Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԾԱՆՐ ԵԼՈՒՅԹ, ՈՐՆ ԱՐԺԱՆԻ Է ԱՌԱՆՁԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

Հոկտեմբեր 07,1998 00:00
bjishk

Շիրակի մարզի առողջապահության եւ սոցիալական վարչության պետ Ռ. Խաչատրյան

«Մեր ցուցանիշներն ավելի ծանր են եւ, դժբախտաբար, ծանրության մեջ շատ է ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ բաժինը։ Գյումրիի հակատուբերկուլյոզային դիսպանսերը սպասարկում է Լոռու, մասամբ Արագածոտնի տարածքներում տուբերկուլյոզով տառապողների բուժումը։ Մահճակալների թիվը 50 ստացիոնարում փաստացի 50, ծավալված՝ 85 է։ Ունի ստացիոնար եւ դիսպանսերային բաժանմունքներ։ Սպասարկում է ոչ միայն մեծահասակ, այլեւ՝ մանկահասակ բնակչությանը։ Վերջին հինգ տարիների ընթացքում արձանագրվում է հիվանդության զգալի աճ։ Եթե 1992 թվականին 100 հազար ազգաբնակչի համար ցուցանիշը 7,9% էր, 1997-ին այն կազմեց 9,5%, 1998 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում գրանցվեց միայն բացիլատուբերկուլյոզի 208 դեպք։ Ես չէի ասի, որ այս ցուցանիշը վերջնական է, որովհետեւ, դժբախտաբար, կառավարության թիվ 174 որոշման մեջ տուբերկուլյոզի հայտնաբերման մասին ոչինչ չի նշված եւ դա էլ պետական ծրագրի մեջ չի ընդգրկված։ Իսկ տուբերկուլյոզի տարածման նպաստավոր գործոնները Շիրակի մարզում որո՞նք են։ Առաջինը դիսպանսերի շենքային պայմաններն են։

Իրոք, ոնց որ, ասենք Ստեփան Շահումյանի կամ Վլադիմիր Իլյիչ Լենինի տուն թանգարանն է, էդպես էլ մեր հակատուբերկուլյոզային դիսպանսերն է։ Տնակային խրճիթի վրա կառուցվել է մի մեծ երկաթյա տնակ։ Մենք տարրական դասարաններում գիտեինք տուբերկուլյոզի բուժումը. արեւը, իսկ այնտեղ բացարձակապես էնպես է կառուցված, որ արեւ չընկնի։ Անմխիթար իրավիճակ է, ձմռանը ցուրտ է, տաքացնել բացարձակ հնարավոր չէ, իսկ ամռանը սաստիկ շոգ է։ Եվ նման պայմաններում պարտադրել հիվանդին, որ երեք ամիս անընդհատ ստացիոնար բուժում ստանա, բացառվում է։ Մեղմ ասած, տուբերկուլյոզի ստացիոնար բուժումը Շիրակի մարզում շատ անմարդկային վիճակում է։ Այս հարցի կապակցությամբ շատ լավ տեղյակ է մեր նախարարը։ Օգտագործում ենք բոլոր հնարավոր միջոցները։ Գյումրի ժամանած բոլոր պատվարժան հյուրերը, հանրապետական ամենաբարձր այրերը՝ նախագահ, վարչապետ, արտասահմանյան հյուրեր, շատ բարերարներ, եթե պրն նախարար, դահլիճում կան բարերարներ, ես կհրավիրեմ, մեկ անգամ Գյումրի այցելեն, տանեմ-ցույց տամ ի՞նչ է նշանակում տուբդիսպանսեր։ Վիճակներս ծանր է։ Եվ այս պատճառով էլ ոչ լիարժեք բացիլազրկված հիվանդը լքում է ստացիոնարը՝ բացիլակրությունը տեղափոխելով փողոց։

Սա է հավանաբար պատճառը, որ Գյումրիում գրանցվում է արդեն ընտանեկան տուբերկուլյոզի 16 դեպք։ Բարձրանում է նաեւ տնային մահացածությունը։ Հիվանդության ցուցանիշի պատճառները միայն շենքային չեն։ Այստեղ ուրիշ կարեւոր գործոններ էլ են դեր խաղում։ Փառք ու պատիվ ԱՀԿ-ին, որի դեղորայքով եւ ծրագրով մեր հիվանդների 40%-ը լիարժեք բուժում է ստանում։ Իսկ մնացածը, որ պետպատվերի ծրագրով է բուժում ստանում, դուք պրակտիկ մասնագետներ եք եւ գիտեք, թե ինչ է նշանակում պետական ֆինանսավորումը։ 4-5 ամիս է ֆինանս չենք ստացել։ Չֆինանսավորված հիվանդին ինչպե՞ս ենք բուժելու կամ բուժողն առանց աշխատավարձ, ինչպե՞ս է բուժելու։ Ֆինանսավորման ռիթմը չկա։ Վիճակը բավականին լարվում է։

Բնական է, որ սա նույնպես նպաստավոր գործոն է տուբերկուլյոզի տարածման համար։ Այս պահի դրությամբ մեր տուբդիսպանսերը (մյուսների նման) մոտ 10 մլն դրամի ճեղքվածք ունի։ Իսկ տուբերկուլյոզի ծրագրի իրականացման կապակցությամբ, բոլորիս համար պարզ էր կոնտինգենտը եւ դրա վճարման կանալով աշխատելը։ Բոլորիս համար պարզ է, որ դիսպանսեր բուժման հիվանդն է պետպատվերով, իսկ այն կոնտինգենտը, որը կասկածվում է, ուղարկվում է համապատասխան հետազոտության, դժբախտաբար, դրանք վճարովի են։ Իսկ նախկին վարչատարածքի դիսպանսերային հիվանդներին հակատուբերկուլյոզային պրեպարատների տրամադրումը, պրն նախարար, մինչեւ օրս ձգձգվում է առողջապահության նախարարության կողմից։

Դեղորայքն էլ, որ պիտի տրվեր, մինչեւ օրս չենք ստացել։ Տուբերկուլյոզի տարածմանը նպաստող մյուս գործոնը նաեւ կառավարության 174 որոշման անկատարությունն է։ Երբ որ ֆլյուրոգրաֆիկ հետազոտությունների նախկինում եղած դրվածքը խաթարվել է։ Պարտադիր կոնտինգենտ ունենք՝ մանկավարժներ, ՆԳ եւ ԱԱ-ի զինվորական, սպայական կազմը, բանտարկյալներ եւ այլն, որոնց համար ֆլյուրոգրաֆիական հետազոտությունները պարտադիր են, բայց հնարավորություն չկա այն կատարել։ Շենքային պայմանների մասին վերջերս նախարարը հարց բարձրացրեց կառավարության նիստում, բայց մինչեւ օրս ոչինչ չի արված։ Թերսնվածությունը, ծանր սոցիալական պայմանները, տնակային պայմաններում ապրելը, գործազրկությունը, շատ դասական իրավիճակ են տուբերկուլյոզի տարածման համար»։

Ելույթը տպագրության պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Հ. Գ. Պետական մտածողությունը հենց այստեղ է հարկավոր։ Աղետի գոտու 10-ամյակի առթիվ գուցե մի գործ վերջապես արվի, եւ ելույթում արծարծված հարցերը լուծում-պատասխաններ ստանան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031