Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԻՎԱԿՈՎԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՅՑԸ

Հոկտեմբեր 06,1998 00:00
Armen Smbatyan

Սպիվակովի եւ նրա վիրտուոզների ազդագիրը հայտնվելուց հետո, քաղաքում սկսեցին խոսել այն մասին, թե մշակույթի (սպորտի եւ երիտասարդության) նախկին նախարար Արմեն Սմբատյանը Սպիվակովին հրավիրել էր դեռեւս նախարար ժամանակ, եւ այցելության ժամանակը եկել է։ Սմբատյանն այլեւս նախարար չէ ու, հետեւաբար, հրավերը կազմակերպելու ու ֆինանսավորելու խնդիրներ ունի նախկին նախարարը եւ դիմել է հովանավորների, որոնք Հայաստանում, ինչպես հայտնի է, միշտ միեւնույն մարդիկ են։

Այս հարցով դիմեցինք կոնսերվատորիայի ռեկտոր Արմեն Սմբատյանին, եւ նա չհերքեց ասվածի բովանդակությունը, բայց փոխեց պատմության երանգը։ Այսինքն, որ իր՝ նախարար եղած ժամանակ էլ պետությունը չէր կարող ֆինանսավորել, որ Սպիվակովին ինքը խնդրել է գալ ամեն տարի, եւ որեւէ խառնաշփոթ չի առաջացել ակնկալվող այցի կապակցությամբ։ Հովանավորների անունները, որոնց պարտական ենք լինելու Սպիվակովի համերգների համար, պրն Սմբատյանը չնշեց՝ բացատրելով, թե դրանք առայժմ ճշտված չեն, եւ շարունակում է հովանավորներ փնտրելու գործը։ Առանց նշելու, թերեւս, հասկանալի է, ովքեր կարող են այսօր Երեւանում լինել ֆինանսական հովանավորներ, բայց, եթե իսկապես դեռ ճշտված չեն նրանց անունները, ապա կարելի է անհանգստանալ, քանի որ Սպիվակովի այցին մնացել է մի քանի օր։ Համերգի մի հատվածը լինելու է Գյումրիում եւ նվիրված է լինելու երկրաշարժի 10-րդ տարեդարձին։

Արմեն Սմբատյանի հայտնած տեղեկության համաձայն՝ Սպիվակովի հոնորարը 25 հազար դոլար է, նվագախմբինը՝ 45000, Հայաստանում նվագախումբը նվագում է կես գնով, իսկ Սպիվակովը առհասարակ հոնորար չի պահանջում։ Գյումրիում նրանք հավանաբար կնվագեն առանց հոնորարի։ Ֆիլհարմոնիայի տոմսարկղերում այսօր հայտնում են, թե տոմսեր չեն լինելու։ Բայց Սմբատյանը համերգների մուտքը նախատեսում է հրավիրատոմսերով, տոմսերով։ Սակայն խոստանում է, որ դահլիճում հրավիրատոմսերով լինելու են նրանք, ովքեր իրականում սիրում են Սպիվակովի եւ նրա նվագախմբի կատարումները, հասկանում ու գնահատում են, այն։ Երեւանում անտրամաբանական երեւույթները գերակշռող են եւ մտավախություն կա, թե հրավիրատոմսով, ասել է թե՝ անվճար մտնելու են նրանք, ովքեր հեշտությամբ կարող են մտնել 50 դոլարանոց տոմսերով։ Այսպիսի օրինակ մենք ունենք՝ բուհերի վճարովի բաժիններում սովորում են նրանք, ովքեր դժվարությամբ են վճարում այդ գումարը, իսկ անվճար բաժիններում ուսանում են ունեւորների ժառանգները։

Համերգի կազմակերպիչ՝ կոնսերվատորիայի ռեկտոր Արմեն Սմբատյանը խոստանում է ազնիվ վերաբերմունք իրական երկրպագուների եւ երաժշտագետների հանդեպ։ Վլադիմիր Սպիվակովը Հայաստան պիտի գա Ղազախստանից, որտեղ հրավիրված է համերգների։ Դժվարություն կա նաեւ Ալմա-Աթա-Երեւան ուղերթի հետ կապված, եւ Սպիվակովը իր վիրտուոզների հետ, հավանաբար, ստիպված կլինի վերադառնալ Մոսկվա եւ ապա ժամանել Երեւան։ Ֆիլհարմոնիկում, համերգից բացի, մենահամերգ է նախատեսվում նաեւ կամերային երաժշտության տանը։ Այս դահլիճն ունի 700 տեղ եւ այստեղ եւս լինելու են տոմսեր ու հրավիրատոմսեր։ Կոնսերվատորիայի ռեկտորը նախատեսում է նաեւ Ռոստրոպովիչի եւ Վան Կլիբերնի այցը Երեւան, սակայն մտավախություն ունի, թե Բաքու կատարած այցելությունից եւ այնտեղ փոխադարձ ջերմ ընդունելությունից հետո Երեւանի լրագրողները կարող են չապահովել պահանջվող զսպվածություն։ Ըստ իս, լրագրողները առանձնապես ցավագին չեն ընդունել Ռոստրոպովիչի եւ Ալիեւի բարեկամական համբույրները, սակայն մտավորականության ներկայացուցիչները սկսել են վերհիշել, որ տարիներ առաջ Թուրքիայի հրավերին Ռոստրոպովիչը պատասխանել էր կտրուկ մերժումով…

Ինչեւէ, սա չի խանգարի պրն Սմբատյանի լավ մտահղացումները իրականություն դարձնելուն։ Վերադառնալով Սպիվակովի համերգներին, խոստովանենք, որ շատերը կմնան առանց հրավիրատոմսերի՝ տոմսի արժեքը նրանց համար սկսվելու է 1000 դրամից, լինելու են 5000, 10000, 15000 եւ 25000 դրամ արժողությամբ տոմսեր։ Նրանք, ովքեր չեն ունենա ո՛չ տոմս ո՛չ էլ հրավիրատոմս, կունենան մուտքի հնարավորություն եւ համերգին կարող են հետեւել կանգնած։

ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031