Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենիան» բողոքում է

Հոկտեմբեր 06,1998 00:00

«Արմենիա» հյուրանոցի կոլեկտիվը դիմել է ԱԺ պատգամավորներին եւ լրատվամիջոցներին հետեւյալ բաց նամակով. Ձեզ է դիմում «Արմենիա» հյուրանոցային համալիրի աշխատակազմը՝ օգնություն ստանալու ակնկալիքով։ 700 հոգուց կազմված կոլեկտիվի թիկունքում, տնտեսական բարեփոխումների քողի տակ, իրականացվում է հյուրանոցի առքուվաճառքի ապօրինի գործարք։ Մենք գտնում ենք, որ մայրաքաղաքի ամենաշահութաբեր ձեռնարկություններից մեկի վաճառքը 5 մլն դոլարով, այն դեպքում, երբ մեկ մասնաշենքի վերանորոգումն արժեցավ երեք անգամ ավելի, ժողովրդի, մասնավորապես հյուրանոցի կոլեկտիվի շահերի կոպիտ ոտնահարում է, եւ իշխանություններից պահանջում ենք հաշվի առնել մեր կարծիքը։

Ամերիկյան գաղութարարները չնչին գնով ձեռք են գցում մայրաքաղաքի ամենաշահութաբեր հյուրանոցը, խոստանալով կատարել 22 մլն դոլարի ներդրումներ, ինչը սակայն կհարստացնի ոչ թե հանրապետության բյուջեն, այլ հենց իրենց։ Բացի դրանից, «Մերիոտի» պարոնայք այնպես կբարձրացնեն հյուրանոցային համարների գները, որ զբոսաշրջիկների թիվն ավելանալու փոխարեն կարող է անհամեմատ նվազել։ Ներկայումս հյուրանոցը, աշխատակազմի երկարամյա ջանքերով ձեռք բերված միջազգային ճանաչման շնորհիվ, գերծանրաբեռնված է։ Այն ընդունակ է մի քանի տարվա ընթացքում պետբյուջե ներմուծել իր վաճառքի համար նախատեսված գումարը։

Գիտակցելով մեր անկախ պետության կախվածությունը միջազգային կազմակերպություններից համապարփակ սեփականաշնորհման հարցում, կոլեկտիվն, այնուամենայնիվ, չի կարողանում հասկանալ, թե ինչու ինքը չի կարող դառնալ իր ձեռնարկության տերը, ինչո՞ւ են իրեն արհամարհանքով դուրս շպրտել սեփականաշնորհման գործընթացից։ Հյուրանոցի ճակատագիրը տնօրինողներից մեկն էլ պրն Նանագուլյանն է, որը երբեւէ առնչություն չի ունեցել, ոչ մի ջանք չի թափել եւ ոչ մի լումա չի ներդրել մեր ձեռնարկության ստեղծման, բարգավաճման գործում եւ, հետեւաբար, չի կարող զգալ մեր ցավը եւ ասուլիսների ժամանակ հանգիստ խղճով պնդում է գործարքի շահավետության մասին, չկարողանալով ոչ միայն ապացուցել, այլ գոնե բացատրել, թե այդ շահույթն ինչումն է կայանում։

Մենք համոզված ենք, որ «Արմենիայի» վաճառքն ԱՄՆ-ին, այդ զավեշտական գնով, ոչ թե շահ է, այլ ժողովրդի հերթական թալան։ Բացի դրանից, Հանրապետության հրապարակի ճարտարապետական կոթողներն իբրեւ պատմաճարտարապետական հուշարձաններ ազգային հարստություն են եւ պետք է գտնվեն օրենքի պաշտպանության ներքո, հետեւաբար՝ վաճառքի ենթակա չեն։ Քանի՞ դոլարով կարելի է վաճառել մեծն Թամանյանի հանճարը կամ հայ զարդագործ քարտաշների արյուն-քրտինքը։ Երեսուն արծաթը բավակա՞ն է։ Հուսով ենք, որ խորամուխ կլինեք այս խնդրի մեջ եւ կիսելով մեր մտահոգությունն ու տագնապը, օգնության ձեռք կմեկնեք հյուրանոցի 700-հոգանոց կոլեկտիվին։

Մենք պահանջում ենք, որ սեփականաշնորհման տարբերակը որոշվի հյուրանոցի փաստացի տիրոջ՝ նրա կոլեկտիվի համաձայնությամբ։ Պահանջում ենք հրապարակայնություն, մեր իրավունքների պաշտպանություն, այս հարցի քննարկում Ազգային ժողովում։ Մենք չենք կամենում դառնալ ԱՄՆ-ի գաղութային հավելվածք, առավել եւս այն դեպքում, երբ փաստ է, որ կարող ենք ինքնուրույն եւ շահաբեր գործել։ Հարգարժան պատգամավորներ, խնդրում ենք մեր հետեւյալ ուղերձը փոխանցել հանրապետության նախագահին։

Մեծարգո պրն Քոչարյան

Ընտրությունների ժամանակ հյուրանոցի կոլեկտիվի ընդհանուր ժողովը միաձայն որոշում ընդունեց պաշտպանել Ձեր թեկնածությունը, հետեւաբար, Դուք պատասխանատու եք մեր ճակատագրի համար։ Մենք հուսով ենք, որ Դուք անպատասխան չեք թողնի 700 հոգու օգնության աղերսը։

«Արմենիա» հյուրանոցային համալիրի կոլեկտիվ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031