Լրահոս
Օրվա լրահոսը

«…Միեւնույն է, պիտի երգեմ, եթե նույնիսկ ոչ ոք չլսի»

Հոկտեմբեր 06,1998 00:00
Tatevik Hovhannisyan

Շաբաթ օրը «Արմենիա-2»-ում պատահաբար տեսա ջազային հայտնի երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանին։ Առիթը բաց չթողեցի եւ խնդրեցի համերգից առաջ փոքրիկ հարցազրույց տալ։ Ու թեեւ նա շտապում էր եւ շատ զբաղված էր, այնուամենայնիվ, համաձայնեց։ Առաջին հարցս, բնականաբար, վերաբերում էր նրա գործունեությանը։

– Ի՞նչ ես անում, ինչո՞վ ես զբաղված։

– Արդեն 10 տարի բնակվում են Միացյալ Նահանգներում, Նյու Յորքում, եւ անում եմ այն, ինչ միշտ արել եմ՝ երգում եմ, աշխատում, ջազ երաժիշտներին ջազ վոկալ եմ դասավանդում։ Վերջին աշխատանքներիս շարքում կարող եմ նշել 2 կոմպակտ ձայնասկավառակները, որոնցից մեկը ձայնագրված է ջազ ստանդարտներով, որը կոչվում է «Ballads from the Blacksea»։ Իսկ մյուսը, որն իր մեջ ընդգրկում է իմ նոր ծրագիրը՝ կազմված հայկական ժողովրդական երգերից՝ մշակված ջազային ոճով եւ, որի մեջ ինձ հետ մասնակցում է «Արմեն Դոնելյան» եռյակը։ Արմեն Դոնելյանն իմ դաշնակահարն է, արդեն մոտ 6 տարի համագործակցում ենք եւ այս ծրագիրը միասին ենք պատրաստել։

Ա. Դոնելյանը Նյու Յորքի ամերիկահայ հայտնի երաժիշտներից է։ Նրանց հետ շրջագայել եմ տարբեր քաղաքներ եւ նահանգներ, տարբեր երկրներ եւ այսօր բախտ է վիճակվել վերջապես 2 տարվա քրտնաջան աշխատանքներից հետո գալ Հայաստան։ Վերջապես իմ հայրենակիցների համար կարող եմ ելույթ ունենալ։ Բոլոր նրանց, ովքեր ինձ դեռ հիշում են եւ ցանկանում են լսել իմ ջազային ծրագիրը այդ երաժիշտների հետ եւ հատկապես իմ այս նոր ծրագիրը, հրավիրում եմ իմ համերգին։ Կուզենայի ավելացնել, որ իմ երկրորդ լազերային ձայնասկավառակի պրեմիերան պետք է լինի, քանի որ այն արտադրվում է Ֆրանսիայում, եւ Փարիզից անմիջապես արտադրված՝ տաք-տաք վիճակում պետք է բերվի Երեւան։ Համերգասրահում հենց հնարավոր կլինի այն ձեռք բերել։ Եվս մի կարեւոր փաստ, որ ինձ համար ասելը, ներկայացնելը պատիվ է. երկրորդ ձայնասկավառակի, որը կոչվում է «Listen to my heart», պրոդյուսերը Ջորջ Ավագյանն է՝ շատ հայտնի, լեգենդար մի անձնավորություն։ Նույն Ջորջ Ավագյանը եղել է Մայլս Դեյվիսի, Դեյվ Բրուբեքի եւ Քեյթ Ջառեթի պրոդյուսերը։

– Ինչպե՞ս ես դրսում դիմանում մեծ մրցակցությանը։

– Մրցակցությունը մեծ է, բայց ես մրցակցության մեջ կյանքում երբեք չեմ էլ գտնվել։ Ես երբեք չեմ փորձել մրցել ու երեւի հենց դա էլ ինձ փրկում է։ Մրցող չեմ եղել եւ ամեն ինչ արել եմ իմ հոգու հանգստության համար։ Եթե նույնիսկ ոչ ոք ինձ չլսի, միեւնույն է, ես պիտի երգեմ։ Սա է իմ կյանքի նպատակը եղել։ Անշուշտ, շատ դժվար է, եւ ավելի դժվար է եղել, քան հիմա է, բայց պետք է աշխատես։ Եթե քո նպատակը դա է, եթե դու առանց երաժշտության չես կարող, ուրեմն դա է ճանապարհդ, փշոտ լինի, թե չլինի՝ պետք է գնաս։ Պիտի քայլես առաջ։

– Քո կարծիքով ի՞նչ փոփոխություններ են կրել ստեղծագործություններդ։

– Ամեն ինչն է փոխվել։ Ժողովուրդը, որ գա լսի, ինքն էլ դրանում կհամոզվի։ Այն, ինչ-որ կատարվում էր 10 տարի առաջ, երբ ես շատ ավելի երիտասարդ էի… Եթե անեի այն, ինչ 10 տարի առաջ էի անում, այդ դեպքում ավելի լավ կլիներ, որ երաժշտության մասին ես այլեւս չմտածեի։ Կարծում եմ, ամեն ինչ պետք է փոխվի, աճի, առաջ գնա, որպեսզի դու քեզ երաժիշտ համարես։ Երգել-ձայնագրվել եմ այնպիսի երաժիշտների հետ, որոնց մասին առաջ միայն երազել կարող էի։ Այդ ամենը քեզ հնարավորություն են տալիս ավելի զարգանալու, ինքդ քեզ վրա աշխատելու եւ աճելու։ Նոր ծրագիրը ծնված է ինձնից, ոչ ոք նման բան չի արել։ Կոմիտասի, Սայաթ-Նովայի, ժողովրդական երգերը, որոնք տարիներ շարունակ իմ մորից, իմ արմատներից լսել եմ՝ իմ մեջ բուն էին դրել։ Քանի որ ինքս ջազ երգչուհի եմ եղել, իմ ոճը երբեք չեմ փոխել եւ ինձ համար մեծ նպատակ էր ջազ երաժշտությունը տեղաշարժել, փոխել, մտնել այն երաժշտության մեջ, որի մեջ եւ որով ես աճել եմ տարիներ՝ միեւնույն ժամանակ պահպանելով հոգին։ Սա է, որ իմ կարծիքով հաջողվել է ինձ։ Ստեղծագործությունների գործիքավորումները արել ենք ես եւ Արմեն Դոնելյանը։

Հարցազրույցը՝ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031