Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ – ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇԱՐՔԻՑ

Հոկտեմբեր 06,1998 00:00
qahana

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարան «Առավոտ»-ի թղթակիցը գնացել էր, ինչպես նախօրոք հայտնվել էր, մամուլի ասուլիսի։ Երեկ հոկտեմբեր ամսվա առաջին երկուշաբթին էր, այսինքն թեմի հովիվների ամենամսյա ժողովների հերթական օրը։ Օրեր առաջ թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հայտնել էր, որ լրագրողները կարող են ներկա լինել այդ ժողովներին ու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ։

Ինքս էլ չհասկացա. հատո՞ւկ հրավեր էր եղել, թե՞ պարզապես օգտվել էինք այդ հնարավորությունից, այնուամենայնիվ, ժողովում միակ լրագրողը «Առավոտ»-ից էր։ Քննարկվում էին տարբեր բնույթի հարցեր։ Գարեգին արքեպիսկոպոսը կոչ արեց Երեւանի 2780-ամյակի տոնակատարության գլխավոր օրը համագործակցել թաղապետարանների հետ։ Նա հայտնեց, որ թեմի հովանավորությամբ գործող Հայորդյաց տներն արդեն իսկ մասնակցում են տոնին։ Հայտնի դարձավ նաեւ, որ հոկտեմբերի 18-ին արտասահմանից Հայաստան են գալու բարերարներ, որոնք ֆինանսական աջակցություն են ցույց տալիս Արարատյան թեմին։ Այդ առթիվ նախատեսվում են որոշակի միջոցառումներ, ինչպես Սեւանի դպրանոցի կացարանների հիմքի օրհնության արարողությունը, Արաբկիրի Հայորդյաց տանը բարեգործական ճաշարանի բացումը եւ Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հիմնարկեքի արարողությունը։

Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել սրբազանը հայտնեց, որ իրենց թեմում էլ շինարարություններ են կատարվում, հիմնարկեքներ են լինում, սակայն դրանք չեն լուսաբանվում։ Այդ առթիվ առաջարկվեց կազմակերպել լրագրողների խմբի այցելություն Կոտայքի մարզ։ Գարեգին սրբազանը տեղեկացրեց, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել Վեհափառի հետ։ Երեքշաբթի, այսինքն այսօր, բժիշկները Վեհափառի առողջական վիճակի մասին վերջնական կարծիք կհայտնեն եւ պարզ կդառնան նաեւ կաթողիկոսի առողջության բարելավման ուղղությամբ կատարվելիք հետագա քայլերը։ Այստեղ Վեհափառի գալստյանն են սպասում Մալաթիայի, Նորքի եկեղեցիների բացման արարողությունները կատարելու համար։

Այս կիրակի ավարտվում է նորաօծ քահանաների 40-օրյա շրջանը, որից հետո նրանք իրենց առաջին պատարագը պիտի մատուցեն։ Այս առթիվ եղան հանձնարարականներ՝ թե որ քահանան որ եկեղեցում պիտի իր առաջին պատարագը կատարի։ Խոսվեց նաեւ մի սարկավագի մասին, որն առանց առաջնորդարանում նախօրոք տեղյակ պահելու՝ մեկնել էր Երուսաղեմ, այնուհետեւ այնտեղից տարկետում խնդրելու դիմում ուղարկել։ Եկեղեցին անհարիր էր գտել սարկավագի նման պահվածքը գործող կանոններին, եւ նրա ազատման հրամանն էր տրվել։ Եկեղեցիների քահանաները ներկայացնում էին իրենց հուզող հարցերը։ Դրանք նույնպես տարաբնույթ էին, սակայն բոլորովին էլ անսպասելի չէր, որ եկեղեցիները կարող են էլեկտրաէներգիայի եւ սանհանգույցի պրոբլեմներ ունենալ։ Այս առթիվ էլ տրվեցին հանձնարարականներ, նաեւ խորհուրդներ՝ համայնքներում փնտրել եւ գտնել բարերարների, որոնք կստանձնեն այս կամ այն աշխատանքի ֆինանսավորումը, եւ ամեն ինչ չի մնա առաջնորդարանի ուսերին։

Երբ «Առավոտ»-ի թղթակիցը պատրաստվում էր թողնել ժողովատեղին, պարզվեց, որ սուրբ հայրերն էլ հարցեր ունեն՝ ուղղված թերթերին ընդհանրապես, «Առավոտ»-ին մասնավորապես։ Թե ինչ հարցեր ուներ «Առավոտ»-ը եւ ինքն իր հերթին ինչ հարցերի պատասխանեց, կիմանաք մեր թերթի առաջիկա համարներից։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031