացատրեց, հիշեցրեց Գեբելսի արտահայտություններից մեկը.

– …Վերջերս շատ եմ սիրում դոկտոր Գեբելսի ինստիտուտի մշակած դրույթը՝ ինչպե՞ս կարելի է ազգ ու պետություն ոչնչացնել առանց բանակի ինտերվենցիայի։ Առաջին կետը չեմ հիշում։ Երկրորդ կետը այսպիսին է՝ զրկել այդ պետության կամ ազգի կրթությունը եւ մշակույթը ֆինանսական աղբյուրներից։ Վե՛րջ։ Այդ ազգը կարելի է առանց զենքի վերցնել։ Դրանք մանկուրտներ են արդեն եւ նրանց ինչպես ուզես՝ կօգտագործես։

Ի դեպ, Ա. Մազմանյանը՝ «ամեն մարդ իր ասածի ու խոստացածի համար պիտի պատասխան տա» հիմնավորմամբ գրպանից հանեց ձայնագրիչն ու գրանցեց իր խոսքերը։ Որոշեց «երկու բառով» բացատրել փակ բաժնետիրական հասկացությունը։

– Փակ բաժնետիրական՝ կնշանակի, որ պետությունը ի դեմս քաղաքապետարանի, կառավարության կամ ինչ-որ հաշվեկշռային պետական հիմնարկության, ունի փայամաս՝ 35%։ Փակ բաժնետիրականի դեպքում ոչ ոք չի իմանում՝ քանի կոպեկով եւ ով առավ մյուս մասը, այսինքն՝ աճուրդի չի հանվում։ 35%-ը, ի դեմս քաղաքապետարանի մնում է պետական, իսկ փայատերը՝ բաժնետերը, պարզվում է՝ մի անձ է՝ 65%-ով։ Եթե պետությունը նպատակ ունենա թույլ չտալ փայատերերին՝ շեղել այդ թատրոնի բնույթը կամ պահպանել նրա հիմքը որպես թատերական, միեւնույն է, չի կարող իր ձայներով ազդել։ …Նա ազդեցության ռիչագ էլ չունի։

Ա. Մազմանյանն օրինակներ բերեց՝ որ երկրում, որ քաղաքում քանի թատրոններ են պետբյուջեից սնվում. «…Միայն 300 հազարանոց Բոննը մշակույթի վրա տարեկան 240 մլն դոլար է ծախսում՝ Հայաստան ռեսպուբլիկայի տարեկան բյուջեն»։ Կառավարության այդ քայլը նա կոչեց «ստոր»։

– Պարոն Ղազանչյանը տեսել է այդ թուղթը, որը կոչվում է Պետական ձեռնարկությունների մասին որոշում։ Թատրոններս ունենք շրջանառու միջոց, որը մեր վաճառած տոմսն է։ Աշխարհի 2000 տարեկան թատերական պատմությունը ապացուցում է, որ Պիտեր Բրուկի 500 դոլարանոց պրեմիերաները ծածկում են Բրուկի նախագծերի լավագույն դեպքում 30%-ը։ … 60-ական թվականների Սունդուկյանի թատրոնը, անշլագի դեպքում անգամ ծածկել է տարեկան ծախսի աշխատավարձային ֆոնդի մաքսիմում 15%-ը։ …Սա հստակ ծրագիր է՝ ոչնչացնելու էս ազգի վաղվա օրը…

Խոսքի վերջում նա որպես գերխնդիր նշեց թատերական ժանրերի պահպանումը, ինչպես նաեւ կոչ արեց իշխանությունների հետ խոսելու իրենց կերպը փոխել՝ ոչ թե խնդրել, այլ պահանջել։

«Մհեր Մկրտչյան» թատրոնի հողի վրա

– Ինչո՞ւ «Մհեր Մկրտչյան» պետական արտիստական թատրոնը դարձրիք մշակույթի փակ բաժնետիրական ընկերություն,- Ալբերտ Մկրտչյանը դիմեց Ա. Մազմանյանին՝ իհարկե հիշելով մամուլի էջերում միմյանց (առանց իրար ճանաչելու) հասցված վիրավորանքները։ Ա. Մազմանյանը պատասխանեց, որ դիմել են պետությանը այդ թատրոնի շենքը չսեփականացվող շենքերի ցուցակի մեջ մտցնել։

– Փակ բաժնետիրականի կարգավիճակը ստեղծել է Վանո Սիրադեղյանը, այդ փակ բաժնետիրականի վրա նշանակել ա մի հատ լակոտ դիրեկտոր, էդ լակոտը էդ կնիքով կես տարի էկել ա մեզնից շենք գրավի։ Մենք շենքը չենք տվել,- ասաց Ա. Մազմանյանը։

Ժողովականների հարցին՝ «լակոտ դիրեկտորն ո՞վ էր», Ա. Մազմանյանը մանրամասնեց. «…շաշ Արամն էր՝ մեր ինստիտուտը ավարտած, որ հետո միլիցիա էր դառել»։ Հարցը այդքանով փակվեց։

Վահե Շահվերդյանը բողոքեց, որ մշակույթի մասին օրենքի նախագծի ստեղծմանն իրենք չեն մասնակցել եւ առաջարկեց թատերական գործիչների մասնակցությամբ քննարկում կազմակերպել։ Առաջարկեց նաեւ, որ մինչեւ մշակույթի մասին օրենքը չընդունվի, որեւէ փոփոխություն չարվի թատերական ոլորտում։ Վ. Շահվերդյանը շեշտեց՝ «օրենքի այդ նախագիծը քննարկելու ժամանակ շատ հստակ դնել թատրոնների աշխատողների աշխատավարձերի հարցը».

– …Մինչեւ ե՞րբ դերասանը կարող է փող չունենալ եւ չգալ փորձի։ …Ավարտական փորձի ժամանակ դերասանուհին ուշագնաց է լինում, որովհետեւ քաղցած է…

Սոս Սարգսյանը կոչ արեց կառչել «հնից». «…Էն ինչ որ կար հնում՝ լավ էր։ Չգիտեմ՝ սովետական էր անունը, ինչ էր, բայց մշակույթն էլ էր ծաղկում, գրականությունն էլ, գիտությունն էլ»։ Ապա Ս. Սարգսյանը դժգոհեց Հայաստանի «եվրոպականացումից». «Ինձ պետք չի՝ եվրոպականացումը։ Էդ եվրոպականացումը, էդ ազատությունն ինձ պետք չի… եթե թմրամիջոցներ վաճառվեն Հայաստանում, եթե այստեղ տղամարդը տղամարդու հետ ամուսնանա՝ ես կհրաժարվեմ իմ հայությունից…»։ Վերջում պահանջեց թատրոններին ազատել պետական հարկերի բեռից։ Վարդուհի Վարդերեսյանը, որ մինչ այդ լսում էր, թատերական գործիչներից մեկի ելույթի կեսից հարց պահանջեց (արտիստիկ ձայնով ճչալով). «Ո՜վ է հնարել այդ Էրեբունու տոնակատարությո՜ւնը, ինչքան է նստելու պետության վրա, ահռելի գումարնե՛ր, որ գաղտնի են պահում»։ Ապա որոշեց ելույթ ունենալ (նախորդ ելույթ ունեցողը գնաց նստելու իր տեղում)։

Վ. Վարդերեսյանը նշեց, որ եթե մեր պետության ղեկավարները խելոք լինեին, այդ գումարները կտային սոված ժողովրդին։ Նա հիշեց նաեւ ՀՀ նախագահի խնջույքներից մեկը, որին ներկա էր եղել եւ անմիջապես հեռացել էր. «այնպիսի սեղաններ էր դրված… երբ որ պետք է, պետությունը շատ ճոխ է ծախսում»։ Վ. Վարդերեսյանն առաջարկեց կիրթ ձեւով փողոց դուրս գալ, բողոքել, որ ժողովուրդը տեսնի։ Դերասան Տ. Ներսիսյանն էլ երիտասարդների անունից կոչ արեց «դաժան» քայլ անել՝ հրաժարվել անձնագրերից։

Նիստին ԱԺ պատգամավորներ էին հրավիրվել։ ԱԺ պատգամավոր Վազգեն Սաֆարյանն ուշադիր գրառումներ էր կատարում բոլոր ելույթներից։ Վ. Սաֆարյանին ոգեւորել էր այդ մտահոգությունը, որ այսօր թատերական գործիչները, դերասանները խոսում են իրենց ցավերի մասին։ Նա նիստից հետո գնալու էր ԱԺ եւ կոնյակի գործարանի եւ մյուս սեփականաշնորհվող օբյեկտների մասին փորձելու էր ելույթ ունենալ։ Խոստացավ իր այդ ելույթում հպանցիկ ձեւով ներկայացնել ժողովի մթնոլորտը։ Խոստացավ նաեւ իրեն համախոհ պատգամավորներ գտնել ու իրենց անունից նամակ ուղարկել վարչապետին։ Զարմանալի էր, սակայն, որ Վ. Սաֆարյանը, բոլոր այդ ելույթները լսելուց հետո այնքան էլ լավ չհասկացավ հարցի էությունը. արծարծված հարցերը բնորոշեց որպես «սոցիալական հնչեղություն» ունեցող հարցեր։

Ժողովի վերջում խումբ ընտրվեց (Մ. Յախոնտովա, Ա. Մազմանյան, Ս. Սարգսյան, Ե. Սաֆրոնով, Խ. Ավագյան եւ Ա. Երնջակյան), որը 1-2 օրվա ընթացքում կներկայացնի նամակ, որը կուղղեն իշխանություններին։ ԱԺ պատգամավորները խոստացան պառլամենտում մշակութային լսումներ նախաձեռնել։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031