Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՄԱՐՅԱ ԿԵՆԳՈՒՐՈՒ

Հոկտեմբեր 07,1998 00:00
Vano Siradexyan

Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստը սկսվեց մի միջադեպով, որն, ըստ էության, նախանշանն էր հետագա ամբողջ լարված ընթացքի։ Բավական է ասել, որ Ազգային ժողովի փոխնախագահ Յուրի Բախշյանի հայտարարությամբ պատգամավորների գրանցվելուց հետո, Դավիթ Շահնազարյանը նրան մեղադրեց կանոնակարգը խախտելու եւ խուլիգանություն անելու մեջ, ինչից հետո անմիջապես նույն որակումն ստացավ ԱԺ փոխնախագահի կողմից։ Նրանք, հավանաբար, կբախվեին, եթե մի խումբ պատգամավորներ չկանգնեին նրանց արանքում՝ չեզոքացնելով հնարավոր տհաճ շարունակությունը։ Նման մի առիթ էլ ունեցան պատգամավորները, սակայն խորհրդարանական օրվա ավարտին, երբ քիչ էր մնացել վեճը ԱԺ մյուս փոխնախագահ Ալբերտ Բազեյանի եւ «Հայրենիք» խմբի անդամ Պետրոս Մաքեյանի միջեւ վերածվեր բախման վերջինիս եւ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանի միջեւ։

Օրվա առաջին կեսին ամբիոնի մոտ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանն էր, որը պատասխանեց բոլոր 37 պատգամավորների հարցերին։ Այնուհետեւ հարց ծագեց նիստի եւ հետագա ընթացքի վերաբերյալ: ՀՀՇ նախագահն ասաց, որ նրանք, ովքեր ուզում են նիստը հետաձգել, պետք է մի ավելի լուրջ փաստարկ բերեն, քան վարչապետի ներկա լինելն է։ «Սանդոյանը լավ էլ հարցերը պրոֆեսիոնալ ջրում է՝ էս քանի ժամ է։ Վարչապետը կգա խավիար ուտելու պես մի անհեթեթ բան կասի, ու ես կջղայնանամ։ Պառլամենտը կողմ կքվեարկի նախագծին՝ ձեզ համար եմ ասում»։

Հիմնական ելույթներից կարելի է առանձնացնել մի քանիսը։ Բավական է ասել, որ ելույթի համար գրանցվել էր 55-ից ավելի պատգամավոր, ընդ որում, Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանը դա հասցրեց վերջին պահին՝ վազելով մտնելով նիստերի դահլիճ։ Դավիթ Շահնազարյանն, օրինակ, առաջարկեց հասարակական այս մեծ հնչեղության հարցի հիմնատեքստում քննարկել նաեւ կառավարության անվստահության հարցը։ Կամ «Երկրապահն» ասում է, որ սա իր կառավարությունն է, կամ՝ որպես խորհրդարանական մեծամասնություն ձեւավորվում է նոր կառավարություն, կամ էլ՝ «հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնողը ցրում է խորհրդարանը եւ ձեւավորում իր՝ դաշնակցության կառավարությունը»։ Արշակ Սադոյանն էլ քար նետեց ՀՅԴ ուղղությամբ, հարցնելով՝ վերջինս պետք է հստակ ասի՝ իր ներկայացուցիչները կառավարությունում «ինչպե՞ս են քվեարկել այս հանցավոր գործարքի իրականացումից առաջ»։

Նա մեղադրեց նաեւ կառավարությանը, ասելով, թե նա խաբում է ժողովրդին։ Պրն Սադոյանը հարկ համարեց մի հետաքրքիր պատմություն հրապարակել. «Եվրոպացիները ավստրալիացիներին, կենգուրու տեսնելով, ասում էին՝ ի՞նչ կենդանի է սա։ Ավստրալիացիներն ասում էին՝ մենք ձեզ չենք հասկանում, բայց քանի որ ցույց էին տալիս այդ կենդանուն, նրա անունը մնաց կենգուրու՝ մենք ձեզ չենք հասկանում։ Ես չեմ ուզում դիմել արհեստավարժներին՝ նրանց անվանելով կենգուրու։ Բայց, իսկապես, մենք նրանց չենք հասկանում»։ «Հանրապետական» կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը միակն էր քաղաքական ելույթ ունեցողներից, որը նշեց, թե սա ռեւանշի արտահայտություն է, եւ այս տարի քաղաքական պարտություն կրած ուժերը շիկացնում են մթնոլորտը։ Նա ասաց նաեւ, որ կառավարությանը խավիար ուտելու մեջ մեղադրողներն այսօր կոնյակ խմողներ են դարձել։

Սակայն օրվա ամենահետաքրքիր ելույթը Վանո Սիրադեղյանինն էր, որը մեջբերում ենք գրեթե ամբողջությամբ։

– Կոնյակի մասին խոսելով բան չենք ապացուցելու, որովհետեւ մի քանի ամիս առաջ, երբ այստեղ շատ անմեղ նշվեց գինու կոմբինատի անունը, պաշտոնական եւ ոչ պաշտոնական թերթերի հրապարակումների այնպիսի մի հեղեղ եղավ, որոնք եզրակացնում էին, թե մի բան էլ Հայաստանի Հանրապետությունն է պարտք այդ մարդկանց, որ նրանք եկել ու վերցրել են Իսրայելյանի կառուցած այդ պատմական հուշարձանը։ Բայց քննարկել հարցը պետք է, այնուամենայնիվ։ Այսօրվա խորհրդարանն ինձ հիշեցնում է 1990 թվականը, մեր առաջին պառլամենտը՝ իր քննարկումների ոգով։ Դա ինձ ոգեւորում է, եւ ես ուզում եմ, որ այս պառլամենտն ընդհանրապես մի քանի ամիս լինի։ Բայց տպավորություն ունեմ, որ Քոչարյանի աշխատակազմը քննարկումներին զուգահեռ նաեւ սաստկացում է հրահրում, որ կառավարության հրաժարականի հասցնի։

Ընդհանրապես դժվար է հասկանալ, թե ինչու 2 ամիս առաջ հնարավոր չէր հրավիրել կոնյակի հարցով այս նիստը, դժվար է հասկանալ աշխատակազմի ղեկավարի անտեղի ու խիստ ագրեսիվ հարձակումը պառլամենտի անդամների վրա, որն այս քանի օրվա ընթացքում թերթը տպեց պառլամենտի համար խիստ վիրավորական արտահայտություններով։ Ի՞նչ իմիջ է ուզում սարքել գործադիր իշխանությունը պառլամենտի համար։ Համոզված եմ, որ այս քննարկումներով հրահրվածը հակաշուկայական է, հակասեփականատիրական, հակակապիտալիստական։ Սա՝ դրսի լիբերալների համար։ Ուզում են ստեղծել կրիմինալ հովանավորողի իմիջ. դատախազությունից եւս մի կիսատ-պռատ գործ կբերեն, որը պառլամենտը կմերժի ու կասեն՝ հովանավորում է այս պառլամենտը։ Վերջապես կասեն ռազմատենչ խորհրդարան է, որը պետք կգա մի քանի ամիս հետո (դրան ես կանդրադառնամ)։

Բայց ինչի՞ համար է այս իմիջը՝ ցրելու եւ, այնուամենայնիվ, ընտրություններ անցկացնելու համար, ենթադրենք՝ դեկտեմբեր ամսին։ Ձմռանը, բնականաբար, գործադիր իշխանությունն ավելի հեշտ կանցկացնի ընտրությունները, քան ամռանը։ Ի՞նչ պատճառներ ունի Քոչարյանը պառլամենտը ցրելու։ Մեկ՝ արտաքին պատճառը, որը շատ ավելի լուրջ եմ համարում. երբ որ ԵԱՀԿ-ն Ղարաբաղի հարցը նորից խիստ խնդրո առարկա կդարձնի՝ ինքը կցրի պառլամենտը, ասելով, որ այս պառլամենտով չի կարող խաղաղության գործընթացի գնալ։ Երկու-երեք ամիս ժամանակ կուզի, պաուզա է պետք եւ տեսնենք՝ հետո ինչ կլինի՝ երկու-երեք ամիս ընտրություն, պառլամենտի ձեւավորում եւ այլն։ Ներքին պատճառը. Քոչարյանը պառլամենտում հենարան չունի եւ տեսնում է, որ եթե իր ժամանակին պառլամենտն ընտրվի, էլի այդ հենարանը չի լինելու, որովհետեւ ինքը քաղաքական կուսակցություն Հայաստանում չի կարող սարքել՝ բացարձակապես քաղաքական հենարան չունի։

«Երկրապահը» սրտաշարժորեն իրեն համարում է Քոչարյանի քաղաքական հենարանը, ինչից քաղաքավարի Քոչարյանն անընդհատ հրաժարվում է եւ ինչ-որ չափով հենարան է համարում դաշնակցությանը, բայց դաշնակցությունը, բացի այն, որ պառլամենտում ներկայացված չէ, նաեւ վերջին նախագահական ընտրություններում խիստ վարկաբեկվեց ժողովրդի աչքում։ Դժվար է ասել, որ պառլամենտից դուրս դաշնակցությունը քաղաքական լուրջ ուժ է հիմա։ Թե ինչ տոկոսային հարաբերությամբ կլինի պառլամենտը, ուզում եմ դուք էլ պատկերացնեք, եւ մի քիչ շատ չոգեւորվեք այն նախագծով, որ կուսակցություններն են առաջարկում (խոսքը հավանաբար ընտրական օրենսգրքի մասին է – Ա.Զ), որովհետեւ այդ նախագիծն առաջին հերթին ձեռնտու է Քոչարյանին։ Այդ նախագծով նա կանցկացնի ազատ կոչվող ընտրություններ, որից հետո այդ պառլամենտում «Երկրապահը» կստանա 5-6% ձայն, վստահ եղեք դրանում, ՀՀՇ-ն կարող է ստանալ, կարող է չստանալ 5%, ես կարծում եմ, որ կստանանք, ԱԺՄ-ն կստանա 5%, կոմունիստները կստանան 5-ից ավելի, Դեմիրճյանը կստանա 5,5-ից ավելի, դաշնակցությունը՝ թերեւս։ Այդպես 5-6-7 կուսակցություն՝ 5%։

Մնացածը կանցնեն մարդիկ, որոնք փող ունեն եւ լծակներ ունեն իշխանության մեջ։ Իսկ թե ի՞նչ լծակներ կան, չեմ կարծում, թե դրանք թվարկելու անհրաժեշտություն կա, բայց թվարկեմ։ Գործադիր իշխանությունն ի՞նչ լծակներ ունի՝ ներքին գործերի նախարարություն, պետական անվտանգության կոմիտե, դատախազություն, հարկային տեսչություն, մաքսային վարչություն, էներգետիկա, մարզպետների մեծ մասը, որոնք, «Երկրապահ»-ում եղած մարդկանցից մեկն այսպես ձեւակերպեց՝ աշխատելու են 50-50՝ քրդի պես, կեսը՝ ձեզ, կեսը՝ նրանց, կամ՝ 30-30-30։ Բնական է, հիմնականում աշխատելու են մարզպետները, ում ձեռքին ուժ կա, պարզ է, ՆԳՆ-ի հետ, դատախազության հետ, պրեզիդենտի ապարատի հետ։ Եվ այդ ընտրություններից հետո, որը, համոզված եմ, վստահ եմ, ասածիս պես է լինելու, նախագահի աշխատակազմի ղեկավարի ասած՝ «սուպերնախարար», Վազգեն Սարգսյանից միայն կամուֆլիաժը կմնա, քանի որ նա կզրկվի նաեւ պառլամենտում ունեցած հենարանից, ինչը արդեն նկատվում է։ Գուցե սա լավ է։

Գուցե ավելի լավ է, որ այն բուֆերը, որը կա նախագահի շենքի ու ժողովրդի միջեւ, դուրս գա արանքից, որպեսզի եւ՛ քաղաքական ուժերը, եւ՛ ժողովուրդը իմանան, թե ինչ են մտածելու դրանից հետո։ Բայց պետք է ընտրել, իսկ մյուս պառլամենտը, որը կլինի բաժանված-մասնատված, ավելի հեշտ կղեկավարվի գործադիր իշխանության կողմից։ Այդ պառլամենտից ավելի սարսափելի բան մեր ժողովրդի ապագայի համար չեմ պատկերացնում։ Այն գուցե կլինի մի քիչ ավելի կոմունիստական, ավելի ճիշտ՝ սոցիալիստական, որովհետեւ դաշնակները մի քիչ ավելի շատ կլինեն, Ստեփանակերտի պրեզիդենտի առկայությամբ։ Որքան էլ տարօրինակ է, այսօր Հայաստանում քաղաքական պառլամենտարիզմի, դեմոկրատիայի արժեքները պահպանելու առումով միակ քաղաքական ուժը «Երկրապահն» է, որը պառլամենտում ներկայություն ունի, բայց ինքը դա չի գիտակցում։ Ես չեմ ուզում երկրապահներին թասիբի գցել, ամեն մարդ իր կարողության, իր քաղաքական հասունության չափով է հարցերը լուծում, բայց ապագան ես այդպես եմ տեսնում։

Իսկ ինչո՞ւ եմ ես այսօրվա հարցի նախագծին ամենավերջում անդրադառնում, որովհետեւ դա, իրոք, երկրորդական հարց է, նույնիսկ երրորդական։ Հայաստանի ապագա իշխանության հարց է լուծվում՝ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում։ Ես կողմ եմ քվեարկելու։ Ես չեմ համարում, որ անցյալ տարի պրիվատիզացիան ավելի լավ էր կազմակերպված, քան այս տարի, բայց այսպես քվեարկելով մենք սեփականության վերաբաշխման հնարավորություն ենք թողնում եկող իշխանությանը, այսինքն՝ վտանգում ենք երկրի ազգային անվտանգությունը։ Մեր իշխանությունից հետո երկրի սեփականության վերաբաշխման սողացող ընթացք կա։ Ես դա դատապարտելով հասկանում եմ, որ այդպես պետք է լիներ։ Բայց լինելու է ավելի վատ, եթե այդպես շարունակվի սեփականաշնորհումը։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031