Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԻՆՔՐՈՆ ԼՈՂԻՑ ԴԵՊԻ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՆՔՐՈՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

Հոկտեմբեր 07,1998 00:00
Sergey Badalyan

Կոմկուսի առաջնորդները հրաշալի ձեւ են գտել իրենց հանրահավաքների մասին մարդկանց իրազեկելու՝ առանց հայտարարությունների վրա փող կամ բարձրախոս-մեքենաներով փողոցներում շրջելու վրա բենզին ծախսելու։ Ուղղակի հանրահավաքի նախորդ օրն ասուլիսի են հրավիրում, որտեղ ասելիքի թարմության մասին, ճիշտ է, խոսելն ամոթ կլիներ, սակայն գովազդային առումով այս ձեռնարկներն իրենց լիովին արդարացնում են։

«Առավոտին» երեկվա ասուլիսի մասին տեղյակ չէին պահել։ Դե, դեռ նախորդ հանրահավաքում էինք Սերգեյ Բադալյանի ելույթից զգացել, թե դժգոհ է, որ իրենց հանկարծակի ակտիվությունը ռուս կոմունիստների հաջողություններով ոգեւորվածությամբ ենք պայմանավորում։ Բայց ինչպես այլ բան պնդես, երբ անգամ այսօրվա հանրահավաքի առնչությամբ ՀԿԿ կենտկոմի տարածած հայտարարության մեջ է նախ նշվում՝ «մեծ Ռուսաստանի ժողովուրդները հեղափոխական կամք եւ վճռականություն դրսեւորելով…», հետո՝ «վտանգի տակ է հայ-ռուսական դարավոր եղբայրությունը…», եւ էլի՝ «Հայաստանի իշխանությունները լկտիաբար մերժում են ժողովրդի միահամուռ արտահայտված կամքը՝ Հայաստանը Ռուսաստան-Բելառուս միությանն անդամակցելու վերաբերյալ» ու վերջապես նոր ասվում է. «Զինվորագրվենք ժողովուրդների մեծ պայքարին»։

Ինչեւէ, մեր «կենցաղային հակակոմունիզմը» (Բադալյանի սիրած որակումն է) մի կողմ թողած, որոշեցինք այնուամենայնիվ պարզել, թե գուցե սխա՞լ ենք, եւ երեկվա ասուլիսում գուցե դարակազմիկ եւ աշխարհացունց հայտարարություննե՞ր են արվել։ Մեր գործընկերներից հայթայթեցինք ասուլիսի ձայնագրությունը եւ առաջին իսկ պահին Սերգեյ Բադալյանի ձայնը հաստատեց մեր ենթադրությունը. «Այսօրվա մեր հանդիպումը հիմնականում կապված է հոկտեմբերի 7-ին Երեւանում կայանալիք հանրահավաքի հետ։ Մենք ցանկացել ենք ձեր ուշադրությունը գրավել այդ հանրահավաքի նկատմամբ»։ Պրն Բադալյանի ձայնը հետո ազդարարեց, որ հանրահավաքը նախ որպես համերաշխության համաժամանակյա ցույց են անցկացնում «աշխատավոր Ռուսաստանի հետ»՝ ընդ որում շարքերի պահանջով։

«Տարօրինակ կլիներ, եթե այն պահին, երբ ողջ Ռուսաստանը ոտքի է ելել՝ մենք այստեղ նստեինք ու լռեինք»՝ «Միրի» հարցին ի պատասխան ասաց պրն Բադալյանը։ Չնայած նշել էր, թե «Долой Ельцина» կարգախոսն իրենք էլ չեն որդեգրելու, սակայն գնահատականները Ռուսաստանի նախագահի վերաբերյալ այնուամենայնիվ մեղմ չէին։ Ահա մեկ օրինակ. «Ելցինի նմանների պատճառով մեր բոլոր ժողովուրդները հայտնվեցին այս սոսկալի վիճակում»։ Հանրահավաքի մյուս թեման Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի մաս կազմելու ավանդական տենչն է։ Սերգեյ Բադալյանը սպառնաց, որ այս անգամ ձեւակերպումներն ավելի կոշտ են լինելու եւ «լկտիաբար մերժումին» հավելվեցին «ժողովրդի մի հսկա ընտրազանգվածի տեսակետի նկատմամբ արհամարհանք» եւ նման արտահայտություններ։ Կանխատեսվեց, որ հանրահավաքին մի քանի տասնյակ (մինչեւ հարյուր) հազար մարդ է մասնակցելու «եւ երեւի վերջին ժամանակների ամենաբազմամարդ հանրահավաքն է լինելու»։

«Եվ մենք չենք թաքցնում, որ օրեցօր ուժեղանալու է ժողովրդի ընդվզման ալիքը,- հետեւեց Սերգեյ Բադալյանի հաջորդ սպառնալիքը։- Եվ Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ու նրան հարող ժողովրդահայրենասիրական ուժերն աջակցելու են մեր ժողովրդի այդ քաղաքական հասունացմանը, այնպես, ինչպես դա կատարվում է Ռուսաստանում։ Մենք, իհարկե, սպասում ենք, որ Ռուսաստանում լուրջ իրադարձություններ են տեղի ունենալու, որ վերջիվերջո ելցինյան օկուպացիոն ռեժիմը վերջնականապես տապալվելու է»։ Ու հենց այստեղ էլ մեր թերթի մասին խոսեց. «Երբ որ էսօր «Առավոտ» թերթը կարծեմ ինչ-որ ընդեղ քննարկել է, որ ճիշտ չէ Բադալյանը, որ ասում է Ռուսաստանում հեղափոխության մասին՝ ես պնդում եմ, որ հեղափոխություն է տեղի ունենում։ Եթե պետական համակարգի փոփոխություն է տեղի ունենում, ուրեմն դա հեղափոխություն է, պարտադիր չէ, որ դա զինված ապստամբություն լինի»։

Այսպիսով, մեր թերթի նկատմամբ Հայկոմկուսի առաջնորդի վերաբերմունքը եւս մի հիմնավորում ստացավ։ Միայն անհասկանալի է, թե ողջ ասուլիսի ընթացքում պրն Բադալյանն ինչո՞ւ էր այնուամենայնիվ ջղային ու բարձր տոնով խոսում այլ լրագրողների հետ։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Հույս ունենք, որ կոմունիստ ընկերները համապատասխան միջոցներ կձեռնարկեն, որ «Առավոտի» թղթակցին իրենց այս «սինքրոն» հանրահավաքի տարածք նույնպես չթողնեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031