Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Կաթողիկեն՝ լեզվի ինստիտուտի եւ հուշարձանների պահպանության վարչության փակուղում

Հոկտեմբեր 07,1998 00:00
katoxikos

Հանրապետությունը պատրաստվում է նշել քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը։ Այդ առթիվ ինչ միջոցառում ասես, նախատեսվում ու նախաձեռնվում է, այդ թվում՝ վերանորոգվում եւ կառուցվում են եկեղեցիներ։ Սակայն առնվազն տարօրինակ է, որ Երեւանի կենտրոնում գտնվող սբ. Կաթողիկե եկեղեցին ինչպես կար, այնպես էլ մնում է ինչ-որ շենքերի հետնաբակում եւ վերանորոգման կարոտ։ Այս հարցով դիմեցինք Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին։

Սրբազանը պատասխանը սկսեց քիչ հեռվից՝ թվելով Խորհրդային Միության օրոք քանդված Երեւանի եկեղեցիները։ Պարզվեց, որ սբ. Կաթողիկեից ոչ թե եկեղեցին է մնացել, այլ միայն խորանը։ «Եվ տարիներ առաջ, նկատի ունենալով, որ գործող եկեղեցիների թիվը շատ սահմանափակ է, մենք հնարավորություն չունենք նորերը կառուցելու եւ եկեղեցին պիտի որ ընդհանրապես լինի հավատացյալներին իր ծառայության մեջ, գերադասեցինք Կաթողիկե մայր եկեղեցու խորան եղող հատվածը եւ այնտեղ նշանակեցինք հոգեւոր հովիվ՝ հանձին Շահե քահանայի, որը սկսեց ծառայությունն իր հավատացյալների շրջանակներում։ Սակայն օրավուր ավելի հոծ դարձավ այցելող հավատացյալների թիվը եւ մեր այցելությունների ժամանակ բազմիցս տեսել ենք, որ հավատացյալները պատարագին կամ արարողություններին կանգնում են եկեղեցու բակում, որովհետեւ եկեղեցու տարածքը շատ փոքր է, նեղ։ Եվ անձրեւի, կիզիչ արեւի, ձյան տակ, ձմռան ցրտին, ամռան տապին միշտ հավատացյալների մի խումբ կանգնում է փողոցում»,- վիճակն ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց Գարեգին սրբազանը։

Եվ շարունակեց. «Այսօր նաեւ ցանկալի կացություն է այնտեղ տիրում՝ եկեղեցու փոքրության եւ հնարավորությունների բացակայության պատճառով. հավատացյալները, որ այցելում են, բնականաբար, ցանկանում են իրենց մոմը վառել եւ աղոթք կատարել։ Ակադեմիայի պատերի տակ տեղադրված են մոմակալներ։ Որքան էլ անցանկալի է, բայց մենք չենք կարող արգելել, որովհետեւ այլ հնարավորություն չունենք։ Խիստ անհրաժեշտություն կա, որպեսզի կարողանանք որոշ պայմաններ ստեղծել, առանց խաթարելու ճարտարապետական ոճը եւ մթնոլորտը, որպեսզի հավատացյալները կարողանան իրենց կրոնական պահանջմունքները բավարարել»։

Սրբազանը հայտնեց, որ ամիսներ առաջ իրենք ահազանգ են ստացել սբ. Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովվի եւ գործադիր տնօրենի կողմից, որ այնտեղ եկեղեցու եւ բակի պատշաճությանը անհարիր որոշ շինարարարական աշխատանքներ են իրականացվում։ Առաջնորդարանից այցելել են եկեղեցի, խոսել շինարարական աշխատանքներ կատարող խմբի հետ, հրավիրված ճարտարապետների հետ միասին որոշում է կայացվել բողոքել այդ անպատշաճությունների դեմ («ակադեմիայի շենքի ներքնահարկում ռեստորան էին զետեղել, օդանցքներ էին անհրաժեշտ, եւ այդ օդանցքների խողովակները դուրս էին բերել բակի կողմից, ինչը հարվածում էր եկեղեցու տեսքին»)։ Մինչ այս բողոքը բարձրացնելը, նոր քաղաքապետն իր նախաձեռնությամբ վերացրել է այդ խողովակները։ Սակայն ինչ-որ բետոնային աշխատանքներ դեռ կան, մնում են։

Մեր այն հարցին, թե անհրաժեշտ չէ՞ վերանորոգել եկեղեցին, սրբազանը պատասխանեց, որ վերանորոգման մի քանի տարբերակներ առաջարկվել է Հուշարձանների պահպանության վարչությանը։ Սակայն դրանցից որեւէ մեկը դեռեւս ընթացք չի ստացել։ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ասաց, որ իրենք ճարտարապետներ չեն եւ եթե մասնագետներն ասում են, որ «այս քարը չպիտի տեղաշարժվի, ուրեմն այն չպիտի տեղաշարժվի», քանի որ «վարչությունն էլ իր իրավասություններն ունի», իսկ առաջնորդարանը ուրիշ ելք չունի, օրինազանց լինել չի կարող։ Թվում էր, թե սրբազանն այսպիսով վետո դրեց այս հարցի վրա, սակայն շուտով գտնվեց մի ելք՝ ոչ լուծման, այլ դրա հույսի։

Հուշարձանների պահպանության վարչությունում էլ վերջերս իշխանափոխություն է կատարվել, հին պետին փոխարինել է նորը՝ Գագիկ Գյուրջյանը։ Հոգեւոր հովիվներն այն հույսերն են փայփայում, որ նա կարող է եւ դեմ լինել նախորդ որոշումներին եւ առաջադրել սեփականը։ Որոշվեց գրավոր դիմել պրն Գյուրջյանին՝ սուրբ Կաթողիկեն փակուղուց ուղղակի եւ փոխաբերական իմաստներով հանելու համար։ Իսկ վերանորոգման ծախսերը հոգացող բարերար արդեն կա։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031