Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ՝ ԱՄԵՆ ՓԱՅԼՈՒՆ ԲԱՆ ՈՍԿԻ Է՞…

Հոկտեմբեր 06,1998 00:00
adamand

Ադամանդագործության համաշխարհային պրակտիկայում պայմանագրեր կնքելն ընդունված չէ. ադամանդագործների համագործակցության միակ իրեն արդարացնող եւ երաշխավորված ձեւը խոսքն է։ Հայ ոսկերիչների միության երկրորդ համագումարը, որին ներկա էին աշխարհի ամենահայտնի հայ ադամանդագործներն ու ոսկերիչները, իր աշխատանքը սկսեց շաբաթ օրը՝ վարչապետ Դարբինյանին երկար ու անհույս սպասելուց հետո։ Համագումարին շուք ու խորհրդավորություն էին հաղորդում հատկապես ԼՂՀ պատվիրակները՝ ԼՂՀ վարչապետի, Պարգեւ սրբազանի եւ Զորի Բալայանի գլխավորությամբ։ Ներկաները ուշադրությամբ լսեցին ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախարար Գառնիկ Նանագուլյանի այն միտքը, թե միայն 1998-ին արտասահմանյան ներդրումների չափը գերազանցել է 1991-98 թթ. ներդրումներին։ Հավատացողներ էլ եղան։

ԼՂՀ վարչապետ Ժիրայր Պողոսյանը համագումարի մասնակիցներին հրավիրեց Արցախ՝ ներդրումներ անելու՝ խոստանալով հավուր պատշաճի ընդունելություն։ Թեեւ սփյուռքահայ ոսկերիչները (ինչպես պարզվեց ընդմիջումներին իմ հարցազրույցներից) այդքան էլ մտադիր չեն Հայաստանում եւ ԼՂՀ-ում բիզնես սկսել։

«Շահին պիտի նայինք»

Զրուցակիցս միլանցի հայ Գրիգոր Ստամբոլցյանն է։

-Մենք՝ ես եւ եղբայրս համոզված ենք, որ այս համագումարն իր արդյունքները պետք է տա։ Ամեն հայ գործ մը պետք է բանա այս քաղաքին մեջ։ Մեկ պայմանի մեջ՝ որ ըլլա երկու կողմին շահաբեր՝ թե ընողին, թե հոս աշխատողին։

-Կոնկրետ դուք Հայաստանում որեւէ գործ ձեռնարկելու ծրագիր ունե՞ք։

-Սերտողության մեջ ենք։ Այս մեր պտույտը սերտողության մաս կկազմե։ Կմաղթենք, որ ապագային շիտակ անձ մը գտնենք ու սկսենք։

-Ըստ ձեզ՝ բիզնեսն ու հայրենասիրությունը եզրեր ունե՞ն։

-Հայրենասիրությունը շատ աղվոր բան է, բայց ես կկարծեմ, որ հայրենասիրությունը մեկ կողմ պիտի դրվի. գործը ուրիշ բան է, հայրենասիրությունը՝ ուրիշ։

-Արցախում եղե՞լ եք, գուցե թե այնտե՞ղ կարելի է գործ սկսել։

-Ո՜չ, առայժմ սերտում ենք Հայաստանը…

Մի կենտրոնը քիչ է, երկուսը՝ շատ

Համագումարը ներկայացուցչական առումով պատկառելի էր, կազմակերպված էր բարձր մակարդակով։ Սակայն տարաձայնություններ ու հակասություններ, այդուհանդերձ, եղան։ Բանն այն է, որ Երեւանի ոսկերչական գործարանին հատկացվել էր 3 հեկտար տարածք՝ կառուցելու ուսումնական կենտրոն՝ իր հյուրանոցով, լողավազանով, մարզահրապարակով եւ այլ հարմարություններով։ Ողջ համալիրի կառուցումն ավարտելու համար, ըստ գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանի, պահանջվում է 3 մլն դոլար։ Արդեն կան 250 հազար դոլարի ներդրումներ։ Համագումարի ընթացքում պարզվեց, որ Հայ ոսկերիչների միությունն էլ ունի ծրագիր՝ կառուցելու սեփական դպրոցը, հյուրանոցը, բանկը։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համագումարի մասնակիցներին իր ուղերձում խոստացել էր այդ նպատակով հատկացնել Շահումյան հրապարակին հարող տարածքը։ Այս կենտրոնի կառուցման համար արդեն 60 հազար դոլարի հանգանակություն է արվել։ Կարծիք եղավ ներդրումներն ուղղել Երեւանի ոսկերչական գործարանի կենտրոնի շինարարությանը (սրան Էմիլ Գրիգորյանը, բնականաբար, դեմ չէր)։ Սակայն եղան առարկություններ եւ, ի վերջո, համագումարի ավարտից հետո էլ հարցը մնաց առկախ՝ քանի՞ կենտրոն պիտի լինի Երեւանում։Ըստ պրն Գրիգորյանի, քաղաքի կենտրոնը թանկ տարածք է եւ պետք է այն շա՜տ նպատակային օգտագործվի։ Որոշ, բայց փոքր տարաձայնությունների պատճառ դարձավ նաեւ Հայ ոսկերիչների միության կանոնադրության հաստատումը, որն անցավ միայն մեկ դեմ-ով։

Գլխավոր «մեղավոր» պրն Աբրահամյանը

Հայ ոսկերիչների միության համանախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանի հեղինակությամբ իրենց գործը թողել եւ համագումարին մասնակցելու էին եկել սփյուռքահայ ամենահայտնի ոսկերիչներն ու ադամանդագործները։ Չէիր ասի, սակայն, թե դրսեւորվեց հայերի համախմբվածության փայլուն օրինակ։ Համագումարի ավարտին չդիմացան եւ միմյանց բարձրաձայն տհաճ խոսքեր ուղղեցին Հայ ոսկերիչների միության համանախագահ Հայկ Ասլանյանը եւ համագումարի պատվավոր նախագահ Ջանի Օսկանյանը (ՀՀ ԱԳ նախարարի հորեղբայրը)։

-Պրն Աբրահամյան, չե՞ք կարծում, որ փոքր-ինչ դժվար կլինի համագործակցել տեղացի եւ սփյուռքահայ ոսկերիչներին՝ հաշվի առնելով տարբեր մենթալիտետները։

-Ոչ, եթե ասեիք՝ հաշվի առնելով տարիքային տարբերությունը, ճիշտ կլիներ (նշեմ, որ թե՛ պրն Ասլանյանը, թե՛ պրն Օսկանյանը շատ երիտասարդ չեն -Լ.Ա.)։

-Հակասության տեղիք տվեց ուսումնական կենտրոնի խնդիրը։

-Ես այսպես եմ մտածում. Շահումյան հրապարակի տարածքը եթե կտան մեզ, կստեղծենք ե՛ւ ուսումնական կենտրոն, ե՛ւ բիզնես-կենտրոն։

-Բայց չէ՞ որ կառուցվում է նման ուսումնական կենտրոն Նորքի զանգվածում։

-Չգիտեմ։ Այդ մասին չեմ կարող ասել։ Եթե չեմ տեսել, չգիտեմ։ Ամեն ասածի չէ, որ կարելի է 100 տոկոսով հավատալ։ Եթե գնամ, տեսնեմ, թերեւս կարծիք կունենամ։ Առայժմ ոչինչ ասել չեմ կարող։ Թեեւ թե՛ Էմիլ Գրիգորյանը, թե՛ Գագիկ Աբրահամյանը եռանդով փորձում էին ինձ համոզել, որ իրենց միջեւ հակասություններ չկան, որ իրենցից յուրաքանչյուրը պատրաստ է մյուսին մեկնել իր աջ ձեռքը, սակայն ներքին անհանդուրժողականությունն ակնհայտ էր։

-Պրն Աբրահամյան, Դուք թողել եք «Շողակնի» տնօրենի պաշտոնը։ Ասում են՝ հակասություններ ունեք կոլեկտիվի հետ։

-Ես իմ կոլեկտիվի հետ հակասություններ առհասարակ չեմ ունեցել։ Այն մարդիկ, որոնց վատ աշխատանքի պատճառով ազատել եմ աշխատանքից, գուցե դժգոհ են։ Ողջ կոլեկտիվը հիմա ուզում է ինձ հետ աշխատել։ Կառավարության որոշմամբ ստեղծվել է «Diamond Company of Armenia» ձեռնարկությունը, եւ ինձ առաջարկվեց այնտեղ աշխատել, ես համաձայնեցի։ Ձեռնարկությունը զբաղվելու է բարդ քարերի մշակմամբ, մասնագետների պատրաստմամբ։

-Պրն Աբրահամյան, ճի՞շտ է, որ Դուք այս նոր ձեռնարկություն եք բերել «Շողակնից» հաստոցներ, գումարներ։

-Կառավարությունն է ինձ առաջարկել ձեռնարկության տնօրենի պաշտոնը։ Իրենից հարցրեք։ Ըստ պրն Աբրահամյանի՝ Հայաստանը ոսկերչությամբ աշխարհում զբաղեցնում է 0 տեղը, ադամանդագործությամբ՝ աշխարհի շուկայում՝ 9-րդ տեղը (1993 թ. ադամանդագործներն էլ էին զբաղեցնում «պատվավոր» 0 տեղը)։ Հայաստանում այսօր վաճառվում են 5 մլն դոլարի ոսկյա զարդեր, սակայն եկող տարի այդ թիվը կհասնի 40 միլիոնի։ Հայը Ավարտվեց Հայ ոսկերիչների երկրորդ համագումարը, որի արդյունքների մասին այսքանից ավելի ոչինչ չիմացանք։ Բայց համագումարի մասնակիցները արդյունքների համար շատ անհանգիստ չէին, քանի որ Հայաստանից հեռանալու էին Նորին գերազանցություն Ռոբերտ Քոչարյանի հետ ճաշի հաճելի հուշերով։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031